Զազա
Զազաներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Զազաների դրոշը | |||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
2-3 միլիոն մարդ | |||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
Զազայերեն, նաև օգտագործվում են թուրքերենն ու քրդերենը (քրմանջի) | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
Իսլամի ալավի և սուննի ճյուղերը |
Զազաներ կամ դիմլի, իրանական ժողովուրդ[1], որը բնակվում է այժմյան Թուրքիայի արևելյան հատվածում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքով հոսող Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքների շրջաններում. հաճախ համարվում է հարևան քուրդ ժողովրդի բաղկացուցիչ մասը։ Քրդերից զազաները տարբերվում են իրենց լեզվով, որը ծագում է մերձկասպյան շրջանից և ունի միայն հեռու բարեկամական կապ բուն քրդերենի հետ, և հավատքով, որը հանդիսանում է շիա իսլամի ճյուղերից մեկը. ալավիզմը զազաների գերակշիռ մասի հավատքն է։
Բնակեցման շրջանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Զազաները զբաղեցնում են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջանները։ Որոշ վարկածների համաձայն՝ զազաները եկել են և իրենց բնակությունը հաստատել այստեղ Կասպից ծովի հարավային լեռնային տարածքից, որն անվանվում է Դայլամ։ Հյուսիսային զազաները զբաղեցնում են Դերսիմը՝ այժմյան թուրքական Թունջելիի մարզը։ Կենտրոնական զազաները բնակվում են Բինգյոլի մարզում, հարավայինները` Սիվերեկ քաղաքի շրջանում, ինչպես նաև Շանլըուրֆայի մարզում։ Զազաներն ապրում են նաև հարևան շրջաններում, մասնավորապես Դիարբեքիրում։ 1938 թվականի անհաջող ապստամբությունից հետո շատերը բռնի ուժով տեղահանվեցին այլ թուրքական քաղաքներ՝ Այդըն, Բիլեջիք, Բուրդուր, Բուրսա, Բալըքեսիր, Դենիզլի, Զոնգուլդաք, Քըրքլարելի, Քյութահյա, Մուղլա, Ըսփարթա, Թեքիրդաղ, Չանաքքալե, Էդիրնե և Էսքիշեհիր։ Գոյություն ունի նաև մեծ սփյուռք Եվրոպայում (մոտ 300 000 մարդ), նախ և առաջ՝ Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Շվեյցարիայում։ Զազայերեն խոսողների կոնկրետ թիվն անհայտ է, սակայն կարելի է ենթադրել, որ նրանց թվաքանաքը կազմում է 2-4 միլիոն մարդ։
Ծագումը և լեզուն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դիմլի» կամ «դիմիլի» անվանումը ծագում է Դայլամ տեղանունից, ինչպես երևում է հայերեն «դելմիկ, դլմիկ» անվանումներից, որոնք ծագում են *dēlmīk-ից, ինչն էլ նշանակում է «դայլամացի»։ Այժմյան այս իրանալեզու ժողովրդի տարաբնակեցումը Հայկական լեռնաշխարհում կապված է դայլամացիների իրենց հայրենիք Դայլամից արտագաղթի հետ 10-12-րդ դարերում։ Այս կարծիքը ապացուցվում է նաև նրանով, որ զազայերենը ավելի սերտ կապեր ունի գիլակիի, մազանդարաներենի, սեմնաներենի և սանգեսարերենի հետ, քան քրդերենի հետ։ Զազաներից շատերը տիրապետում են նաև թուրքերենին և քրդերենին։ Երկար ժամանակ զազայերենը չի ունեցել գիր։ 19-րդ դարի կեսերին օգտագործվել է արաբական այբուբենը, 20-րդ դարի վերջին տարածում գտավ լատինական այբուբենը, որը շատ դեպքերում օգտագործվում է սփյուռքում, ավելի քիչ՝ Թուրքիայում։
Հարևան ժողովուրդների կողմից զազաները «զազա» են կոչվել, որը բառացիորեն նշանանակում է «կակազող» և հավանաբար կապված է զազաների լեզվի հնչյունաբանական հատկությունների հետ[1]։ Հայկական որոշ բարբառներում «զազա» բառը գործածվում է «խուլ ու համր» կամ «բթամիտ, անհասկացող» նշանակությամբ[2]։
Հասարակական կարգը և հիմնական զբաղմունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Զազաները ունեն զարգացած ցեղային կառուցվածք։ Հիմնական ցեղերն են աբասանը, աղաչանը, ալանը, բամասուրը, դուիշը, դավրեշ-ղուլաբանը, դավրեշ-ջամալանը, ղայ-դարանը, քորեշանը, մամիկին և յուսուֆանը։
Ի տարբերություն քոչվոր քրդերի, զազաները հնուց ի վեր զբաղվել են հողագործությամբ, չնայած դրան, լեռնային անասնապահությունը տնտեսության հիմնական մասերից է։ Դերսիմը հայտնի էր նաև իր այգիներով։
Հավատքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զազաների մեծամասնությունը մուսուլման-ալավի է, փոքրամասնությունը՝ մուսուլման-սուննի։
Հայ-զազայական առնչությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերսիմում և շրջակայքում հայ-ալևիական կամ հայերի և զազաների միջև առնչությունների պատմությունը շատ հետաքրքիր է, միևնույն ժամանակ սպառիչ ուսումնասիրությունից բավական հեռու։ Դեռևս մինչև 18-րդ դարի սկզբները Դերսիմն ունեցել է հայկական հոծ բնակչություն, սակայն այդ շրջանից սկսած՝ քրդական տարբեր ցեղերը Օսմանյան կառավարության դրդմամբ կամ խրախուսմամբ սկսել են զավթել հայերի համայնքային ու եկեղեցապատկան հողերը։ 19-րդ դարում արդեն հայերի մի զգալի մասը սկսում է հեռանալ Դերսիմից, իսկ մի զգալի հատված էլ սկսում է կամ սուննիականություն ընդունելով քրդանալ, կամ ալևիականություն ընդունելով՝ ընդգրկվել ալևի զազաների տոհմացեղային (աշիրեթական) համակարգերում։ Ի վերջո, արդեն 20-րդ դարի սկզբին բավական մեծ հայկական ծագմամբ կամ հայկական մշակութային-կենցաղային լայն ազդեցության կրող զազա-ալևիական մի շերտ կար, որի ներսում հաճախ դժվար էր զանազանել զուտ հայկականը և զուտ զազա-ալևիականը․ հայտնի է, օրինակ, որ Դերսիմի որոշ հայկական եկեղեցիներ ու այլ սրբավայրեր հավասարաչափ սրբազան էին նաև ալևիների համար։
Հայ-զազա (ալևի) առնչությունների պատմության մեջ թերևս ամենաակնառու դրվագը Հայոց ցեղասպանության ընթացքում դերսիմցի ալևիների կողմից բազմահազար հայերի ապաստան տրամադրելն էր, որոնք ևս կարճ ժամանակում կամա-ակամա ներառվեցին ալևիական ինքնության համակարգում․ փաստորեն Ցեղասպանությունից հետո ալևիացած հայերի (տարբեր գնահատականներով՝ ավելի քան քսան հազար հոգի) շերտը գումարվեց մինչև այդ արդեն ալևիացած հայերի շերտին։ Սակայն ալևիների ընդհանուր կազմում դրանց տեսակարար կշիռը պետք չէ գերագնահատել։ Այնուամենայնիվ, Դերսիմի հինավուրց բնիկների՝ հայերի որոշ շառավիղներ, որոնք զազաների բարեկամական հարևանությամբ կարողացան պահպանել իրենց գոյությունը, մեր օրերում արդեն հայկական ինքնության վերահաստատման ուղին են բռնել՝ 2010 թ․ ստեղծելով Դերսիմի հայերի միությունը։
Հայտնի զազաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաիդ Ռիզա - Դերսիմի քրդերի ապստամբության առաջնորդը։
- Քեմալ Քալիչդաղողլու - Թուրքիայի ժողովրդա-հանրապետական Cumhuriyet Halk Partisi կուսակցության առաջնորդը 2010 թվականից։
- Մախսուն Քիրմիզիգյուլ - դերասան, երգիչ, ռեժիսոր, գործարար. հանդիսանում է նաև Թուրքիայում մի մեծ ձայնագրող ստուդիայի սեփականատերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|