Անդրե Բրետոն
Անդրե Բրետոն ֆր.՝ André Breton | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ André Robert Breton |
Ծնվել է | փետրվարի 19, 1896[1][2][3] |
Ծննդավայր | Tinchebray |
Վախճանվել է | սեպտեմբերի 28, 1966[4][1][5][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Բատինոլի գերեզմանատուն |
Գրական անուն | Breton, André |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, վիպասան, ակնարկագիր, գծանկարիչ, լուսանկարիչ և արվեստի տեսաբան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շապտալ |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Surrealist Manifesto?, Manifestoes of Surrealism? և Second Surrealist Manifesto? |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Jacqueline Lamba?[6], Elisa Breton? և Simone Collinet?[7] |
Զավակներ | Aube Elléouët? |
André Breton Վիքիպահեստում |
Անդրե Բրետոն (ֆր.՝ André Breton, փետրվարի 19, 1896[1][2][3], Tinchebray - սեպտեմբերի 28, 1966[4][1][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, սյուրռեալիզմի հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրետոնը ծնվել է 1896 թվականի փետրվարի 19-ին Նորմանդիայի Տենշեբրե քաղաքում, բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը որոշ ժամանակ ծառայել է ժանդարմերիայի գրասենյակում, սակայն պետական համակարգում աշխատանքը երկարատև չի եղել. շուտով նա աշխատանքի է անցել մասնավոր գրասենյակում։ Անդրեն քույր և եղբայր չի ունեցել, հետևաբար ծնողները ջանք չեն խնայել միակ զավակին դասական կրթություն տալու, ինչը նրա համար հեղինակավոր ու եկամտաբեր աշխատանքի ճանապարհ կհարթեր։ Բրետոնն ավարտել է եկեղեցական դպրոցը, այնուհետև սովորել փարիզյան քոլեջներից մեկում, որպեսզի այն ավարտելուց հետո մեկնի Սորբոն։ Սորբոնում Բրետոնը դարձել է բժշկական ֆակուլտետի ուսանող։
1915 թվականին երիտասարդ բժիշկը զորակոչվել է բանակ. Առաջին համաշխարհային պատերազմը իր խմբագրումներն էր կատարում ամեն ֆրանսիացու կյանքում։ Արդեն ճակատում Անդրեն, ով սանիտար էր, ծանոթանում է հայտնի բանաստեղծ Գիյոմ Ապոլիների հետ։ Այս հանդիպումը իսկապես ճակատագրական է դառնում սկսնակ հոգեբան Բրետոնի համար։ Ապոլիները Բրետոնին ներկայացնում է ֆրանսիացի բանաստեղծ Ֆիլիպ Սուպոյին, ով հետագայում դարձել է Անդրեի մտերիմ համախոհը։ Լուի Արագոնը` Բրետոնի ճակատային ևս մեկ ընկերը, նրա համար բացահայտում է ֆրանսիացի բանաստեղծ Լոտրեամոնի արվեստը։
1919 թվականին գրական ամսագրերից մեկում հրատարակվում է Անդրե Բրետոնի և Ֆիլիպ Սուպոյի «Մագնիսական դաշտեր» աշխատանքը, որը գրված էր ստեղծագործական նոր մեթոդի` ավտոմատ գրության եղանակով։ Հենց այդ աշխատանքն էլ դարձել է սյուրռեալիզմի հռչակագիրը. գեղարվեստական ուղղության շատ տարրեր ի հայտ են եկել արդեն 1919 թվականին։
Բրետոնի շուրջ ձևավորվում է տաղանդավոր ստեղծագործողների խմբակ, որում առանձնանում են Լուի Արագոնը, Պոլ Էլյուարը, Տրիստան Տցարան։ Սկսած 1920 թվականից` նրանք սկսում են ներկայացնել իրենց աշխատանքները, կանոնավոր ձևով սկանդալներ ու կռիվներ սարքել խնջույքներում։ Բուրժուական հասարակությունը անհանգստությամբ էր հետևում երիտասարդ բանաստեղծների արկածներին։
Բրետոնը լավ գիտակցում էր, որ տարերային մշտատև խռովարարությունները չեն կարող գեղարվեստական նոր ուղղության հիմնաքարը դառնալ։ Սյուրռեալիզմի առաջին հռչակագրի հրապարակումից հետո, որ կայացել էր 1924 թվականին, սյուրռեալիստների շարժումը հստակ ծրագիր և առաջնորդ է ձեռք բերում` ի դեմս Անդրե Բրետոնի։ Դրան հաջորդում է «Դիակ» պամֆլետը, որում Բրետոնն ու իր ընկերները ուրախանում էին Անատոլ Ֆրանսի մահով, ում համարում էին «ֆրանսիական գրականության վերջին ծերունին»։
Բրետոնի առաջնորդությունը ավելի ու ավելի ավտորիտար բնույթ էր կրում. սկանդալները չէին պակասում սյուրռեալիստական գրական խմբակից։ Շուտով խումբը լքում են Բրետոնի մտերիմ համախոհները` Ռոժե Վիտրակն ու Ֆիլիպ Սուպոն։ Սակայն դրանից ստեղծագործական գործունեությունն ավելի արդյունավետ է դառնում. Բրետոնի` Ֆոնտեն փողոցում գտնվող տանը բացվում է Սյուրռեալիստական հետազոտությունների բյուրոն, սկսում են հրատարակվել սյուրռեալիստական բազմաթիվ ամսագրեր։ Շարժման գաղափարները իսկապես դառնում են ինտերնացիոնալ. համանման խմբակներ են բացվում եվրոպական այլ մայրաքաղաքներում ևս։
Հետաքրքիր է նշել, որ խմբակի կազմի մշտական փոփոխությունները տալիս են իրենց արդյունքը։ Երիտասարդները սյուրռեալիստական ուղղությանը նոր ուժ էին հաղորդում. Արագոնին ու Սուպոյին փոխարինելու են գալիս Լուիս Բունյուելն ու Սալվադոր Դալին։
Բրետոնը մասնակցում է քաղաքական կյանքին։ 1920-ական թվականներին նա կոչ է անում սյուրռեալիստներին մտնել Ֆրանսիական կոմունիստական կուսակցության շարքերը (Բրետոնը կուսակցության անդամ է եղել 1927 թվականից, մինչև 1933 թվականին վտարվել է նրա շարքերից։ Դրան հաջորդել է 1935 թվականին Գրողների միջազգային կոնգրեսում Իլյա Էրենբուրգի հետ կոնֆլիկտը)։ 1930-ական թվականներին Մեքսիկայում հանդիպել է Լև Տրոցկու հետ։ Բրետոնը աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպում է սյուրռեալիստական արվեստի ցուցահանդեսներ։ ԱՄՆ-ում դրանք առանձնակի հաջողություն են ունենում. շատ արվեստագետներ պնդում են, որ փոփ արտը ձևավորվել է սյուրռեալիստների` 1942 թվականի ցուցահանդեսի արդյունքում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անդրե Բրետոնն ապրում էր ԱՄՆ-ում որտեղ շարունակում էր գրական գործունեությունը։ Նա Ֆրանկոյի իշխող ռեժիմի հետ բանավեճի է բռնվում այն բանից հետո, երբ Սալվադոր Դալին հայտարարում է. «Սյուրռեալիզմը ես եմ»։
1946 թվականին Բրետոնը Ֆրանսիայում իր աշխատանքներից հրապարակում է բազմաթիվ գործեր, կազմակերպում ցուցահանդեսներ։ Հետագա բոլոր տարիներին նա պայքարում էր արտաքին ու ներքին աղբյուրներից շարժման անկախության համար` պատերազմից հետո միաժամանակ համախոհների հետ մասնակցելով ձախարմատականների շարժմանը և համագործակցելով տրոցկիստական, անարխոսինդիկալիստական և պլատֆորմիստական խմբերի հետ։ Նա հրաժարվում էր դրանցից որևէ մեկին հարելուց։ Բրետոնը դեմ էր գաղութացման քաղաքականությանը, Հնդկաչինում ու Ալժիրում ընթացող պատերազմներին։ Նա մասնավորապես ստորագրել է Մանիֆեստ 121-ը, որում ֆրանսիացի նշանավոր մտավորականները քննադատում էին Ալժիրում ազատագրական շարժման ճնշումը Ֆրանսիայի կողմից։
Անդրե Բրետոնը մահացել է 1966 թվականի սեպտեմբերի 28-ին շնչուղիների հիվանդության սրացման ժամանակ։ Նա թաղված է Փարիզի Բատինյոլ գերեզմանոցում։
Ամենահայտնի գործերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մագնիսական դաշտեր», Ֆիլիպ Սուպոյի հետ համատեղ, 1919
- «Սյուրռեալիզմի մանիֆեստ։ Հալվող ձուկ», 1924
- «Նադյա։ Կին, որ վերակերպավորվեց գրքում», 1928-1963
- «Սյուրռեաիզմի երկրորդ մանիֆեստ», 1929
- «Հաղորդող երակներ», 1932
- Էսսեների ժողովածու «Լուսաբաց», 1934
- «Անմիտ սեր», 1937
- «Ֆատա Մորգան» պոեմ, 1940 (Ֆրանսիայում արգելվել է Վիշիի կառավարության կողմից)
- «Սյուրռեալիզմի երրորդ մանիֆեստ կամ Ոչ», 1942
- «Արկան 17», 1945
- «Լամպը ժամացույցներում», 1948
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бретон Андре (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 André (1896-1966) Breton (նիդերլ.)
- ↑ https://hedendaagsesieraden.nl/2024/07/08/david-hare/
- ↑ Collection - Saint Louis Art Museum
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- André Breton: Surrealism and Painting — edited and with an introduction by Mark Polizzotti.
- Manifestoes of Surrealism by André Breton, translated by Richard Seaver and Helen R. Lane. ISBN 0-472-06182-8
- Mauriac C., André Breton, P., [1949];
- A. Breton (1896—1966) et le mouvement surréaliste, «La Nouvelle revue francaise», 1967, avr., No 172;
- Carrouges М., A. Breton et les données fondamentales du surréalisme, [P., 1967].
- Шенье-Жандрон Ж. Сюрреализм/ Пер. с франц. Сергея Дубина. М.: Новое литературное обозрение, 2002 (по указателю)
- Гальцова Е.Д. Сюрреализм и театр. К вопросу о театральной эстетике французского сюрреализма. М.: РГГУ, 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Բրետոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 1966 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Սյուրռեալիստներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ազատական սոցիալիստներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Մոդեռնիստ գրողներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի լուսանկարիչներ
- Ֆրանսիացի հրապարակախոսներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի քննադատներ