[go: up one dir, main page]

Jump to content

Տորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորֆ

Տորֆ (գերմ.՝ torf), այրվող օգտակար հանածո, ճահճային փտած բույսերից առաջացած ամուր զանգված, կիզահող (օգտագործվում է որպես վառելիք, պարարտանյութ և տեխնիկական զանազան նպատակների համար): Առաջացել է ճահճային բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։ Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։ Տարբերում են թույլ քայքայված, միջին քայքայվածության և խիստ քայքայված տորֆեր։

Ըստ առաջացման պայմանների և հատկությունների՝ տորֆերը բաժանվում են.

  • վերնատորֆի
  • ներքնատորֆի
  • միջանկյալ տիպի

Տորֆն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմիական կազմությամբ և քայքայման աստիճանով։

Տորֆի այրվող զանգվածի տարրային կազմն է.

ածխածին` 50-60%
ջրածին 5-6.5%
թթվածին` 30-40 %
ազոտ` 1-3%
ծծումբ` 0.1-1.5%

Տորֆը բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը և սեղմվելիության բարձր գործակիցը։ Ս.-ի տեքստուրան միատարր է, երբեմն շերտավոր, ստրուկտուրան՝ սովորաբար թելավոր կամ պլաստիկ։ Գույնը դեղին է, կամ տատանվում է գորշից մինչև սև։ Թույլ քայքայված Տորֆը չոր վիճակում ունի փոքր խտություն, ջերմահազորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն։

Բարձր դիսպերսայնության Տորֆը չորացնելիս առաջանում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը, 40% խոնավությամ դեպքում տատանվում է 2650-3120 կկալ/կգ սահմաններում։

Տորֆի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։

Տորֆաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեխաբուժության եղանակ։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգենային պահանջներին համապատասխանող Տորֆեր։ Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52 C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն, փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։ Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով։ Տորֆը երբեմն զուգակցում են էլեկտրաբուժության հետ։

Տորֆահանույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։ Տորֆի էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում, ֆրեզերայինը՝ հանքակուտակի փխրունացումը, 8-25 մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո։ Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային, իսկ երբեմն էլ` մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվոզ շերտը 25-40 սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8-25 մմ տրամաչափ ֆրակցիաների։ Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86-89%։ Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են։ Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորֆ» հոդվածին։