Դափնիս և Քլոե
Դափնիս և Քլոե հին հունարեն՝ Δάφνις καὶ Χλόη և հին հունարեն՝ Ποιμενικά | |
---|---|
Պիեռ Օգյուստ Կոտ, Փոթորիկ | |
Տեսակ | վեպ |
Ժանր | հովվերգություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Լոնգոս |
Երկիր | Հունաստան |
Բնագիր լեզու | հին հունարեն |
Տեսարան | Լեսբոս |
Կերպարներ | Daphnis?, Chloe? և Dorcon? |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/longus/daphnis/daphnis.html |
Daphnis and Chloe |
Դափնիս և Քլոե (հուն․՝ Δάφνις καὶ Χλόη, Daphnis kai Chloē), Հռոմեական կայսրությունում գրված հին հունական վեպ, մ.թ.ա 2-րդ դարի հույն վիպագիր Լոնգոսի[1] միակ հայտնի ստեղծագործությունն է։
Վեպի ժամանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հստակ հայտնի չէ, թե երբ է հրապարակ եկել «Դափնիս և Քլոե» վեպը։ Գրականության պատմաբաններից ոմանք վեպի ժամանակը համարում են մ. թ. 400 թվականը, իսկ ոմանք՝ մ. թ. 200-362 թվականները։ Այս կարծիքի հեղինակը՝ Կոնդրատևը, հիմնվում է այն բանի վրա, որ բյուզանդական կայսր Հուլիանոսը իր «Միրուքի թշնամի» աշխատության մեջ ակնարկում է Լոնգոսին, իսկ Հուլիանոսի հիշյալ աշխատությունը գրվել է մ. թ. 362 թվականին։ Երկրորդ հիմքն այն է, որ վեպի մեջ կան տեղեր, որոնք վերցված են Լուկիանոսի ժամանակակից գրող Ալկիփրոնի նամակներից, իսկ Լուկիանոսը ապրել է 125-200 թվականների ժամանակամիջոցում[2]։
Ոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դափնիս և Քլոե» վեպը հովվերգություն է։ Իրադարձությունները տեղի են ունենում հունական Լեսբոս կղզում, որտեղ գիտնականների ենթադրությամբ ապրել է հեղինակը։
Վեպը գրավել է խոշոր տեղ գրականության մեջ։ Ինչպես յուրաքանչյուր հովվերգություն, Լոնգոսի այս վեպի մեջ էլ բնությունը և գյուղական կյանքի հրապույրը գրավում է կենտրոնական տեղ։ Լոնգոսի գյուղը հրապուրիչ է բոլոր կողմերով։ Այդ գյուղը չգիտի աղքատություն, մարդիկ ապրում են առատության մեջ՝ մեղրով, որսի մսով, անհոգ, ուրախ, չկա կռիվ, շահագործում, բզկտում, ամեն տեղ տիրում է սեր և անխռով կյանք։ Լոնգոսի վեպն առաջ է բերում կենդանի հետաքրքրություն. գրված է պարզ, առանց սեթևեթանքի, կենդանի, կան գեղեցիկ նկարագրություններ, ինչպես Դրիասի պարտեզը, ձմեռը և գարունը գյուղում։ Վեպն արտացոլում է ժամանակի բարքերը, կենցաղը՝ ավազակային հարձակումներ, կռիվ, նավաբեկում, աղջիկ փախցնել, բարքերի պարզություն, որ հասնում է ծայրահեղության։ Վեպի մեջ արտացոլվել են ժամանակի կյանքի սուր հակասությունները. մի կողմում նահապետական կյանք է, մյուս կողմից դրամանական փոխհարաբերություններ, բարքերի պարզություն։ Վեպի մեջ կան նաև անհավատալի, երևակայական տարրեր։ Լոնգոսի ոճը պարզ է, լեզուն սահուն, գրում է հակիրճ, վառ պատկերներով։ Գրականության պատմաբանների կատարած ուսումնասիրություններից երևում է, որ Լոնգոսի վեպի մեջ կան հետքեր Թեոկրիտեսից, Մոսոխոսից, Բիոնից, Վերգիլիոսից և նույնիսկ Հոմերոսից[2]։ Անատոլ Ֆրանսը նշում է, որ Լոնգոսը կրել է Անակրեոնի և Հոմերոսի ազդեցություննը։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թե Անակրեոնը և թե Լոնգոսը մեծ չափով օգտագործել են ժողովրդական բանաստեղծությունը։ Նա մեծ հիացմունքով է արտահայտվում Լոնգոսի կերպարների մասին.
Այս հովվուհին իր այծարածի հետ ամենագեղեցիկ, ամենաքնքուշ և ամենահմայիչ մարմնացումն է պատանեկության, որպիսին երբևէ ստեղծել է արվեստը։ - Անատոլ Ֆրանս[2]
|
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա պատմություն է մի տղայի և աղջկա մասին, որոնց լքել են ծնված օրից։ Իրադարձությունները տեղի են ունենում Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։ Լամոն անունով մի այծարած գտնում է մի գեղեցիկ տղայի, որի հետ կային նշաններ։ Լամոնը երեխային տանում է իր տուն։ Նա իր կնոջ հետ որոշում է պահել երեխային և նրան անվանում են Դափնիս։ Դրիաս անունով մի գառնարած քարայրում գտնում է մի փոքրիկ աղջկա, որի հետ նույնպես նշաններ կային։ Նա ու իր կինը նույնպես որոշում են պահել աղջկան և նրան անվանում են Քլոե։ Երեխաները մեծանում ու դառնում են հովիվներ։ Նրանք արածեցնում էին հոտերը և միշտ միասին էին։ Տեսնելով Դափնիսին լողանալիս, ապա սրինգ նվագելիս՝ Քլոեն հասկանում է, որ Դափնիսը գեղեցիկ է։ Նա սկսում է տառապել՝ կարծելով, թե իր տառապանքի պատճառը լոգանքն է ու սրինգ նվագելը։ Նախրապան Դորկոնի հետ Դափնիսը վեճի է բռնվում, թե նրանցից ով է ավելի գեղեցիկ։ Հաղթանակը Քլոեի համբույր է։ Դափնիսը արժանանում է Քլոեի համբույրին։ Դափնիսը խայթված է Քլոեի համբույրից. չի ուտում, չի քնում, հոգոցներ է հանում։ Դափնիսն ու Քլոեն շարունակում են տառապել։ Նրանք գիտեին, որ մի բան էին ուզում, սակայն չգիտեին, թե ինչ։ Միայն գիտեին, որ տղային համբույրը կործանեց, իսկ աղջկան՝ լոգանքը։
Նրա շուրթերը վարդից նուրբ են, բերանը մեղրից քաղցր, բայց համբույրը մեղվի խայթոցից ցավոտ։ Հաճախ եմ համբուրել ուլերի, համբուրել նորածին շնիկների և Դորկոնի նվիրած հորթին։ Բայց այս համբույրը ուրիշ էր. շունչս կտրվում է, սիրտս դուրս է թռչում, հոգիս հալվում, սակայն, նորից եմ ուզում համբուրել։ Օ՜, չար հաղթանակ, նոր հիվանդություն, որի անունը չգիտեմ։ - Լոնգոս, Դափնիս և Քլոե[3]
|
Ծերունի Փիլետասը ասում է Դափնիսին ու Քլոեին, որ նրանք ընծայված են Էրոսին։ Իսկ Էրոսի դեմ միակ դեղը համբույրն է[4]։ Նրանք համբուրվում են՝ չիմանալով հետո ինչ անել։ Լիկենիոն անունով մի գեղեցիկ կին աչք է դնում Դափնիսի վրա։ Նա խաբում է Դափնիսին, տանում անտառի խորքը ու Դափնիսին սովորեցնում «սիրո գործերը»։ Լիկենիոնը զգուշացնում է Դափնիսին սովորածը չփորձել Քլոեի հետ, որովհետև Քլոեն արյան մեջ կհայտնվի և կճչա ցավից։
Դափնիսը ծեծի է ենթարկվում, ապա առևանգում են Քլոեին։ Նա ազատ է արձակվում Պանի օգնությամբ։ Բազում փեսացուներ են հայտնվում Քլոեի համար։ Դափնիսը երազ է տեսնում, որտեղ նիմփաները նրան պատմում են թաքցված գանձի մասին։ Դափնիսը գտնում է այն և Քլոեի հետ նշանվելու համար տալիս է Դրիասին։ Այդ ընթացքում Քլոեի երկրպագու Լամպիսն ու Դափնիսի երկրպագու Գնաթոնը փորձում են խոնչընդոտել նրանց միությանը, սակայն դա նրանց չի հաջողվում։ Վեպի վերջում հայտնվում են Դափնիսի և Քլոեի ծնողները, որոնք երեխաներին ճանաչում են իրենց նշաններից։ Դափնիսն ու Քլոեն ամուսնանում են և շարունակում ապրել հովիվների նման[4][5]։
Կերպարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քլոե-հերոսուհի
- Դափնիս-հերոս
- Դորկոն-Քլոեի երկրպագու
- Դիոնիսոփանես-Դափնիսի իսկական հայրը
- Դրիաս-Քլոեին որդեգրած մարդը/հայրը
- Լամոն-Դափնիսին որդեգրած մարդը/հայրը
- Էրոս-սիրո աստվածը
- Լիկենիոն-Դափնիսին «սիրո գործերը» սովորեցրած կինը
- Միրտալե-Լամոնի կինը և Դափնիսի մայրը
- Նապե-Դրիասի կինը և Քլոեի մայրը
- Գնաթոն-Դափնիսի միասեռական երկրպագուն
- Փիլետաս-իմաստուն ծերունին, որը Դափնիսին ու Քլոեին հայտնում է սիրահարվածության մասին։ Առավել հայտնի է որպես Փիլետաս Կոսացի։
Տեքստի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի սկիզբը տեքստից գրեթե մեկ էջ պակասում էր։ Երբ Պոլ-Լուի Կուրիերը գնաց Իտալիա, գտավ ձեռագրի պակասող մասը Ֆլորենցիայի Լաուրենցիայի գրադարանում։ Դժբախտաբար, հենց որ նա արտագրեց ձեռագիրը, շուռ տվեց թանաքամանը և ամբողջ թանաքը լցվեց ձեռագրի վրա։ Իտալացի բանասերները բարկացած էին, հատկապես նրանք, ովքեր ուսումնասիրել էին ձեռագիրը և տվել նրա «ամենաճշգրիտ նկարագրությունը» (un'esattissima notizia):
Ազդեցությունները և մշակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դափնիսի և Քլոեի պատմությունը իր արձագանքն է գտել արվեստի տարբեր ճյուղերում։ Համարվում է, որ այն մոդել է դարձել ֆրանսիացի գրող Օնորե դե Յուրֆեի «Սիրեն» (ֆր.՝ La Sireine), շոտլանդացի գրող Ալան Ռեմզիի «Քնքուշ հովիվը», իտալացի հեղինակ Տորկվատո Տասսոյի «Ամինտա» ստեղծագործությունների համար։ Ֆրանսիացի գրող Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռի «Պոլ և Վիրժինի» վեպը նույնպես այս պատմության արձագանքն է։ Համարվում է, որ ճապոնացի գրող Յուկիո Միսիմայի 1952 թվականին գրված «Ալիքների ձայնը» (ճապ.՝ 潮騒, Shiosai) ստեղծագործությունը, որը հեղինակը գրել է Հունաստան կատարած այցից հետո, նույնպես ոգեշնչված է Դափնիսի և Քլոեի պատմությունից։ Դրա հիման վրա հիմնված նաև ֆրանսիացի գրող Գաբրիել Սիդոն Կոլեթի 1923 թվականին գրված «Կանաչ ցորեն» (ֆր.՝ Le Blé en herbe) ստեղծագործությունը[6]։
1987 թվականին նկարահանված «Արքայադուստր հարսնացուն» ֆիլմը նույնպես ունի նմանություններ Դափնիսի և Քլոեի պատմության հետ[7]։
Օպերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժակ Օֆենբախը 1860 թվականին գրել է մեկ գործողությամբ օպերետ՝ հիմնված պատմության վրա։
- Ժոզեֆ Բոդեն դը Բուամորտյեն 1747 թվականին գրել է «Դափնիս և Քլոե» երեք գործողությամբ պաստորալը։
- Ժան-Ժակ Ռուսոն 1774-1776 թվականների ընթացքում գրել է «Դափնիս և Քլոե» հերոսական պաստորալ։ Այն անավարտ է մնացել 1778 թվականին հեղինակի մահվան պատճառով։
Բալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մորիս Ռավելը 1912 թվականին գրել է «Դափնիս և Քլոե» բալետը Սերգեյ Դիագիլևի «Ռուսական եղանակներ»-ի համար, խորեոգրաֆ՝ Միխայիլ Ֆոկին։
- Ռավելի երաժշտությունը օգտագործվել է նաև Ֆրեդերիկ Էշտոնի համանուն բալետում, որն առաջին անգամ ներկայացվել է Լոնդոնի «Սադլերի Ուելս» (այժմ՝ «Լոնդոնի թագավորական բալետ») ընկերության կողմից Քովենթ Գարդնում 1951 թվականի ապրիլի 5-ին։ Քլոեի դերում՝ Մարգո Ֆոնտեյն, Դափնիսի դերում՝ Մայքլ Սոմս, ձևավորումը՝ Ջոն Քրաքսթոնի[8]։
- Ջոն Նյումայերը բեմադրել է «Դափնիս և Քլոե» բալետը իր «Ֆրանկֆուրտի բալետ» ընկերության համար[9]։
- Ժան-Քրիստոֆ Մաիլոտը ստեղծեց «Դափնիս և Քլոե»-ի մի ժամանակակից բեմադրություն «Մոնտե Կառլո» բալետային ընկերության համար։ Այս կարճ, 35 րոպե տևողությամբ խորեոգրաֆիայի համար նույնպես օգտագործվել է Ռավելի երաժշտությունը, բայց ոչ ամբողջ օրիգինալ բալետը։ Դափնիսի դերում՝ Երուն Վերբրյուգեն, Քլոեի դերում՝ Անջարա Բալեստերոս-Սիլլա, Լիկենիոնի դերում՝ Բերնիս Կոպիտերս, Դորկոնի դերում՝ Քրիս Ռուանտ, ռեժիսոր՝ Դենիս Կայոցցի, պրոդյուսեր՝ Տելմոնդիս, «Մոնտե Կառլո» բալետային ընկերություն և Mezzo հեռուստաընկերություն։ Պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 1-ին Մոնակոյի Գրիմալդի ֆորումում և այդ ժամանակից ի վեր հեռարձակվել է մի քանի միջազգային հեռուստաընկերությունների կողմից[10]։
Նկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Շագալը ստեղծել է 42 գունավոր վիմանկարներ՝ հիմնված պատմության վրա։
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրեստիս Լասկոսը 1931 թվականին պատմություն վերածել է 64 րոպեանոց համր ֆիլմի, որը հունական կինեմատոգրաֆի առաջին դասականներից էր։
- Պատմությունը հիմք է հանդիսացել հույն կինոռեժիսոր Նիկոս Կունդուրոսի 1963 թվականի Մատաղահաս Աֆրոդիտեներ (հուն․՝ Μικρές Αφροδίτες) ֆիլմի համար, որի սցենարի հեղինակն էր Վասիլիս Վասիլիկոսը։
Ռադիո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեթի Նայլորը 2006 թվականին պատմությունը վերածել է 45 րոպեանոց ռադիոխաղի։
Հրատարակությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դափնիս և Քլոե» վեպը առաջին անգամ Եվրոպայում, որտեղ մինչ այդ անծանոթ է եղել, լույս է տեսել 1559 թվականին ֆրանսերեն թարգմանությամբ։ Ռուսերեն առաջին անգամ լույս է տեսել Մերեժովսկու թարգմանությամբ 1896 թվականին։ Սովետական իշխանության օրով լույս է տեսել 1935 թվականին Կենդրատևի ներածականով։ Հայերեն այն առաջին անգամ թարգմանվել է Աթենքում և լույս է տեսել 1927 թվականին Վահան Ագնիի հեղինակությամբ[2]։ 2011 թվականին գիրքը դարձյալ հայերեն հրատարակել է «Սարգիս Խաչենց-Փինթինֆո» հրատարակչությունը, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, պատկերազարդումները՝ Արտո Չաքմաքչյանի։
Գիրքը ունեցել է բազմաթիվ պատկերազարդ հրատարակություններ։ 1977 թվականի հրատարակությունը նկարազարդել է Մարկ Շագալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ենթադրվում է, որ Լոնգոս անունը պարզապես ֆլորենտական մի ձեռագրում վեպի վերնագրի (Λεσβιακῶν ἐρωτικῶν λόγοι, Լեսբիական սիրո պատմություն) բաղադրիչներից մեկի սխալ մեկնության արդյունք է։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ա. Առաքելյան, Հունական գրականության պատմություն, Երևան, «Լույս» հրատ., 1968, 629 էջ։
- ↑ Լոնգոս, Դափնիս և Քլոե, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Գ. Մուրադյանի և Ա. Թոփչյանի, պատկերազարդումները՝ Արտո Չաքմաքչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2011, 196 էջ։
- ↑ 4,0 4,1 Longus; Xenophon of Ephesus (2009), Henderson, Jeffery (ed.), Anthia and Habrocomes (translation), Cambridge, Massachusetts: Harvard University Press, էջեր 69 & 127, ISBN 978-0-674-99633-5
- ↑ Blanchfield; Jones, Jamie; Lefler, Carrie. «Longus, Daphnis and Chloefirst1=Kelly». University of North Carolina, Wilmington. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- ↑ Fischler, Alexander (1969). «Unity in Colette's Le Blé en Herbe». Modern Language Quarterly. 30: 248–264. doi:10.1215/00267929-30-2-248.
- ↑ Edelstein, Wendy (2009 թ․ մարտի 4). «In a Galaxy not all that far away...». UC Berkeley News. The University of California at Berkeley. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- ↑ Arnold Haskell (ed.) 'Gala Performance' (Collins 1955) p226.
- ↑ «John Neumeier». The Hamburg Ballet. www.hamburgballett.de. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Les Ballets de Monte Carlo». Daphnis et Chloé. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակություններ
- Columbani, Raphael; Henry Cuffe and Marcello Adriani (1598). Longi Pastoralium, de Daphnide & Chloë libri quatuor. Florence: Apud Philippum Iunctam. The first printed edition.
- Courier, Paul Louis (1810). Contained a previously unknown passage, after the discovery of a new manuscript.
- Athenian Society (1896). Longus, literally and completely translated from the Greek. Athens: Privately printed. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին. With English translation.
- Edmonds, John Maxwell (1916). Daphnis & Chloe, by Longus; The Love Romances of Parthenius and Other Fragments. Loeb Classical Library. Cambridge, Massachusetts: Harvard University Press. ISBN 0-674-99076-5. With English translation revised from that of George Thornley.
- Dalmeyda, Georges (1971) [1934]. Pastorales (Daphnis et Chloe) / Longus. Collection des universités de France. Paris: Belles Lettres. With French translation.
- Viellefond, Jean-René (1987). Pastorales (Daphnis et Chloé) / Longus. Collection des universités de France. Paris: Belles Lettres. With French translation.
- Reeve, Michael D. (1994) [1982]. Daphnis et Chloe / Longus. Bibliotheca scriptorum Graecorum et Romanorum Teubneriana (Editio correctior ed.). Stuttgart: Teubner. ISBN 3-8154-1932-8. Reeve's text is reprinted with the translation and commentary by Morgan (see below).
Անգլերեն թարգմանություններ
- Thornley, George (1657). Daphnis and Chloe: A Most Sweet, and Pleasant Pastorall ROMANCE for Young Ladies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին. A revised version is printed with Edmonds's text (see above).
- Hadas, Moses (1953). Three Greek Romances. Indianapolis: Bobbs-Merrill. ISBN 978-0-672-60442-3.
- Turner, Paul (1989) [1956]. Longus: Daphnis and Chloe. Penguin Classics. Harmondsworth: Penguin. ISBN 978-0-14-044059-1.
- Gill, Christopher (1989). «Longus: Daphnis and Chloe». In Bryan P. Reardon (ed.). Collected Ancient Greek Novels. Berkeley, California: University of California Press. էջեր 285–348. ISBN 978-0-520-04306-0.
- McCail, Ronald (2002). Daphnis and Chloe / Longus. Oxford World's Classics. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-284052-3.
- Morgan, J. R. (2004). Longus: Daphnis and Chloe. Aris and Phillips Classical Texts. Oxford: Oxbow Books. ISBN 978-0-85668-562-0. With reprint of Reeve's text and a commentary.
- Tyrrell, Wm. Blake (n.d.). «Daphnis and Chloe: A Novel by Longus». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին.
- Henderson, Jeffrey (2009). Longus: Daphnis and Chloe / Xenophon of Ephesus: Anthia and Habrocomes. The Loeb Classical Library. Cambridge, Massachusetts: Harvard University Press. ISBN 978-0-674-99633-5. Side-by-side Greek text and English translation.
- Humphreys, Nigel (2015). The Love Song of Daphnis and Chloe, Circaidy Gregory Press. 978-1-906451-88-2. In the format of an Epic Poem.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունարեն տեքստի հրատարակություններ
- Longi Pastoralium de Daphnide et Chloe Libri IV Graece et Latine Ed. Christ. Guil. Mitscherlich, Biponti (Zweibrücken), 1794.
- Longi Pastoralia First complete Greek text of Daphnis and Chloe, edited by P.-L. Courier, with a Latin translation by G. R. Lud. de Sinner. Paris, 1829.
- Longi Pastoralia Greek text of Daphnis and Chloe with a Latin translation, edd. Seiler, Schaefer, Boissonade & Brunck. Leipzig, 1843.
- Erotici Scriptores Paris, 1856. Longi Pastoralia, Greek text with Latin translation, edited by G A Hirschig, pp. 174–222.
- Daphnis and Chloe The Bibliotheca Classica Selecta's 2006/07 edition of the Greek text with the French translation of Jacques Amyot revised, corrected and completed by P.-L. Courier.
Վերլուծություններ և այլ ուսումնասիրություններ
- Chirping Cicadas and Singing Crickets Արխիվացված 2017-03-22 Wayback Machine An article – written from the standpoint of a cultural entomologist – by Herbert Weidner, Hamburg, Germany.
- Daphnis and Chloe: Its influence on art and its impact on Goethe An entry in the Encyclopedia of World Biography which also notes the work done by William E. McCulloh, Emeritus Professor of Classics at Kenyon College, Ohio, in dating Daphnis and Chloe.
- Longus: Life, Influence & Bibliography An entry in the Encyclopedia of the Ancient World.
- J. C. Dunlop's History of Fiction London, 1888, vol. 1, pp. 45–57.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափնիս և Քլոե» հոդվածին։ |
|