[go: up one dir, main page]

Jump to content

Դաղձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաղձ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Տրիբա Mentheae
Ենթատրիբա Menthinae
Ցեղ Դաղձ (Mentha)
L., 1753

Դաղձ (լատին․՝ Méntha), շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ հոտ, նրանցից մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։

Այս ընտանիքի բույսերն իրարից տարբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և այլ քանակությամբ եթերային յուղեր։

Ըստ ավանդության՝ դաղձ (անանուխը ) Mentha է կոչվել Մենտա հավերժահարսի անունով, ում Պերսեփոնեն՝ Զևսի և Դեմետրեի դուստրը, բուսական աշխարհի թագուհին, հոտավետ բույս դարձրեց՝ բուրավետ դաղձ[1] ու Աֆրոդիտեին ընծայեց։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաղձը (ասորերեն՝ անանուխ) հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում, բարձր գնահատվել Հին Հունաստանում։ Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։ Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։

Դաղձի դոնդող, մատուցում են գառան մսի հետ միասին

Բույսը լայնորեն օգտագործվում է սննդային ապարանքների պատրաստման, կոսմետիկայի՝ դաղձ ճապոնական (Mentha japonica) և կծու դաղձ (Mentha piperita), բուսական բժշկությունում և արոմաթերապիայում՝ կծու դաղձ, դաղձ ջրային (Mentha aquatica), դաղձ ճահճային (Mentha pulegium), դեղագործության մեջ հիմնականում օգտագործում են կծու դաղձը։

Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։

Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկանքը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։

Ավիցեննան ջրային անանուխ է առաջարկել ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, լվիճային անանուխ՝ արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար։

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։

Դաղձի լիմոնադ

Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։

Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։

Դաղձ

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4-6, տերևներում՝ 2,4-2,75, իսկ ցողուններում՝ մինչև 0,3%։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով՝ թրման եղանակով։ Նրա հիմնական մասը (41-65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։

Դաղձի տերևները

Մշակման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումքը հավաքում են ծաղկման սեզոնում։ Մշակման ժամանակ առանձնացնում ենք թարմ, վայրի խոտաբույսի ոչ պիտանի մասերը, չորացնում չորանոցներում և անմիջապես փաթեթավորում թղթե փաթեթներում, որտեղ բույսը կարողանում է պահպանել իր արոմատիկ գամման։

Ընտանիքը ընդգրկում է մոտավորապես 250 տեսակ և շուրջ 10 բնական հիբրիդներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Страбон. География VIII.3.14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 266
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաղձ» հոդվածին։