Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայիմայրաքաղաքը[3]։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։
Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն[4]։ Հատկապես հռչակավոր են Անտոնիո Գաուդիի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։
Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։
Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։
Իզաբելա II թագուհու իշխանության օրոք քաղաքի պարիսպները փլուզվեցին, ընդունվեց ուրբանիզացիայի պլան,որի արդյունքում առաջացավ, այսպես կոչված, «Նոր քաղաք» - Էշամպլե։ Կենտրոնը սկսվում է Պալաս Կատալոնիայից և ներառում է քաղաքի կենտրոնական մասը։ Իրար նկատմամբ ուղղահայաց, ուղիղ փողոցների հատումից առաջացել են քառակուսաձև թաղամասեր։ Կատալոնիայի հրապարակը համարվում է Գոթական թաղամասի և Էշամպլեի սահմանների միջնամասը։ Հրապարակի հիմնական փողոցները ձգվում են դեպի Ռոնդա Սան Պերե (Ronda Sant Pere) և Ռոնդա Ունիվերսիտատ (Ronda Universitat): Ronda Universitat- ի և Gran Via խաչմերուկում հին համալսարանի մասնաշենքն է, որը կառուցվել է XIX դարի կեսերին։ Կենտրոնի հիմնական մայրուղիներից մեկը Պասեչ Դե Գրասիան (Pacech de Gracia-) է։
Բարսելոնայի ակվարիումը համարվում է ամենամեծը Եվրոպայում, նրա ստորջրյա ապակե թունելը ամենաերկարն է աշխարհում։
Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Ամենաբարձր կետի՝ Տիբիդաբոյի սարերի բարձրությունն է 512 մ։ Բարսելոնան փռված է բլուրների վրա։
Բարսելոնայի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը՝ հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C)։ Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին (մոտ 90 մմ), ամենաքիչը՝ հուլիսին (մոտ 20 մմ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 336)։