Օսման (պոեմ)
Օսման | |
---|---|
Տեսակ | էպոս |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Իվան Գուդուլիչ[1] |
Բնագիր լեզու | խորվաթերեն[1] |
Գրվել է | 1621 |
Օսման (խորվ.՝ Osman), ուշ վերածննդի ժամանակշրջանի դուբրովնիկցի բանաստեղծ Իվան Գունդուլիչի էպիկական պոեմ։
Պոեմի հիմնական գաղափարը թուրքական տիրակալության դեմ պայքարի կոչն է[2]։ Նվիրված է արքայազն, հետագայում Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Վլադիսլավ IV-ին[3]։ Պոեմը, ընդհանուր առմամբ, հավանաբար ավարտին է հասցվել 1630-ական թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1826 թվականին[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունդուլիչի հետարքրությունը քրիստոնեության ու իսլամի հակամարտության պատմությամբ նկատմամբ դրսևորվել է 1620 թվականին, երբ Դավիթ արքայի «Ապաշխարության սաղմոսների» նախաբանում հեղինակը ցանկություն է արտահայտել թարգամնելու իտալացի բանաստեղծ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմը։ «Օսման» պոեմը գրելու առիթը եղել է Խոտինի ճակատամարտը 1621 թվականին, որի ժամանակ Ռեչ Պոսպոլիտայի զորքերը հարված են հասցրել Օսմանյան կայսրության ռազմական ուժերին, որոնք գլխավորում էր երիտասարդ սուլթան Օսման II-ը։ 1622 թվականին սուլթանը սպանվել է ապստամբ ենիչերիների ձեռքով։ Այդ ժամանակ Բալկաններում ուժեղացել է հարավսլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումը՝ ընդդեմ թուրքական տիրապետության։ Գունդուլիչի հետաքրքրությունը թուրքերի դեմ պայքարի հանդեպ սերտորեն կապված է այդ ժամանակներում Բալկաններում տարածում գտած այն տեսակետի հետ, ըստ որի մոտենում է թուրքական տիրակալության ավարտը։ Բալկանների սլավոնների պատկերացումներով Մուհամեդ մարգարեի մահից հազար տարի անց՝ այսինքն 1632 թվականին, Օսմանյան կայսրությունն անկում կապրեր։ Թուրքերի պարտությունը Խոտինի ճակատամարտում ընդունվել է որպես մուսուլմանական իշխանության տապալման նախակարապետ։ Գունդուլիչը հաշվարկել է, որ պեոմը պետք է գրվի թուրքական իշխանության տապալումից առաջ[4]։
Հարավային սլավոնների ազատագրության կազմակերպման գործում՝ ընդդեմ թուրքական իշխանության, Գունդուլիչը առաջնորդողի դերում տեսնում էր Լեհաստանը, որը մինչև 1648 թվականին Վեստֆալյան հաշտությունը կարևոր դեր է խաղացել Օսմանյան կայսրության դեմ պայքարում։ Գունդուլիչի համակրանքը Լեհաստանի նկատմամբ արդարացված է նաև այն հանգամանքով, որ այն կաթոլիկ դավանանք ունի[5]։ Ցավակցելով թուրքերի կողմից նվաճված Հունաստանին՝ պոետը գրել է. «Թուրքը վերցրեց քո ազատությունը, խլեց քո հարստությունը և ազատ ժողովրդին կապեց ստրկության անիծյալ շղթաներով»։ Նրա համար Դուբրովնիկը հարավսլավոնացիների հույսն է, որոնք ստրկացված են, փառազուրկ. «սլավոնական բոլոր իշխանությունները օտար օրենքների ստրուկն են դարձել»[2]։
Պոեմի հակաթուրքական բնույթը դժգոհություն է առաջացրել Դուբրովնիկի հանրապետության իշխանությունների շրջանում, որոնք զգուշանում էին թուրքական իշխանությունների հետ հարաբերությունների բարդացումից։ Պոեմն արգելվել է Սենատի որոշումով[3]։
Հրատարակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունդուլիչի մահից հետո պոեմի բնօրինակը պահպանվել է նրա որդու՝ Ֆրանի մոտ։ Սակայն բնօրինակը չի պահպանվել։ Պոեմի ամենահին կրկնօրինակը համարվում է Ֆրանի ընկերոջ՝ Նիկոլայ Օխմուչևիչի կողմից ընդօրինակված տարբերակը, որն արվել է 1654 թվականին։ Հետագայում ի հայտ են եկել տասնյակ այլ կրկնօրինակներ։ Համարվում է, որ պոեմի առաջին թարգմանությունը կատարել է Կոտորի բնակիչ Վենցեսլավ Սմեչը իտալերենով (չի պահպանվել)[6]։
Պոեմն առաջին անգամ հրատարակվել է 1826 թվականին Դուբրովնիկում[7]։ 1844 թվականին ստեղծագործության նոր հրատարակությունն են պատրաստել Իվան և Անտուն Մաժուրանիչները։ Նրանք պոեմը լրացրել են բառարանով, իսկ կրտսեր եղբայրը՝ Իվանը, ավելացրել է 14-րդ և 15-րդ գլուխների պակասող հատվածները։ Այս հրատարակության համար նախաբան է գրել Վեկոսլավ Բաբուկիչը։ Հետագայում հաջորդել են Արմին Պավիչի (1877, լույս են տեսել «Stari pisci hrvatski» մատենաշարով), Իվան Բրոզի (1887) և մի քանի այլ հրատարակություններ։ Պոեմի նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել Լեհաստանում 19-րդ դարում։ Պոեմը լեհերենով ամբողջությամբ հրատարակվել է 1934 թվականին Վարշավայում։ 1920-ական թվականներին այն թարգմանվել է ռուսերեն սլավոնագետ Ն. Գալկովսկու կողմից[3]։ Պոեմը ռուսերենով ամբողջությամբ հյրատարակվել է 1969 թվականին Մինսկում[7]։ «Օսմանին» նվիրված է լայնածավալ գրականություն աշխարհի տարբեր լեզուներով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 2,0 2,1 Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 12.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 11.
- ↑ Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 9, 10.
- ↑ Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 13, 14.
- ↑ Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 23.
- ↑ 7,0 7,1 Перевод Зайцева, В. К. Иван Гундулич. Осман. — Минск, 1969. — С. 24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոեմի տեքստը Վիքիդարանում (սերբ.)
- Պոեմի տեքստը Վիքիդարանում (խորվ.)
|