Դուբլին (անգլ.՝ Dublin, արտասանվում է Դաբլին ˈdʌblin, իռլանդերեն՝ Baile Átha Cliath), Իռլանդիայի մայրաքաղաք և խոշորագույն բնակավայր։ Գտնվում է Իռլանդիա կղզու արևելյան ափի գրեթե մեջտեղում, Լիֆի գետի բերանին և Դուբլինի մարզի կենտրոնում։ Հիմնադրվել է 9-րդ դարում վիկինգների կողմից, ապա դարձել վիկինգական փոքր Դուբլինի Թագավորության կենտրոնը։ Դարձել է կղզու գլխավոր քաղաքը 12-րդ դարում՝ նորմանների կողմից Իռլանդիայի նվաճումից հետո։ 17-րդ դարից սկսած քաղաքն արագ տեմպերով ընդլայնվել է՝ դառնալով Բրիտանական Կայսրության երկրորդ և Եվրոպայի հինգերորդ ամենամեծ քաղաքը։
Իռլանդական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 291 թվականին։ Անվանումն առաջացել է հին իռլանդերեն Dubhlinn ձևից, որը բառացի նշանակում է «սև ջրափոս»։ Քաղաքն այսօր իռլանդերեն կոչվում է նաև Բալյե Ահա Քլիահ (Baile Atha Cliath), որը բառացի նշանակում է «վայր՝ հյուսապատված անցահունի մոտ»[1]։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 458)։
|