Գեղավեր (լատին․՝ Cirsium)[1] , տատասկ, փշփշուկ, բորիկոնիմ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200, Հայաստանում՝ 17 տեսակ՝ թարթիչավոր գեղավեր (C.ciliatum), ալեհեր գեղավերը (C. incanum), անատոլիական գեղավերը (C. anatolicum), սովորական գեղավերը (C. vulgare) և այլն։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։
Աճում է ամենուր, վնասում լեռնատափաստանային և բարձրադիր գոտիների հացաբույսերը, բազմամյա խոտաբույսերը, աղբոտում ցելերը։ Ցողունը կանգուն է, բարձր՝ 40- 200 սմ։
Տերևները երկարավուն-նշտարաձև են, եզրերը՝ բլթակաձև կլորված կամ ամբողջական, փշոտ։ Զամբյուղները խմբված են ողկուզանման կամ գլխիկահուրանանման ծաղկաբույլերում։ Ծաղիկները խողովակավոր են, կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակավուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Սերմերը մերկ են, հարթ՝ կողքերից սեղմված։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ինսուլին, ալկալոիդներ, վիտամին C և այլն։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է քաղցկեղի, վերգետնյա մասի եփուկը՝ ստամոքսացավի, գլխացավի, նևրոզի, նյութափոխանակության խանգարման ժամանակ, նաև որպես հակաբորբոքային, լեղամուղ, քրտնաբեր, ցավագըրկող միջոց։ Թարմ ծաղիկներն օգտագործում են բերանի տհաճ հոտի դեպքում, սերմերից ստացվող յուղը՝ օճառի արտադրության մեջ։ Որոշ տեսակներ օժտված են միջատասպան հատկությամբ։ Մեղրատու է։
-
Կարմիր գեղավեր
-
Շուն գեղավեր
-
Տատասկափուշ ծաղիկ
-
Բացված գեղավեր
-
Գեղավեր եփելու համար
-
Գեղավեր
- ↑ Напісанне Бадзяк у адпаведнасці з БЭ ў 18 тамах., Т.2. Мн., 1996, С.213
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 712)։
|