[go: up one dir, main page]

Jump to content

Էլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելամի հնությունները

Էլամ, Ելամ, Եղիմաիս, Շուշաստան, հին ստրկատիրական պետություն Պարսից ծոցից հյուսիս, Կերքա և Կարուն գետերի ավազանում։ Մայրաքաղաքն էր Շոշը (Շուշ, Շուշան)՝ Կերքա գետի ափին։

Պատմական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչում «քաջ նետաձիգներ» ելամացիները հիշատակվում են իբրև Սեմի սերունդներ։ Սակայն նրանց ցեղախմբի կամ լեզվախմբի հարցը պատմագիտության մեջ դեռևս անորոշ է։ Ելամի արևելյան կողմում բնակվող ցեղերը, որոնց մուգ մաշկի համար հին հույն հեղինակներն անվանել են եթովպացիներ, հավանորեն ցեղակից են Հնդկաստանի դրավիդներին։ Վաղ դասակարգային հարաբերությունների ձևավորմանը զուգընթաց Ելամում առաջացել են մանր պետական միավորումներ կամ քաղաք-պետություններ, որոնք հիշատակվում են մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի կեսի շումերական վավերագրերում։ Մ․թ․ա․ 24-23-րդ դարերում Էլամը ենթարկվել է Աքքադի գերիշխանությանը, զգալի չափով կրել նրա քաղաքակրթության ազդեցությունը։ Մ․թ․ա․ 22-րդ դարում Էլամն անկախացել և հզորացել Է։

Էլամի թագավորները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլամի Պուզուր-Ինշուշինակ թագավորը, որի գահանիստն էր Ավան քաղաքը, իրեն անվանում էր հզոր արքա, որին Ինշուշինակ աստվածը պարգևել է համաշխարհային տիրապետություն։ Մ․թ․ա․ 21-րդ դարում Էլամն ընդունել է Շումերա-աքքադական պետության գերիշխանությունը։ Էլամի որոշ քաղաքներում իշխել են շումեր կուսակալներ։ Ուր քաղաքի Շուլգի թագավորի օրոք Շոշում կառուցվել է քաղաքի հովանավոր աստծուն՝ Ինշուշինակին նվիրված տաճար։ Մ․թ․ա․ 21-րդ դարի վերջին Էլամը կրկին անկախացել է և Կուտիր-Նախունտ թագավորի գլխավորությամբ մասնակցել շումերա-աքքադական տիրակալության կործանմանը։ Հզորացած Էլամը մ․թ․ա․ 19-րդ դարում տիրել է նույնիսկ Հարավային Միջագետքին։ Կուտուրմապուկը և Վարադ-Սինը արձանագրություններում իրենց փառաբանում են որպես շումերների ու նրանց մշակույթի խնամակալներ։

Քարտեզ

Շումերի քաղաքներում նրանք կատարել են շինարարական աշխատանքներ։ Վարադ-Սինին հաջորդել է նրա եղբայրը՝ Ռիմ-Սինը, որը շուրջ 30 տարի Լարսայի համար պայքարել է Բաբելոնիայի Համմուրաբի թագավորի դեմ։ Համմուրաբին, ի վերջո, գրավել է ոչ միայն Լարսան, այլև Էլամի արքայանիստ Ցամուտբալը։ Էլամում ապաստանած Ռիմ-Սինը Համմուրաբիի մահից հետո փորձել է վերագրավել Լարսան, բայց հաջողություն չի ունեցել։ Մ․թ․ա․ 18-13-րդ դարերում Էլամը ենթարկվել է կասիտական ցեղերի տիրապետությանը։ Վերջինիս անկումից հետո Էլամը նոր վերելք է ապրել։ Իսկ Շուտրուկ-Նախունտ I թագավորը հիմնել է ուժեղ տերություն։ Թագավորությունն առավելապես հզորացել է նրա որդու՝ Շիլհակ-Ինշուշինակի օրոք, Էլամի սահմանները տարածվել են Պարսից ծոցից մինչև Նուգա, Եփրատից մինչև Կենտրոնական Իրան։ Նրա հաջորդի՝ Հուտելուտուշ-Ինշուշինակի ժամանակ Էլամը ենթարկվել է բաբելական Նաբուգոդոնոսոր Գ թագավորի հարձակումներին և անկում ապրել։ Այնուհետև Էլամի դեմ բազմիցս կռիվներ է մղել Ասորեստանը, և Էլամը հաճախ դաշնակցել է Բաբելոնիային։ Աշշուրբանիպալ թագավորին հաջողվել է մ․թ․ա․ 639 թվականին վճռական հաղթանակ տանել Էլամի դեմ, այն ենթարկել Ասորեստանի գերիշխանությանը։ Մ․թ․ա․ 6-րդ դարից թուլացած Էլամը հպատակվել է Մարաստանին, ապա Աքեմենյան Պարսկաստանին և մտել նրանց տերության մեջ՝ որպես առանձին սատրապություն։ Էլամի հնագույն պետական ավանդներին կռթնող Աքեմենյան առաջին գահակալները կրել են «Անչանի արքա» տիտղոսը և թողել են նաև էլամերեն արձանագրություններ։

Էլամերեն բնագրերում Հայաստանը կոչվում էր Հարմինայապ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 493