[go: up one dir, main page]

Jump to content

Ռեգբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռագբիից)
Ռեգբի
Տեսակֆուտբոլի տարատեսակներ
Ծագման երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թիմ փոքր30
Տարբերվում էռեգբի 15, rugby league?, 7 հոգինոց Ռիւկպի, ֆուտբոլ, rugby league nines?, Ֆուտբոլ և Rugby?
ՊորտալPortal:Rugby?
 Rugby football Վիքիպահեստում

Ռեգբի ֆուտբոլը հավաքական անվանում է ռեգբիի միության և ռեգբի լիգայի թիմային մարզաձևերի ընտանիքի համար։ Այդ անվանումը օգտագործվում է ֆուտբոլի ավելի հին տեսակները անվանելու համար, որոնցից սերում են ոչ միայն այս երկու մարզաձևերը, այլև ֆուտբոլը Ավստրալիական ֆուտբոլը և Հյուսիս-Ամերիկյան ֆուտբոլը։ Կանադական և Ամերիկյան ֆուտբոլները նույնպես համարվում են ռեգբի ֆուտբոլի տեսակ, սակայն այժմ հազվադեպ են այդպես անվանվում։

Ռեգբի ֆուտբոլը սկիզբ է առել 1845 թվականին Անգլիայի՝ Ուորկշիր դքսության՝ Ռեգբի քաղաքի՝ Ռեգբի դպրոցում։ Սակայն ֆուտբոլի տեսակները, որտեղ գնդակը տեղափոխել և նետել են, թվագրվում են միջին դարերով։ Երբ 1895 թվականին 21 թիմեր անջատվեցին Ռեգբի Ֆուտբոլի միությունից և ստեղծեցին Ռեգբի Ֆուտբոլի Հյուսիսային, որն ավելի ուշ՝ 1922 թվականին վերանվանվեց Ռեգբի Ֆուտբոլի լիգա, ռեգբի ֆուտբոլը բաժանվեց երկու մարզաձևի։ Ռեգբի լիգան սկսեց վարձատրել, այն խաղացողներին ովքեր արձակուրդ էին վերցնում իրենց աշխատավայրերից այս մարզաձևով զբաղվելու համար, դրանով իսկ դառնալով առաջինը, ով վճարում է իր խաղացողներին՝ դարձնելով պրոֆեսիոնալներ։ Ռեգբիի միությունը դարձավ պրոֆեսիոնալ միայն հարյուր տարի անց՝ 1995 թվականին,  Հարավային Աֆրիկայում ռեգբիի աշխարհի առաջնությունից հետո։ Ռեգբիի միության համար միջազգային կառավարման մարմին է հանդիսանում Ռեգբիի համաշխարհային միությունը, իսկ Ռեգբի լիգայի համար Ռեգբի լիգայի միջազգային ֆեդերացիան։

19-րդ դարում ռեգբի ֆուտբոլը եղել է ֆուտբոլի այն եզակի տեսակներից, որը խաղացել են Անգլիական դպրոցներում։ Ռեգբիի լիգան ի սկզբանե օգտագործել է Ռեգբիի միության կանոնները, սակայն, այժմ դրանք համարվում են երկու առանձին մարզաձևեր։ Արդի Ռեգբիի լիգան ավելի շատ նմանություններ ունի Հյուսիս-Ամերիկյան ֆուտբոլի հետ։ 20-րդ դարասկզբում ռեգբի ֆուտբոլից ձևավորվեցին նաև Ամերիկյան և Կանադական ֆուտբոլները։

1895 թվականին ռեգբի ֆուտբոլի բաժանումից հետո, ռեգբիի տեսակները (Ռեգբիի լիգան (Rugby league) և Ռեգբիի միությունը (Rugby union)) տարբերվում էին միայն կառավարմամբ։ Հետագայում,  Ռեգբիի լիգայի կանոններում կատարված փոփոխությունների արդյունքում, այն դարձավ պրոֆեսիոնալ մարզաձև։ Դրանից միայն 100 տարի անց Ռեգբիի միությունը նունպես դարձավ պրոֆեսիոնալ մարզաձև։

Օլիմպիական խաղերում ներառված ռեգբիի տեսակը հայտնի է «Ռեգբի-7» (Rugby sevens) անվանմամբ։ Խաղի այս տարբերակում յուրաքանրուր թիմ ունի 7 խաղացող,  իսկ խաղը ՝ 7 րոպեանոց խաղակեսեր։ Կանոնները և դաշտի չափերը նունն են ինչ Ռեգբիի միությունում։

Ռեգբիի անցյալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ռեգբի ֆուտբոլը պաշտոնապես սկիզբ է առել Ռեգբի դպրոցում, շատ երկրներ արդեն իսկ խաղում էին ռեգբի, անցկացնում ֆուտբոլային հանդիպումներ, որոնք չէին տարբերվում ռեգբիից։

Եվրոպայում և դրա սահմաններից դուրս խաղում էին Ռեգբիին նման այլ ֆուտբոլի տեսակներ։ Դրանցից շատերը ներառում էին բախումներ խաղացողների միջև և գնդակի կառավարման հմտություն։ Օրինակ՝  Նոր Զելանդիանում՝ «Կի-օ-ռահի» (Ki-o-rahi), Ավստրալիաում՝ «Մարն գռուք» (Marn Grook), Ճապոնիայում՝ «Կեմարի» (Kemari) և այլն։

Ժամանակակից ռեգբիի ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին Անգլիական ակումբները ստեղծեցին Ռեգբի ֆուտբոլի միությունը (RFU): 1892 թվականին որոշ ակումբների մեղադրեցին ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ, խաղացողներին չկատարված աշխատանքի դիմաց վճարելու համար, ինչի արդյունքում ստեղծվեց Ռեգբի Ֆուտբոլի Հյուսիսային միությունը (Northern Rugby Football Union):

Ի պատասխան Ռեգբիի միության կողմից կիրառվեցին պատժամիջոցներ այն ակումբների, խաղացողների և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ ովքեր մասնակցել էին նոր կազմակերպության ստեղծման աշխատանքներին։ Կազմակերպությունների բաժանման արդյունքում առանձին ակումբներ անվանվեցին «Ռեգբիի լիգա» և «Ռեգբիի միություն»։

Ռեգբիի համաշխարհային կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբիի միությունը (Rugby union) և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական խաղ է, որտեղ առաջատար երկրներն են ՝ Նոր Զելանդիան, Իռլանդիան, Ուելսը, Անգլիան, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունը, Ավստրալիան, Արգենտինան, Շոտլանդիան, Իտալիան և Ֆրանսիան։ Առաջատարներին հաջորդում էին Բելգիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Ֆիջին, Վրաստանը, Գերմանիան, Հոնգ Կոնգը, Ճապոնիան, Քենյան, Նամիբիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Սամոան, Տոնգան, ԱՄՆ-ն և Ուրուգվայը։ Ռեգբիի միությունը վերահսկվում է Ռեգբիի համաշխարհային միության (World Rugby) կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Իռլանդիայում՝ Դուբլինում։ Ռեգբիի միությունը համարվում է ռեգբիի ամենահայտնի տեսակը և հանդիսանում է ազգային մարզաձև Նոր Զելանդիայում, Ուելսում, Ֆիջիում, Սամոաում, Տոնգաում, Վրաստանում, Մադագասկարում։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոում կայացած Օլիմպիական խաղերում առաջին անգամ ներառվեց «Ռեգբի-7» (Rugby sevens) մարզաձևը։ Հավանականություն կար, որ «Ռեգբի-7»-ը կներառվի 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ցուցադրական մարզաձևերի կազմում, սակայն շատ մարզաձևեր այդ թվում ՝«Ռեգբի-7»-ը հանվեցին ծրագրից։

Կանադայում և ԱՄՆ-ում ռեգբին կատարելագործվեց մինչև Հյուսիս-Ամերիկյան ֆուտբոլը (Gridiron football): 1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին այս երկու մարզաձևերը շատ նման էին (մինչ 1924 թվականին Ամառային Օլիմպիական խաղերում ԱՄՆ նվաճեց ոսկե մեդալը Ռեգբիի միության համար), սակայն խաղի կանոններում կատարված մի շարք փոփոխությունները հանգեցրին տարբերությունների առաջացմանը։

Հյուսիս-ամերիկյան խաղի առանձնահատկություններից է խաղի բաժանումը «դաուն»-ների (Down): Յուրաքանչուր դաունով սկսվում է խաղը։ Հարձակվող թիմը ունի 4 դաուն (ցանկացած դաունը անվանելիս օգտագործում են անունը և կարգաթիվը, օրինակ՝ «առաջին դաուն») գոլ խփելու կամ սկզբնական կետից 10 յարդի առաջանալու համար։ Եթե թիմին հաջողվում է 10 յարդ առաջ շարժվել նրան պատկանող դաունների հաշվարկը սկսում է սկզբից, հակառակ դեպքում գնդակի վերահսկողության իրավունքը անցնում է հակառակորդին։ Առանձնահատկություններից են նաև պլաստիկե, կարծր պաշտպանական հարմարանքները, ավելի փոքր բայց ավելի սուր ծայրեր ունեցող գնդակը, համեմատաբար փոքր և նեղ դաշտ՝ վրան 5 յարդ միջակայքերի գծանշումներով (դաշտը չափվում է ամերիկյան միավորներով և ոչ մետրերով)։

Ռեգբիի լիգան (Rugby league) և՛ պրոֆեսիոնալ, և՛ սիրողական խաղ է, որը համաշխարհային մակարդակով կառավարվում է Ռեգբիի լիգայի միջազգային ֆեդերացիայի (IRL) կողմից։ Բացի սիրողական և կիսապրոֆեսիոնալ մրցաշարերից ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Լիբանանում, Սերբիայում, Եվրոպայում և Ավստրալազիայում անցկացվում են նաև պրոֆեսիոնալ 2 խոշոր մրցաշարեր՝  Ավստրալազիական ազգային ռեգբիի լիգան (NRL) և Սուպերլիգան (The Super League): Ռեգբիի միջազգային լիգայում իշխում են Ավստրալիան, Անգլիան և Նոր Զելանդիան։ Խաղաղ օվկիանոսի հարավում և Եվրոպայում գտվող այլ երկրներ մասնակցում են Խաղաղ օվկիանոսի առաջնությանը (the Pacific Cup) և Եվրոպայի առաջնությանը (European Cup) համապատասխանաբար։

Միջազգայինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբին մեծ տարածում ունի Ֆրանսիայում և ունի ամուր ավանդույթներ Իսպանիայի ու Ֆրանսիայի սահմանին գտնվող Բասկերի հողերում, Օքսիտանիայում,  կատալոնական տարածաշրջաններում։ Խաղը շատ հայտնի է նաև Հարավային Աֆրիկայում, որտեղ ներդրվել է 19-րդ դարում անգլախոս գաղութատերերի կողմից։ Բրիտանացի գաղութատերերը խաղը տարածել են նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ խաղը մեծ տարածում ունի։ Այն տարածվեց նաև Պոլինեսիայում հատկապես ամրացավ Ֆիջիում, Սամոայում և Տոնգայում։ Ռեգբիի միության վարկանիշը շարունակում է աճել Ամերիկայում և Ասիայի որոշ հատվածներում։

Աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջին անգամ անցկացվեց Ռեգբիի աշխարհի առաջնությունը (Rugby World Cup) և այժմ անցկացվում է 4 տարին մեկ անգամ։ Դա միջազգային մրցաշար է, որը կազմակերպում է Ռեգբիի համաշխարհային միությունը (World Rugby): Մրցույթին մասնակցում են 20 լավագույն թիմեր ամբողջ աշխարհից։ 2019 թվականին Ճապոնիայում անցկացված Ռեգբիի աշխարհի առաջնությունում հաղթել է Հարավային Աֆրիկան։

1954 թվականին Ֆրանսիայում անցկացվեց Ռեգբիի լիգայի աշխարհի առաջնությունը (Rugby League World Cup) . դա ռեգբիի տվյալ տեսակի առաջին աշխարհի առաջնությունն էր։ 2013 թվականից այն անցակացվում է 4 տարին մեկ անգամ։ Այս  միջազգային մրցաշարը, կազմակերպում է Ռեգբիի լիգայի միջազգային ֆեդերացիան (IRL): Մրցույթին մասնակցում են 14 լավագույն թիմեր ամբողջ աշխարհից։ 2017 թվականին Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Պապուա Նոր Գվինեայում անցկացված Ռեգբիի լիգայի աշխարհի առաջնությունում հաղթել է Ավստրալիան։

Խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբի խաղի նպատակն է գրավել հակառակորդի դարպասը կամ գնդակը վայր դնել հակառակորդի հաշվարկային դաշտում (դարպասային գծից այն կողմ)։ Ռեգբիի երկու ուղղությունների ընդհանուր տարբերակիչ հատկություններից է՝ օվալաձև գնդակը, որը առաջ գցելը չի թույլատրվում, ուստի առաջ ընթանալ կարելի է միայն գնդակը ձեռքում վազելով կամ ոտքով գնդակին հարվածելով։ Շեղվելով գործընկերոջ՝ Ռեգբիի միության ուղղությունից, Ռեգբիի լիգայի կանոններում կատարվեցին փոփոխություններ խաղը ավելի արագ և հետաքրքիր դարձնելու համար։ Թիմերում խաղացողների քանակի տարբերությունից զատ (Ռեգբիի լիգայում՝ 13, Ռեգբիի միությունում՝ 15) տարբեր է գնդակի համար կոնտակտային պայքարը և դրա հետևանքները։

  • Ռեգբիի միության խաղացողների պարագայում՝ գնդակի վերահսկողության համար կոնտակտային պայքարին (tackle) (ըստ իրավիճակի) հաջորդում է «ռաք» (Ruck) կամ «մոլ» (Maul) կազմավորումները։ Lիգայի խաղացողները չեն կարող վիճարկել գնդակի վերահսկողության իրավունքը կոնտակտային պայքարից հետո։ Խաղը շարունակվում է «Փլեյ-դը-բոլ»-ով  (play-the-ball):
  • Ռեգբիի լիգայում, եթե գնդակը վերահսկող թիմը մինչ 6 կոնտակտային պայքարներ չի կարողանում միավորներ ձեռք բերել, հանձնում է գնդակի վերահսկողությունը հակառակորդ թիմին։ Ռեգբիի միությունը չունի այսպիսի կանոն, ուստի թիմը կարող է պահել գնդակը անկախ կոնտակտային պայքարների քանակից, քանի դեռ գոլ չի խփել, (եթե իհարկե չի կորցրել գնդակի վերահսկողությունը կամ չի խախտել կանոնները)։

Ռեգբիի գնդակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբիի գնդակը, որը ի սկզբանե անվանվել է «քվանկո», օվալաձև գնդակ է, որի ձևի շնորհիվ գնդակը փոխանցելը ավելի դյուրին է։ Ռեգբի դպրոցի համար գնդակներ են պատրաստել Ռիչարդ Լինդոնը և Բեռնարդո Սոլանոն օգտագործելով ՝ խոզի միզապարկ և 4 կաշվե կտորներ։ Ռեգբիի գնդակի յուրահատուկ ձևը ենթադրաբար պայմանավորված էր խոզի միզապարկի ձևով, թևև հնում գնդակները ավելի սալորաձև էին քան օվալաձև։ Իսկ գնդակի չափսերը պայմանավորված էին խոզի միզապարկի չափսերով։

Ռեգբիի միությունում՝ գնդակի չափը և ձևը կարգավորում է Ռեգբիի համաշխարհային միությունը 2-րդ օրենքի շրջանակներում (Law E.R.B): Ռեգբիի միությունում օգտագործվող պաշտոնական գնդակը օվալաձև է՝ պատրաստաված չորս կտորներից՝ ունի 580-620 մմ շրջանային երկարություն (լայնությամբ), 280–300 մմ երկարություն և 740-770 մմ շրջանային երկարություն (ծայրից ծայր)։ Կարող է պատրաստված լինել կաշվից կամ համապատասխան սինթետիկ նյութերից, ինչպես նաև մշակված լինել հատուկ մեթոդներով բռնելու համար ավելի հարմարավետ և անջրանցիկ դարձնելու նպատակով։ Ռեգբիի գնդակի զանգվածը պետք է լինի 410-460 գրամ, իսկ գնդակի ներսում ճնշումը կարող է տատանվել 65.71–68.75 կիլոպասկալ միջակայքում։ Պահեստային գնդակների օգտագործումը թուլատրված է պայմանով, որ թիմերը չեն ձգտի հասնել առավելության գնդակի փոփոխության միջոցով։ Ավելի փոքր չափերի գնդակները կարող են օգտագործվել փոքր տարիքայն խմբերի խաղերի համար, իսկ ավելի մեծ գնդակների վաճառքը հիմնականում պայմանավորված է նորույթի գրավչությամբ։

Ռեգբիի մարզաշապիկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ռեգբիի մարզաշապիկները պատրաստում էին կաշվից, այժմ դրանք պատրաստում են բամբակի և պոլիեսթերի խառնուրդից։ Այս նյութի առավելություններից է այն, որ չի կլանում այնքան ջուր և ցեխ, որքան միայն բամբակը։ Ռեգբին ագրեսիվ բնույթ ունեցող խաղ է, այդ իսկ պատճառով խաղացողների հանդերձանքը շատ ավելի ամուր է և դիմացկուն քան ֆուտբոլի համար նախատեսված հագուստը։

Ռեգբիի տեսակների համար նախատեսված մարզաշապիկները մի փոքր տարբերվում են միմյանցից։ Շապիկները որոնք կրում են Ռեգբիի լիգայի խաղացողները վզի մոտ ունեն “V” -աձև կտրվածք։ Ռեգբիի միության մարզիկների շապիկները ունեն ավելի ավանդական ձևավորում, երբեմն լիովին սպիտակ են։ Խաղացողի համարը և ազգանունը գրված են խացաղողի մարզաշապիկի մեջքին, իսկ թիմի տարբերանշանը ՝ կրծքավանդակի ձախ կողմում։

Ամեն մրցաշրջանում ռեգբի խաղացողների մեկ քառորդը ստանում են վնասվածքներ։ Լինելով շատ կոնտակտային մարզաձև՝ Ռեգբիի միության կողմից հաստատված ուղեղի ցնցումների քանակը, ինչպես նաև աղետալի վնասվածքների քանակը ամենամեծն է ցանկացած այլ թիմային մարզաձևի համեմատ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ մարզումների ժամանակ ռեգբիի խաղացողները ավելի շատ ուղեղի ցնցումներ են ստանում քան ցանկացած այլ մարզաձևով զբաղվող մարզիկները։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգբի» հոդվածին։