Պալմիրա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալմիրա (այլ կիրառումներ)
Պալմիրա | |
Site of Palmyra* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Սիրիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1980 (4-րդ նստաշրջան) |
Համար | 23 |
Վտանգի տակ | 2012-2016 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պալմիրա (հուն․՝ Παλμύρα), արամերեն՝ Թադմոր՝ արմավենիների քաղաք), ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը։Արմավուտը(Պալմիրա,Թադմոր) հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.առաջ 1500թ. Գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև (Դամասկոսից 240 կմ և Եփրատից 140 կմ հյուսիս-արևելք)։
Որպես Սիրիական անապատը կտրող քարավանների հանգստի կետ՝ Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»։ Պալմիրայի թագավորության ամենահայտնի կառավարողը եղել է Զենոբիա թագուհին (լատին․՝ Zenobia Septimia)։
Ներկայումս Պալմիրայի տեղում սիրիական անապատ է և հսկայական կառույցների ավերակներ, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հին քաղաքի գլխավոր փողոցի երկայնքով ձգվում են սյունաշարեր և կամարներ։ Առավել նշանավոր կառույցներից են Բելի տաճարը (1-ին դար), Բաալշամինի տաճարը (2-րդ դար), ագորան (3-րդ դար) հասարակական կենտրոնով թատրոնը և քարավանների իջևանատունը։
2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը, շատ կառույցներ, հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայումս քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է։
Պալմիրայի պատվին են կոչվել ԱՄՆ մի քանի քաղաքներ։ Սանկտ Պետերբուրգը բանաստեղծորեն անվանել են հյուսիսային, իսկ Օդեսան՝ հարավային Պալմիրա[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան հիմքում ընկած է լատիներեն «պալմաս»՝ արմավենի բառը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թադմորի մասին ամենահին հիշատակումները մեզ են հասել հնագույն Մարի թագավորության շրջանից։ Արմավուտը(Պալմիրա,Թադմոր) հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.առաջ 1500թ. որպես արամեական հորդաների դեմ ընդլայնված պաշտպանության միջոց։ Նաբուգոդոնոսոր 2-րդ արքան Երուսաղեմի վրա հարձակվելիս ավերել է այն։ Շնորհիվ աշխարհագրական լավ դիրքի՝ այն կրկին վերաշինվել է և դարձել քարավանների իջևանատեղի։ Այստեղ է գտնվել Պալմիրայի թագավորության մայրաքաղաքը՝ սենատով, ժողովրդական հավաքներով[3]։
Հռոմեացիները պարթևների հետ պատերազմի ժամանակ (Ք. հ. 41 թվական) փորձել են գրավել Պալմիրան, բայց անօգուտ։ Տրայանոսի կառավարման շրջանում այն ամբողջությամբ ավերվել է հռոմեական զորքերի կողմից, սակայն Հադրիանոսը վերականգնել է այն՝ անվանելով Ադրիանապոլիս։ Կարակալլայի օրոք (մոտ 212 թվական) Պալմիրան հռչակվել է հռոմեական գաղութ և կառավարման հանձնվել սենատոր Սեպտիմիուս Օդենատին։ Հռոմի դեմ հերթական ապստամբության ժամանակ վերջինս սպանվել է ոմն Ռուֆինի կողմից։
Օդենատից հետո կառավարել է նրա որդի Գայրանը, որի մահից հետո՝ Օդենատի մյուս որդին՝ նույնպես Օդենատ անունով։ Նա պարսիկների դեմ պատերազմի ժամանակ անցել է հռոմեացիների կողմը և Հռոմի կայսր Վալերիանոսի կողմից ստացել կոնսուլի (consularis) կոչում։ Չբավարարվելով այս կոչումով՝ Օդենատը Վալերիանոսի գերեվարումից հետո իրեն հռչակել է արքայից արքա (260 թվական)։ Պարսիկների դեմ հաղթական պատերազմի ավարտից հետո Օդենատը սպանվել է իր զարմիկ Մեոնիի կողմից (267 թվական)։ Արքայի մահից հետո գահ է բարձրանում նրա կինը՝ Զենոբիան (լատին․՝ Zenobia Septimia), որը զգալիորեն ընդարձակում է տերության սահմանները՝ ցանկանալով նույնիսկ հնազանդեցնել Հռոմին։ Զենոբիայի օրոք Պալմիրան հասնում է իր փառքի գագաթնակետին։ Բայց դա կարճ է տևում։
Հռոմի կայսր Ավրելիանոսը, որոշելով կոտրել թագուհու հպարտությունը, 273 թվականին ստիպում է Պալմիրային ենթարկվել իրեն։ Ավրելիանոսը գերում է Զենոբիային. մայրաքաղաքը դատարկվում է և դառնում Հռոմեական կայսրության մաս։ Հետագայում Դիոկղետիանոսը, այնուհետև Հուստինիանոսը փորձել են վերականգնել ավերված քաղաքը, սակայն նախկին փառքը վերականգնել այդպես էլ չի հաջողվել։ Պալմիրան 744 թվականին ավերվում է արաբների կողմից՝ հետագայում դառնալով փոքրիկ բնակավայր։
Փլատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1678 թվականին անգլիացի Գալիֆաքսը հայտնաբերեց Պալմիրայի դժվար հասանելի փլատակները։ 1751-1753 թվականներին դրանք առաջին անգամ նկարագրվեցին և հետազոտվեցին Ռոբերտ Վուդի և Ջեյմս Դոկինսի կողմից։ Հնագիտական պեղումները սկսվեցին 19-րդ դարի վերջին և շարունակվում են մինչ օրս։ 2008 թվականին հնաբանները հայտարարեցին, որ հայտնաբերվել են Սիրիայում ամենախոշոր եկեղեցու հիմնաքարեր՝ 47×27 մ չափերով[4]։
Ավերակները ձգվում են հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք մոտ երեք կիլոմետր։ Ավերակները տարբեր ժամանակներից են մնացել։ Տարածքի արևելյան սահմանագծին գտնվել է արևի տաճարը, որը հսկայական պերիպտեր է 55 մ երկարությամբ և 29 մ լայնությամբ, 8×16 սյուներով։ Տաճարի հյուսիսարևմտյան մասի դիմաց գտնվել են մուտքի դարպասները, որոնք նման են Հռոմի՝ Կոստանդիանոսի հաղթակամարին։ Դարպասներից ամբողջ քաղաքի միջով 1135 մ երկարությամբ ձգվել է գլխավոր ճանապարհը՝ շրջապատված քառաշար սյուներով, որոնց արխիտրավին տեղադրված են եղել այլ սյուներ։ Չորս սյունաշարերը ճանապարհը բաժանել են երեք մասի. ամենալայն միջին մասը նախատեսված է եղել կառքերի և ձիավորների համար, երկու եզրային մասերը՝ հետիոտնների։ Ներքևի սյուների բարձրությունը կազմել է 17 մ։ Ընդամենը եղել է 1.500 սյուն, յուրաքանչյուր շարքում՝ 375[5]:
Պալմիրայում հողը ծածկված է եղել ավերված շինությունների քարերով, բեկորներով։ Արևի տաճարի մոտ երևում են այլ եկեղեցիների, պալատների, սյունաշարերի, ջրանցույցների մնացորդներ։ Մոտակա բլուրներից մեկի գագաթին կա ուշ արաբական շրջանի ամրոց։
Հուշարձանների ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականից սկսած՝ Սիրիայի տարածքում չդադարող ռազմական գործողությունների պատճառով Պալմիրայից էվակուացրել են հարյուրավոր հուշարձաններ, սակայն դրանցից ոչ բոլորն են տեղափոխելի։ 2015 թվականի մայիսի 20-ին Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը հաջողվեց գրեթե ողջ Պալմիրան վերցնել հսկողության տակ։ Վտանգը մեծ էր, որ ահաբեկիչները կարող են ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները, ինչպես դա արվել էր Իրաքի որոշ մասերում[6]։ Զավթումից մեկ ամիս անց նրանք անցան մշակութային արժեքների ոչնչացմանը. հուլիսի 27-ին վերացվեց Ալատ առյուծի արձանը, օգոստոսի 23-ին պայթեցվեց Բաալշամինի տաճարը[7][8][9][10]։ Ահաբեկիչները գլխատեցին Պալմիրայի պահապանին՝ 82-ամյա հնագետ Դոկտ. Խալեդ ալ-Ասաադին։ 2015 թվականի օգոստոսի 30-ին իսլամականները փորձեցին պայթեցնել Բելի տաճարը՝ ավերելով այն[11]։ Տիեզերքից կատարված լուսանկարները հաստատեցին այդ փաստը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտեց այդ բարբարոսական արարքը։ Սեպտեմբերի 4-ին ոչնչացվեցին առավել լավ պահպանված երեք դամբարանները, որոնք ստեղծվել էին հռոմեական շրջանում[12]։ Մասնագետները կարծում են, որ ահաբեկիչները ոչնչացնում են այն ամենը, ինչը վաճառել չեն կարող։ Դրա հետ մեկտեղ նրանք թույլ են տվել «սև» հնագետներին որոնել հնագիտական իրեր, որ վաճառեն սև շուկայում[13]։ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին ահաբեկիչները պայթեցրել են հին հռոմեական շրջանի հաղթակամարը, որը անտիկ Սիրիայի և Պալմիրայի խորհրդանիշն էր[14][15]։
2016 թվականի մարտի 27-ին սիրիական բանակի զորամասերին հաջողվեց ամբողջովին վերահսկել Պալմիրա քաղաքը, պատմական վայրերն ու շրջակա բարձունքները։
Համայնապատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Северная Пальмира // Большой Энциклопедический словарь. 2000.
- ↑ Ավետիսյան, Կամսար (1969). Աշխարհագրական անունների բացատրական բառարան. Երևան: Լույս. էջ 270.
- ↑ Сомов А. И. (1890–1907). «Пальмира, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ http://ap.google.com/article/ALeqM5jAzBSBOFJhi4iTgpaNylsy6RhH9QD94E2QE80(չաշխատող հղում)
- ↑ Игорь Всеволодович Можейко. Пальмира. Восставший оазис // 7 и 37 чудес света. От Эллады до Китая.. — М.: Вече, 2004. — 352 с. — ISBN 5-9533-0129-4
- ↑ «Исламское государство» захватило древний сирийский город Пальмира
- ↑ «Isis militants destroy 2,000-year-old statue of lion at Palmyra». The Guardian. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Экстремисты ИГ уничтожили древнюю статую при музее Пальмиры // Интерфакс, 02.07.2015
- ↑ «Palmyra's Baalshamin temple 'blown up by IS'». BBC. 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Боевики ИГИЛ взорвали в Пальмире храм Баалшамин, которому было 2000 лет // МК.ru. — 24.08.2015.
- ↑ Боевики ИГИЛ уничтожили храм Бэла // Первый канал. — 30.08.2015
- ↑ «Боевики ИГ уничтожают погребальные башни в Пальмире». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ ИГИЛ продает древние артефакты на черном рынке
- ↑ «В Пальмире уничтожена Триумфальная арка». Nat-geo.ru. Արխիվացված է օրիգինալից 2015-10-07-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Боевики ИГ уничтожили Триумфальную арку в Пальмире - BBC Русская служба» (ռուսերեն). BBC Русская служба. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմիրա» հոդվածին։ |
|