[go: up one dir, main page]

Jump to content

Խնկեղեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնկեղեգ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Acorales
Ընտանիք Acoraceae
Ցեղ Խնկեղեգ (Acorus)
L., 1753

Խնկեղեգ, ակիր (լատին․՝ Acorus), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Տերևները երկար են (մինչև 1 մ) նշտարաձև կամ թրաձև, կոճղարմատը հաստ է, սողացող։ Ծաղկաբույլը՝ դեղնականաչավուն կամ դեղին։ Պտուղը բազմասերմ հատապտուղ է։

Խնկեղեգ սովորական (Acorus calamus) Բուսաբանական նկարազարդումը Օ. Վ. Թոմի
«Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքի, 1885

«Ակոռուս» բառը հունական ծագում ունի հին հունարեն՝ ἄκορος «Խնկեղեգ»[1]։ Պլինիոսը այն բացատրել է որպես հակաակնախտային, ելնելով այն բանից, որ դեղաբույսը հնում կիրառվել է աչքի հիվանդությունների դեպքում։ Իսկ «կալամուս» հունարեն նշանակում է եղեգ, ելնելով այն բանից, որ բույսը հաճախ աճում է եղեգնուտներում։ Հայերեն խնկեղեգ բառը կապվում է այն բանի հետ, որ անցյալում բույսից հայ եկեղեցականները պատրաստել են խունկ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 70 սմ բարձրության, եռանիստ ցողունով բազմամյա խոտաբույս է։ Ունի հերթադիր, նշտարաձև կամ թրաձև, մինչև 1 մ երկարության տերևներ, ոլորուն, սողացող կոճղարմատ։ Ծաղիկները մանր են, երկսեռ, իսկ պտուղը բազմասերմ, կարմիր հատապտուղ է։ Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, սակայն պտուղները երբեք չեն հասունանում։ Բույսը բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով (կոճղարմատով

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատում և տերևներում պարունակվում են 1-3,5% եթերայուղ, դառը գլիկոզիդ` ակորին, դաբաղանյութեր, կուպր, խեժ, էքստրակտիվ նյութեր, մինչև 21% օսլա, կարոտին, C, E վիտամիններ, խոլին, ալկալոիդներից` կալամին, կալամենոլ, պալմիտինաթթու։

Հայտնի է երկու տեսակ, նախկին ԽՍՀՄ-ում և Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական խնկեղեգ (լատին․՝ Acoarm calamus), որն աճում է ճահիճների ու գետերի ափին, երբեմն առաջացնում է խիտ բուսուտներ։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնկեղեգի բուժիչ հատկությունները հայտնի են եղել միջնադարի հայ բժիշկներ Մխիթար Հերացուն և Ամիրդովլաթ Ամասիացուն։ Խնկեղեգը պարունակում է եթերային յուղեր, գլյուկոզիդ, դաբաղանյութեր, օսլա, խեժ, ասկորբինաթթու, և այլն։ Անցյալում հայ եկեղեցականները խնկեղեգից խունկ են պատրաստել։ Խնկեղեգից ստացված պատրաստուկները կիրառվում են որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող, ինչպես նաև օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Խնկեղեգն լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, պարֆյումերիայում։ Բժշկության մեջ օգտագործում են այս բույսի արմատները։ Օգտագործում են ախորժակի գրգռման և մարսողության կարգավորման համար, նաև քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, փորլուծության ժամանակ։ Այն մտնում է ժամանակակից բժշկության մեջ տարածված հակախոցային «Վիկալին» և «Վիկային» պատրաստուկների բաղադրության կազմում, ինչպես նաև ախորժակի բարձրացման և մարսողության կարգավորման համար օգտագործվող դեղաբույսերի հավաքների մեջ։ Բժշկական նպատակներով օգտագործվում են բույսի արմատներից և տերևներից ստացվող եթերային յուղը, որը մտնում է լեղաքարային և երիկամաքարային հիվանդության բուժման և կանխարգելման համար օգտագործվող «Օլիմենտին» պատրաստուկի մեջ։ Ժողովրդական բժշկության մեջ խնկեղեգի արմատները կիրառվում են լյարդի, լեղապարկի և երիկամաքարային հիվանդությունների համար գործածվող դեղերի պատրաստման ժամանակ։ Այն համարում են տոնուսը բարձրացնող միջոց և օգտագործում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Դրա թուրմով և եփուկով լվանում են թարախային վերքերը և խոցերը կամ դնում են թրջոցներ։ Արմատներն օգտագործում են ռախիտով և գեղձախտով հիվանդ երեխաներին լողացնելու համար պատրաստվող ջրային լոգանքների մեջ[2]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն եղեգնային խնկեղեգը կամ սովորական խնկեղեգը (A. calamus), որն աճում է կանգնած ջրերում, գետափերին, տղմոտ հողերում, ճահճուտներում՝ հաճախ տալով համատարած բուսուտներ։ Մեր հանրապետությունում խնկեղեգն աճում է միայն Էջմիածնի շրջանում, այն էլ սահմանափակ տարածքներում։ Ամբողջ բույսն ունի հաճելի բույր և դառը համ։ Մեկ բույսի կոճղարմատի տարեկան աճը չի անցնում 150 գրամից։ Մեր հանրապետությունում խնկեղեգն համարյա անհետացել է և աճում է միայն Էջմիածնի շրջանի Փարաքար և Արևշատ գյուղերում։

  մոնոտիպ ընտանիք
Խնկեղեգազգիներ
  2-ից 6 կենսաբանական տեսակներ,
այդ թվում, երկու հանրաճանաչ տեսակներ։

Խնկեղեգ սովորական (Acoarm calamus)
Acoarm gramineus

 
         
  մոնոտիպիկ կարգ Նվիկազգիներ     d1     f1
               
  Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր     դաս
 Խնկեղեգ 
    e2    
             
  ևս ծաղկավոր բույսերի 44 կարգ   d2   f2
     

Եղեգնի որոշ սորտեր

  • Acorus calamus ‘Variegatus’
  • Acorus gramineus ‘Ogon’
  • Acorus gramineus ‘Pusillus’
  • Acorus gramineus ‘Variegatus’
  • Acorus ‘Mt. Emei’.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pape, Wilhelm. Handwörterbuch der griechischen Sprache. Braunschweig 31914, Band 1, S. 77.
  2. Բուսաբանության փոքր հանրագիտարան,Բնությունը՝ հարուստ դեղատուն,«Չինար» հրատարակչություն,Երևան,2007

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Грудзинская И. А. Семейство аронниковые, или ароидные (Araceae) // Жизнь растений. В 6 т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.: Просвещение, 1981. — Т. 6. Цветковые растения. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 466—493. — 543 с. — 300 000 экз. (В этом издании род Аир отнесён к аронниковым.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 61
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկեղեգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկեղեգ» հոդվածին։