[go: up one dir, main page]

Jump to content

Բրեմենի ռատուշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեմենի ռատուշա
Տեսակքաղաքապետարան
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՄիտտե[1] և Բրեմեն
Ճարտարապետական ոճWeser Renaissance? և Աղյուսային գոթիկա
Մակերես0,29 հեկտար
Մասն էBremen Town Hall (Ensemble)? և Town Hall and Roland on the Marketplace of Bremen?
Հիմնադրված է1400
Ժառանգության կարգավիճակprotected cultural heritage monument in Bremen (state)? և Համաշխարհային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բրեմենի ռատուշա (գերմ.՝ Bremer Rathaus), գոթական նշանավոր կառույց Գերմանիայի Բրեմեն քաղաքում, այսպես կոչված «վեզերյան վերածննդի» (Վեզեր գետի անունից) ամենավառ օրինակներից մեկը։ 2004 թվականի հուլիսին քաղաքի մեկ այլ խորհրդանիշի՝ Ռոլանդի արձանի հետ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Ռատուշայի շենքը սենատի նստավայրն է. այստեղ են գտնվում Սենատի նախագահի և հանզայական ազատ քաղաք Բրեմենի բուրգոմիստրի (քաղաքապետ) աշխատասենյակները։

Բրեմենի ռատուշան գտնվում է Հին քաղաքի կենտրոնում։ Նրա դիմաց է գտնվում Շյութինգը, իսկ անմիջապես շենքի առաջ Ռոլանդի արձանն է։ Ռատուշայի աջ կողմում են տեղակայված Բրեմենի տաճարը, Բիսմարկ արձանը և քաղաքային խորհրդարանի ժամանակակից շենքը։

Ռատուշայի ձախ կողմում Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին է։ Կառույցի արևմտյան պատի մոտ տեղադրված է Գերհարդ Մարքսի հեղինակած Բրեմենյան երաժիշտների քանդակը։

1400-ական թվականներին օրավուր ծաղկող Բրեմեն քաղաքի իշխանությունները ռատուշայի շենքի կառուցման որոշում են ընդունել։ Գոթական երկհարկ շինությունը՝ Վերին և Ներքին մեծ սրահներով, կառուցվել է 1405-1410 թվականներին։ Շենքի հյուսիսային մասում եղել են առանձին սենյակներ։ Ռատուշայի նոր շենքի հետ Շուկայի հրապարակում հայտնվել են կայսեր և յոթ կուրֆյուրստների քանդակները, իսկ ռատուշայի արևելյան ու արևմտյան պատերի մոտ՝ մարգարեների ու իմաստունների քանդակները։ Աշտարակի ատամնավոր աշտարակը և պաշտպանական բաց սրահը չեն պահպանվել։

1600 թվականին Բրեմենի սենատը հաշվարկել է, որ գոթական ռատուշայի համեստ արտաքինը չի համապատասխանում ներկայացուցչական պահանջներին, և որոշում է ընդունել այն վերակառուցելու մասին, որն իրականացվել է վեզերյան վերածննդի ոճով 1608-1612 թվականներին։ Նախագծի հեղինակն է եղել բրեմենցի ճարտարապետ Լյուդեր ֆոն Բենտհայմը։ Շինության պատուհանները մեծացվել են, իսկ շինության միջին հատվածը՝ քանդվել։ Վերակառուցման արդյունքում շենքում հայտնվել է ապակյա էրկե՝ պսակված ֆլամանդական ճակատամասով։ Ռատուշայի՝ վեզերյան վերածննդի ոճով ճակատամասը զարդարված է բազմաթիվ բարձրաքանդակներով և մարդկանց, հրեշտակների ու հեքիաթային կենդանիների քանդակներով։ Ճակատամասի դեկորատիվ տարրերը ստեղծվել են վերածննդի շրջանի նեդերլանդցի վարպետների՝ Հանս Վրեդեման դե Վրիսի, Հենդրիկ Գոլցիուսի և Յակոբ Ֆլորիսի նախագծերով։

Ժամանակի հետ շենքին կից ի հայտ են եկել տարբեր կառույցներ։ 1909-1913 թվականներին հին շենքի մոտ կառուցվել է Նոր ռատուշան՝ նեովերածննդի ոճի պղնձե տանիքով։

Շնորհիվ բրեմենցիների անձնազոհության՝ Բրեմենի ռատուշայի շենքն ամբողջովին պահպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների ժամանակ այն դեպքում, երբ քաղաքի շինությունների 60 %-ն ավերվել է։ Պատմական շենքի վերջին վերականորոգումն իրականացվել է 2003 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Horst Adamietz: Herz einer Stadt — Das Rathaus in Bremen, Hauschild-Verlag, Bremen, 1970
  • Werner Kloos: Bremer Lexikon, Hauschild-Verlag, Bremen, 1980, ISBN 3-920699-31-9
  • Konrad Elmshäuser: Der erste Roland und das erste Rathaus von Bremen, in: Bremisches Jahrbuch 84 (2005) 9-45 ISSN 0341-9622
  • Herbert Schwarzwälder: Das Große Bremen-Lexikon. Edition Temmen, 2003, ISBN 3-86108-693-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմենի ռատուշա» հոդվածին։