Նեռ
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Նեռ (դերաքրիստոս, հակաքրիստոս, հին հունարեն՝ Αντίχριστος, «Քրիստոսի դեմ»), քրիստոնեական վախճանաբանական ուսմունքի գործող անձ, Քրիստոսին հակառակվող անձ, հակաքրիստոս, սուտ Քրիստոս, սուտ մեսիա, չար, Անօրեն (Բ Թեսաղ. 2.8)։ Առավել լայն իմաստով՝ քրիստոնյաներին հալածող գործիչներ։ Նոր Կտակարանում նեռեր են անվանվում նաև քրիստոնեության անունից գործող այն անհատները, ովքեր, բացարձակացնելով իրենց անձը, Հիսուս Քրիստոսի հատկություններն իրենց են վերագրել, բայց իրականում գործել են հակառակ Քրիստոսի և քրիստոնեության (Ա Հովհ. 2.18)։ Նմանների վարդապետության բնորոշ առանձնահատկությունը Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգի Աստծո ուրացումն ու Քրիստոսի՝ մարմնով գալու մերժումն էր (Ա Հովհ. 2.18–23, 4.2–3)։
Քրիստոնեության վաղ շրջանում տիրապետող էր այն մտայնությունը, թե Նեռը հայտնվելու է Քրիստոսի Երկրորդ գալըստից առաջ։ Պողոս առաքյալը նրան անվանում է «անօրենության մարդը» (Բ Թեսաղ. 2.3)։ Հիմնվելով Հայտնության գրքում (13.18) տրված «գազանի» թվի (666) հունարեն անվանական համարժեքի («ՆԵՌ») վրա, ելնելով անվան բացորոշ նմանությունից՝ հայրախոսական մատենագրությունը (Կյուրեղ Երուսաղեմացի, Եվսեբիոս Կեսարացի, Եփրեմ Ասորի և այլք) այն նույնացնում է Ներոն կայսրի (54–68)` իբրև քրիստոնեության ոխերիմ հակառակորդի անվան հետ։
Նեռի գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեռի գործունեությունը նկարագրվում է Նոր Կտակարանի վերջին` «Հայտնություն ըստ Հովհաննեսի» գրքում։ Նեռն այնտեղ ներկայացվում է որպես «գազան», որ հարկադրում է մարդկանց երկրպագել իրեն, իսկ «ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի…» (Հայտն. 13:5)։ Նեռը հակառակ է ճշմարտությանն ու բարությանը, խաչին, եկեղեց. պաշտամունքին ու առհասարակ բարեպաշտությանը։ Նեռը գործելու է վերջին օրերին, Քրիստոսի Երկրորդ գալստից առաջ։ Իմանալով աշխարհի մոտալուտ վախճանի և այդու՝ իրեն սպառնացող տանջանքների մասին՝ Նեռը գործում է առավել կատաղորեն։ Նեռի նման անկաշկանդ գործունեությունն ու ժամանակավոր հաջողությունը եկեղեցու հայրերը բացատրում են, մասնավորաբար, վերջին օրերին մարդկանց մեջ տիրական դարձած՝ Քրիստոսի ճշմարիտ սիրո նկատմամբ բացահայտ ատելությամբ, հոգեփրկության, Աստծո խոսքի հանդեպ լիակատար անտարբերությամբ, Քրիստոսի տնօրինական սխրանքների և հրաշքների ժխտումով։ Նեռի իշխանությունը շարունակվելու է 42 ամիս (մոտ 3,5 տարի) (Հայտն. 13:5), ինչը հակապատկերն է երկրի վրա Քրիստոսի եռամյա տնօրինական գործունեության։ Ի հակակշիռ Մարիամ Աստվածածնի կուսական հղիության, նա ծնվելու է կուսության խոստումը դրժած կույսից կամ արյան պիղծ խառնակումից։ Հռչակելով իր կեղակարծ առաքինություններն ու հրաշագործությունները՝ Նեռը երեք պատերազմներում հաղթելու է «Եգիպտոսի, Լիբիայի ու Եթովպիայի» թագավորներին (հմմտ. Դանիել 11:42–43), ապա հաստատելու է իր համաշխարհային տիրապետությունը։ Սրանից հետո Նեռը դառնալու է համընդհանուր պաշտամունքի առարկա պղծված եկեղեցիներում կամ Երուսաղեմի նորոգված տաճարում, որտեղ նա իրեն ներկայացնելու և բազմելու է իբրև Աստված (Բ Թեսաղ. 2.4)։ Սակայն, երբ ժամանակը լրանա, Նեռը իր հետևորդներով հալածվելու է, և, սարսափելով Քրիստոսի երկրորդ, մոտալուտ գալստից, գահավիժելու է բարձր լեռան վրայից։
Նեռը հայ մատենագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ թարգմանական մատենագրության մեջ լայն շրջանառության մեջ են եղել երկեր՝ Հիպպողիտոս Բոստրացու (մահ. 235/236), Մեթոդիոս Պատարացու (մահ. 311/312), Ներսես Ա Մեծի, Հովհան Ոսկեբերանի, Ագադրոնի (XII–XIII դդ.) և այլոց անուններով, ինչպես նաև՝ մի շարք անանուն երկեր, որտեղ մեկնվում է Հայտնության գիրքը և անդրադարձ է արվում Նեռի գործունեությանը։ Այս գրականության հիման վրա աստվածաբանական միտքը բնութագրում է Նեռին, վեր հանում նրա գործունեության ուղղվածությունը։ Հիմնվելով հույն աստվածաբաններ Անդրեաս Կեսարացու (VI դ.) և Արեթաս Կեսարացու (X դ.)` Հովհաննեսի Հայտնության մեկնության վրա, Գրիգոր Տաթևացին տալիս է Նեռի թվային հայերեն համարժեքը` «Ուրանամ կամաւ զԱրարիչն» (Կամովին ուրանում եմ Արարչին) – ՈԿԶ՝ 666։ Համաձայն Գրիգոր Տաթևացու մեկնաբանության, Նեռը ոչ թե սատանա է, այլ, լինելով մարդ (Բ Թեսաղ. 2.3)` սատանայի արբանյակն է, որին բացարձակապես խորթ են ինչպես բնական և գրավոր, այնպես էլ ավետարանական օրենքները։ Միջնադարի հայ իրականության մեջ, իբրև խորքային իրողություն, գաղափարական համազորը դիտվելով հեթանոսական Միհր աստծո, Նեռը համարվել է չարության կամ հակառակության անձնավորում։ Նեռի հետ կապված վախճանաբանական տրամադրությունները հայ (և ոչ միայն հայ) իրականության մեջ աշխուժացել են Նեռի անվան թվային արժեքին համապատասխանող 666 թվականին և Քրիստոսի ծննդյան, մկրտության ու խաչելության հազարամյակներին (1000, 1030, 1033 թթ.): Նեռի ծննդյան կամ գալստյան կանխանշան են համարվել երկրաշարժերը, կլիմայական անկանոնությունները և ռազմաքաղաքական ու սոցիալական ցնցումները։ Այսպես. Հովհաննես Կոզեռնի տեսիլքի համաձայն, 1022-ին տեղի ունեցած երկրաշարժն ու արեգակի լիակատար խավարումը կապվում են Հայտնության գրքում բերված նկարագրության հետ, ըստ որի, հազար տարի անց պետք է ազատ արձակվի Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան։ Սրան անդրադառնում է պատմիչ Սամուել Անեցին, որը 1030-ին` Քրիստոսի մկրտության հազարամյակին, թուրքերի գրոհը Բերկրիի վրա, արեգակի խավարումը, ինչպես նաև՝ 1037-ին Եդեսիայի գրավումը և արեգակի կրկնված խավարումը կապում է Հովհաննես Կոզեռնի տեսիլքում պատմվող Նեռի մոտալուտ գալստյան հետ։ Մատնանշելով 1033-ի (Քրիստոսի խաչելության հազարամյակին) հունիսի 29-ին՝ ուրբաթ օրը տեղի ունեցած արեգակի խավարումը, XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցին նկատում է, թե գիտնականներից շատերի կարծիքով, դա ազդարարն էր Նեռի ծննդյան կամ կանխանշանը մեծամեծ չարիքների («Պատմութիւն», 1963, էջ 49)։ Նույն բովանդակությամբ նկարագրություն առկա է XIII դ. պատմիչ Մխիթար Այրիվանեցու Պատմության մեջ («Պատմութիւն Հայոց», 1860, էջ 58)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգնատիոս Աստուածազգեաց, Թուղթք, ԿՊ, 1783, էջ 100։
- Կյուրեղ Երուսաղեմացի, Կոչումն ընծայութեան, Վնն., 1832, էջ 318։
- Եփրեմ Խուրի Ասորի, Մատենագրութիւնք, հ. 3, Վնտ., 1836, էջ 34, 35։
- Եվսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ, Վնտ., 1877, էջ 435։
- Մատենագրութիւնք ևթաղի, աշխատասիր. Ա. Վարդանյանի, Վնն., 1930, էջ 143։
- Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթևի, տես «Սոփերք հայկականք», հ. 6, Վնտ., 1853։
- Գրիգոր Տաթեվացի, Քարոզգիրք. Ամառան հատոր, ԿՊ, 1741, էջ 609–613։
- Գրիգոր Տաթեվացի, Ոսկեփորիկ (աշխարհաբար թրգմ. ու ծնթգր. Հակոբ Քյոսեյանի), Երևան, 1995, էջ 134–149։
- Ավետիքյան Գ., Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելւոյ, հ. 2, Վնտ., 1811, էջ 885։
- Ալիշան Ղ., Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895, էջ 332։
- Ավդալբեգյան Թ., Միհրը հայոց մէջ, Վնն., 1929, էջ 149–159։
- Ակինյան Ն., Նեռն, ՀԱ, 1929, էջ 703–704։
- Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Երևան, 1957, էջ 19–20։
- Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Երևան, 1959, էջ 144–151։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Քյոսեյանի հոդվածը «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում (Երևան, 2002)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեռ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 237)։ |