[go: up one dir, main page]

Jump to content

Հունվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
<< Հունվար >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
2024

Հունվար, տարվա առաջին ամիսն է։ Ունի 31 օր։ Հունվարի առաջին օրն աշխարհում նշվում է որպես Նոր տարվա օր։

Երբ 16-րդ դարում ընդունվեց համաշխարհային օրացույցը, ապա ըստ այդ տոմարի տարվա առաջին ամիսը համարվեց հունվարը, իսկ ամիսները կոչվեցին հռոմեական անուններով։ Այդ բանը հայերը նույնպես ընդունեցին և Նավասարդ անունը փոխարինվեց օգոստոս անունով և դարձավ տարվա ոչ թե առաջին, այլ ութերորդ ամիսը։

Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։

Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով առաջին ամիսը։ Մնացած ամիսները վերանվանվեցին։

Հունվարը տարեմուտի ամիսն է։ Տարվա սկիզբն է, բայց, ձմեռվա կեսը։

Եկեղեցական տոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 6-ը Հայ առաքելական եկեղեցին նշում է որպես Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդի օր։

Հունվարի 7-ը Ղպտի և Ռուս ուղղափառ եկեղեցիները նշում են որպես Սուրբ Ծնունդ։

Հունվարի 6-ը որպես Երեք իմաստունների օր, նշվում է Լատինական Ամերիկայի երկրներում, Իսպանիայում, Պուերտո Ռիկոյում և Դոմինիկյան Հանրապետությունում։ Չնայած, ոչ նույնքան լայնորեն տոնակատարությանը, ինչպես արվում է իսպանական պատմություն ունեցող երկրներում, որպես պաշտոնապես ոչ աշխատանքային օր է համարվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Ավստրիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լիխտենշտայնը, Սլովակիան և Խորվաթիան, ինչպես նաև Գերմանիայի և Շվեյցարիայի որոշ մասերում։

Ազգային տոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 28-ը Հայաստանում նշվում է որպես Բանակի օր։

Այլ երկրներում հունվար ամսին որպես ազգային նշվող տոներն են՝

Հայիթիում որպես Անկախության օր է նշվում հունվարի 1-ը;

Միացյալ Նահանգներում որպես Մարտին Լյութեր Քինգի օր է նշվում երրորդ երկուշաբթին;

Հնդկաստանում որպես Հանրապետության օր է նշվում հունվարի 26-ը;

Ավստրալիայում որպես Ավստրալիայի օր է նշվում հունվարի 26-ը;

Հունվար, ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Հունվար ամիսն (լատիներեն Ianuarius mensis) իր անունն ստացել է Հին Հռոմի ժամանակի, ինչպես նաև, տան դռան և քաղաքի դարբասների պահապան աստված Յանուսի պատվին։ Այսպիսով, այդ անունը հռոմեացիների մոտ ունեցել է «տարվա դուռ» նշանակությունը։

Եվրոպական լեզուներից շատերում առաջին ամսվա անունը համապատասխանում է լատինական ավանդույթին։ Սակայն, կան որոշ բացառություններ։

Ֆիններեն ասում են tammikuu, այսինքն՝ «կաղնու ամիս», չեխերեն՝ leden (սառցե)։ Հունվար ամսվա թուրքերեն անունն է Ocak՝ օջախ, իսկ լիտվաներեն ասում են sausis, որը համապատասխանում է sausu՝ չոր բառին, քանի որ Լիտվայում այդ ամսին շատ է խորը, չհալվող ձյունը, որին լիտվացիներն ասում են չոր։ Ուկրաիներենում և խորվաթերենում հունվար ամսվա անունը կապված է փայտ կտրելու հետ և համապատասխանաբար ասում են сiчень և siječanj։

Չինարենում և ճապոներենում գրիգորյան օրացույցի ամիսների անուններն ուղղակի համարակալված են։ Այսպես, հունվարին ասում են «առաջին ամիս», փետրվարին՝ «երկրորդ ամիս» և այդպես մինչև դեկտեմբեր, որին ասում են «տասներկուերորդ ամիս»։

Հունվար ամսվա անունը կա Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո (պորտուգալերեն Rio de Janeiro, բառացի նշանակում է՝ «հունվարյան գետ») քաղաքի անվան մեջ։

Ըստ ավանդության հռոմեացիների մոտ երկար ժամանակ վեճ է գնացել, թե տարվա առաջին ամիսը որն ընդունել, հունվարը (Յանուսի անունով), թե մարտը (պատերազմի աստված Մարսի անունով)։ Վիճաբանության արդյունքը եղել է այն, որ մեծամասնությունը կողմ է եղել նոր տարվա սկիզբը համարել հունվարը այն ակնկալությամբ, որ ամբողջ տարին խաղաղություն լինի։

Յանուսը հռոմեացիների մոտ համարվում էր ոչ միայն տարվա և ժամանակի շարժիչ աստվածը, այլև ելք ու մուտք կարգավորողը։ Յանուսը նաև պահապանն էր տան դռան և քաղաքի դարպասների։ Ըստ հռոմեացիների, ամեն ինչ սկսվում է Յանուսով։ Հարուստ հռոմեացիները նրա կիսանդրիով զարդարում էին իրենց տան մուտքը և քաղաքի դարպասները։

Յանուսը պատկերվում էր երկու դեմքով։ Մի դեմքով նայում էր առաջ՝ ապագան, իսկ մյուսով՝ ետ, անցյալը։ Այսպիսով Յանուսի պատկերումը խորհրդանշում էր անցյալն ու ապագան։ Յանուսի մի ձեռքին բանալի կար, իսկ մյուսում՝ գայիսոն։ Դա խորհրդանշում էր այն, որ նա բանալիով բացում էր տների դռներն ու քաղաքի դարպասները, իսկ գայիսոնը նշան էր իշխանության։ Այսինքն՝ հին տարին իր իշխանությունը հանձնում էր նորին։

Երբ ընդունվեց համաշխարհային օրացույցը և հունվարն էլ համարվեց տարվա առաջին օրը՝ Նոր տարի, Յանուսին նվիրված ամսվա առաջին օրվա տոնակատարությունը ձուլվեց Նոր տարվա տոնի հետ։ Այդ օրը ոչ ոք իրավունք չուներ աղմկելու, հայհոյելու, վիճելու, հակառակ դեպքում Յանուսը կբարկանար և մարդկանց վատ տարի կուղարկեր։

Հայկական տոմարում հունվարը համընկնում է արաց ամսի հետ։