[go: up one dir, main page]

Jump to content

Տայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տայք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է8 գավառ
Գլխավոր քաղաքՈւղթիք
Այլ քաղաքներԱրդվին, Կրիակունք, Արսիս, Ուղթիս, Խոտորջուր
Կառավարող տոհմ(եր)Մամիկոնյաններ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Տարածք10179 կմԱ (3 %)
ԲԾՄ
 • Առավելագույն բարձրություն

 Քաջքար լեռ՝ 3937 մ մ
Ներկայիս երկրներԹուրքիա Թուրքիա
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
Ներկաքրդեր, լազեր
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաԻսլամ
Տայքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Տայք, Մեծ Հայքի 14-րդ նահանգը։ Տայք անունը հնագույն է և ունի էթնիկական ծագում[փա՞ստ]։ Այն կապված է տաոխներ կամ տայեր ցեղանվան հետ[փա՞ստ]։ Տայքի մասին առաջին տեղեկությունները հաղորդել է Քսենոֆոնը։ Նրա հիշատակությունների համաձայն, Տայքի (Քսենոֆոնի մոտ՝ Տաոխ) բնակիչները՝ տայեցիները, խիզախ և ռազմասեր ժողովուրդ էին. նրանք, ինչպես և խաղտիացիներն ու կորդվացիները, չէին ենթարկվում Աքեմենյան Պարսկաստանին և ինքնուրույն էին։ Տայքը Արտաշես Ա-ի օրոք միացվել է Մեծ Հայքի հայկական թագավորությանը։ Մեծ Հայքին միացվելուց հետո Տայքը նրա կազմում մնաց մինչև արաբական տիրապետության շրջանը։ IV-VIII դարերում Տայքում իշխում էին Մամիկոնյանները։ Այդ շրջանում Տայքը փաստորեն ներկայացնում էր մի վարչաքաղաքական միավոր՝ մի ֆեոդալական իշխանություն։ Երբ VIII դարի վերջերից Մամիկոնյանները կորցրին իրենց քաղաքական հզորությունը և աստիճանաբար դադարեցին երկրի քաղաքական ու ռազմական կյանքում կարևոր դեր խաղալուց, Տայքի նրանց կալվածքները անցան Բագրատունիներին։ X-րդ դարում Տայքի մի մասում և Կղարջքում վրաց Բագրատունիները հիմնում են Բյուզանդիային վասալ մի իշխանություն, որը հայտնի է Տաո-Կլարջեթի կյուրոպաղատություն անունով։ Վրացական այս իշխանությունը երկար ժամանակ ստիպված էր համառ պայքար մղել Բյուզանդիայի դեմ, որն ամեն մի առիթ օգտագործում էր նրա ներքին ինքնավարությունը վերացնելու և կայսրության պրովինցիա դարձնելու համար։ Տաո-Կլարջեթի իշխանությունը հետագայում միացվեց վրաց Բագրատունիների կենտրոնական թագավորությանը, որը XI-XIII դարերում ապրում էր իր բուռն զարգացման շրջանը։

Տայքը մշտապես եղել է հայոց պետականության գոյատարածքներից մեկը։ Այն Դայաենի և Դիաուեխի անվանումներով հիշատակվում է ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում։ Մ.թ.ա. 401 թվականին անցնելով Հայաստանով՝ հույն զորավար Քսենոփոնը հիշատակում է «տայոխների» երկիրը։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 230–ական թվականներին Հայոց արքա Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագույն մասը հատկացրել է Մամիկոնյանների նախարարությանը՝ որպես ժառանգական կալվածք։ V–VI-րդ դարերում Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591 թվականին Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքը անցել է Բյուզանդական կայսրությանը։ Մորիկ կայսեր կողմից Հայաստանի վարչական բաժանման ժամանակ ստացել է «Խորագույն Հայք» անվանումը։ VII-րդ դարի կեսից Տայքը մտել է արաբական արշավանքների ժամանակ բյուզանդական զորքերից լքված և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ առժամանակ ինքնուրույնությունը վերականգնած Հայաստանի կազմի մեջ։ VII-րդ դարի վերջին և VIII-րդ դարի սկզբին մի շարք հայ իշխանական տներ ապաստանել են Տայքի լեռնավայրերում՝ խուսափելով արաբական նվաճողների հալածանքներից։ Տայքը դարձել է հակաարաբական պայքարի կենտրոն՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Անհավասար կռիվներում թուլացած և Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածքները, այդ թվում՝ Տայքը, VIII-րդ դարի վերջին անցել են Բագրատունիներին։ X-րդ դարում Տայքի Բագրատունյաց ճյուղն ընդունել է բյուզանդական գերիշխանությունն ու քաղկեդոնական դավանանքը, կառավարել կայսեր շնորհած բարձր տիտղոսներով։ 1001 թվականին Տայքը նվաճել Է Բյուզանդական կայսրությունը, որը վարել է տեղի հայ բնակչությանը քաղկեդոնականություն պարտադրելու և նրանց ռազմական ուժերը ջլատելու քաղաքականություն։ 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում սելջուկյան թուրքերից պարտված Բյուզանդիան հայկական հողերի հետ Տայքը զիջել է նրանց։ XII-րդ դարի վերջին և XIII-րդ դարի սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը ազատագրել են Տայքը։ Թաթար–մոնղոլական նվաճումներից և վրաց Բագրատունյաց թագավորության քայքայումից հետո, Տայքը մնացել է Ճաղի աթաբեկության կազմում։ 1590 թվականի թուրք–պարսկական պայմանագրով Տայքը անցել է Օսմանյան կայսրությանը։ XVII-XVIII-րդ դարերում Տայքի հայ-քաղկեդոնական բնակչությունը ենթարկվեց բռնի մահմեդականացման, մինչդեռ երկրի առաքելական հայությունը, ինչպես վկայում է XVII-րդ դարի հեղինակ Հակոբ Կարնեցին, կարողացավ պահպանել Քրիստոնեական հավատքը։ XVIII-XIX-րդ դարերում դավանափոխ հայերին պարտադրվեց նաև թուրքերենը։ 1877-78–ի ռուս–թուրքական պատերազմից հետո Տայքի մի մասը անցավ Ռուսական կայսրությանը։ Թուրքացած բնակիչները մեծ մասամբ գաղթեցին Օսմանյան կայսրություն։ Տայքում բնակվեցին նաև Արևմտյան Հայաստանից եկած հայեր։ 1918-20-ական թվականներին Տայքի մի մասն անցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը, սակայն այդ տարածքները Թուրքիայի կողմից գրավվելուց հետո տեղի հայերը ենթարկվեցին թուրքական կոտորածներին ու բռնություններին, փրկվածները գաղթեցին Հարավային Կովկաս[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայքը խիստ լեռնային և անտառապատ երկիր է։ Տարածվում էր Ճորոխի միջին հոսանքի և նրա աջակողմյան վտակների ավազաններում։ Շրջապատված էր արևմուտքից Պոնտոսով, հյուսիսից՝ Լազիկայով և Եգերքով (Աջարիա), հյուսիս-արևելքից ու արևելքից՝ Գուգարքի Կղարջք և Այրարատի Վանանդ գավառներով, իսկ հարավից՝ Բարձր Հայքով[2] և Այրարատի Բասեն գավառով։ Նշված բոլոր կողմերում Տայքն իր հարևաններից բաժանված էր լեռնաշղթաներով։ Լեռնային և անտառապատ այս երկիրը հայտնի էր իր ամրությամբ։ Նա քաղաքական աննպաստ պայմաններում հաճախ դառնում էր հայ թագավորների ու իշխանների ապաստարանը։ Տայքի բնակչությունը, Գուգարքի բնակչության նման, ուներ խառն ազգային կազմ։ Այստեղ ապրում էին տարբեր ժողովուրդներ, որոնց բացարձակ մեծամասնությունը հին ժամանակներից ի վեր կազմում էին հայերը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայքը վարչականորեն բաժանվում էր 8 գավառի.

Վանական համալիր Տայք նահանգում

Կողը (վրացերեն՝ Կոլա) տարածվում էր Կուրի ակունքների շրջանում և իր տարածքով գրեթե համընկնում էր այժմյան Գյոլեհի շրջանին։ Այստեղ հիշատակվում է համանուն բերդ, որի աշխարհագրական դիրքը մեզ համար մնում է անորոշ։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքի Արդահան, արևելքից՝ Այրարատի Վանանդ, հարավից՝ Տայքի Բերդաց փոր և արևմուտքից՝ Ճակք գավառներին։ Ենթադրաբար նույնացվում է ուրարտական արձանագրություններում հիշատակվող Կուլխային։ Գավառում գտնվել է Կրիակունք ավանը։ Մովսես Խորենացու վկայությամբ, Հայոց Վաղարշակ թագավորը Կողում հիմնել է այգիներ և ծաղկաստաններ, այն դարձրել արքունի ամառանոց և որսարան, իսկ նրա որդի Արշակի գահակալման ժամանակ Կովկասից խուժած բուլղար ցեղերը հաստատվել են Կողի հարավային արգավանդ, հացառատ դաշտում։ Ըստ Ղևոնդ պատմիչի՝ արաբական հալածանքներից խուսափող 12 հազար հայեր, Ամատունյաց իշխան Շապուհի և նրա որդի Համամի առաջնորդությամբ, 789 թվականին Կողում հաղթել են հետապնդող թշնամուն և անցել Խաղտիք։ IX դարի 2-րդ կեսին Կողը անցել է Աբխազական թագավորությանը, սակայն Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին (890-914թթ.) այն վերամիավորել է Հայաստանին։ X-րդ դարի 2-րդ կեսին Կողը մտել է Տայքի կյուրապաղատության, XI-րդ դարի սկզբից՝ Բյուզանդական կայսրության, XII-րդ դարի վերջից՝ Վրացական թագավորության մեջ։ XIII-րդ դարի 1-ին կեսին Կողը նվաճել են թաթար-մոնղոլները, XVI-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ 1877թ.-ին անցել է Ռուսաստանին (մոտավորապես համապատասխանում էր Կարսի մարզի Արդահանի օկրուգի Գյոլի տեղամասին)։ 1918 թվականին թուրքական բռնազավթումից հետո Կողի հայերի մի մասը զոհվել է, փրկվածները ապաստանել են Անդրկովկասում։ 1919 թվականի ապրիլին, Կարսի մարզի կազմում, անցել է Հայաստանի Հանրապետությանը, սակայն քեմալական Թուրքիան 1920թ.-ի հոկտեմբերին կրկին զավթել է մարզը, որը 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով տրվել է Թուրքիային։ Կողից անմիջապես արևմուտք տարածվում էր Բերդաց փոր գավառը, իսկ սրանից էլ արևմուտք, այժմյան Օլթի գետի վտակներից մեկի վրա՝ Պարտիզաց փորը։ Պարտիզաց փոր գավառը գտնվում է Ուխտիքի Պարտեզ վտակի վերին և միջին հոսանքների շրջանում։ Կենտրոնն էր Պարտեզ ավանը։ Արևելքից Կարմիր Փորակ (այժմ՝ Սողանլու) լեռներով բաժանվում էր Այրարատ նահանգի Վանանդ գավառից, հարավից՝ Մեծրաց լեռներով՝ Բասեն և Աբեղյանք գավառներից, հյուսիսից սահմանակից էր Բերդաց փոր, արևմուտքից՝ Բոխա գավառներից։ Ըստ Ս.Տ.Երեմյանի, գավառն զբաղեցրել է 662 քառ. կմ. տարածք։ Ոքաղե կամ Ուխթիք գավառը գրավում էր Օլթի գետի միջին հոսանքի շրջանը։ Այս գավառում էր գտնվում Ուխթիք բերդաքաղաքը, որը համապատասխանում է այժմյան Օլթիին։ Այստեղ են գտնվում Ղազար Փարպեցու հիշատակած Գեղիկր Վարդաշեն գյուղերը (Բասենի սահմանակցությամբ)։ Ս.Երեմյանի կարծիքով, Ոքաղեն ընդգրկել է Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի վերին և միջին հոսանքի շրջանները։ Համապատասխանում է այժմյան Թորթում գավառին։ Ազորդաց փոր կամ Ազորդ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանքի կազմում։ IV-VIII-րդ դարերում եղել է Մամիկոնյանների սեփականությունը։ Կենտրոնը՝ Ազորդ։ X-րդ դարում, երբ Ազորդաց փորը Տայքի կյուրապաղատության կազմում էր, հայ բնակիչների մի մասը հարել է քաղկեդոնականությանը, Օշկ, Խախու, Էգրեկ (Ագարակ), Իս և այլ գյուղերում կառուցվել են քաղկեդոնիկ եկեղեցիներ։ 1000 թվականին Ազորդաց փորը Տայքի մեծ մասի հետ միացել է Բյուզանդիային։ Ազորդաց փորի տարածքը XIII-րդ դարում կոչվել է Թորթում։

Տայքի նկարագրությունը, Աշխարհացույց»-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնչորսերորդ աշխարհն է Տայքը, Գուգարքին հարևան, ամրոցներով ու բերդերով հարուստ, ունի ութը գավառ. Կող գաւառ արևելյան մասում, որտեղից բխում են Կուր գետի աղբյուրները Կրիակունք կոչված գյուղից։ Եվ Կուր գետը այստեղից հոսում է դեպի արևմուտք Արտահան երկայնանիստ գավառով, ապա դառնում է դեպի հյուսիս և իջնում է Սամցխե գավառը, որից հետո դառնում է դեպի արևելք մինչև Կասպից ծովը։ Իսկ Կող գաւառից արևմուտք գտնվում են Բերդացփոր, Պարտիզացփոր, Ճակք, որից արևելք և հարավ գտնվում են Բուղխա, Ոքաղե և Ազորդացփոր գավառները իրենց համանուն գետակներով, որոնք խառնվելով իրար՝ թափվում են Վոհ գետը։ Այս գավառներից արևմուտք է Արսյաց փոր գավառը՝ Պարխար լեռների փեշերին, որտեղից հոսում է Վոհ գետը, որը, գալով Սպեր գավառից, անցնում է Թուխարք բերդով Կղարջք գավառը, այստեղից էլ՝ Եգր աշխարհ՝ Նիգալ, Մրուղ և Մրիտ գավառներով հոսելով, թափվում է Պոնտոսի ծովը, որը եգերացիները կոչում են Ակամսիս, իսկ Խաղտիք՝ Կակամար։ Տայքում կա թուզ, թթու նուռ, աղտոր, սերկևիլ, պտղախունկ և նուշ»։
- [3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://akunq.net/am/?p=82 Ակունք անդրադարձ
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  3. (Ս. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», էջ 110-111, մեջբերումն ըստ՝ Տիրան Մարության, Տայքի ճարտարապետական հուշարձանները)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ.Խ.Հակոբյան «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Երևան, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։