Թանկա
Թանկա կամ թանքա, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր՝ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։
Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով, հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։
Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում. ժանրը ծաղկում է ապրել 10-13-րդ դարերում՝ կապված ճապոնական պոեզիայի արքունական գերատեսչության գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական պաշտոնական հատընտիրներ կազմելու հետ։
Նոր աշխուժություն է սկսվում 19-20-րդ դարերում, երբ թանկաները լցվում են սոցիալական մոտիվներով (Իսիքավա Թաքուբոքու)։
Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը՝ վերջին երկու տողերում։ Թանկայի հնգատողը և հոքուի եռատողը ճապոնական պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են («Դենտոսի»)։ Երրորդ ուղղությունը («Գենդայսի») ժամանակակից ոտանավորն է։ Թանկա գրող պոետը կոչվում է կեձին, հոքու գրողը՝ խայձին, իսկ ժամանակակից գրողը՝ սիձին։ Ճապոնական թանկաները հայտնի են աշխարհին որպես պոետական արտակարգ նրբագեղության և հակիրճ, լակոնիկ ձևի բանաստեղծություններ[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 84.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանկա» հոդվածին։ |
|