Վահե Շահվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Շահվերդյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1945 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 31, 2022[1] (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և ռեժիսոր |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սուրեն Շահվերդյան |
Վահե (Ֆլոբեր) Սուրենի Շահվերդյան (օգոստոսի 19, 1945, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2022[1]), «ռեժիսորական ներկայացումների» բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), ՀՀ ժողովրդական արտիստ (2003)։
Բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ ՀՀ Աժ պատգամավոր՝ 1995-1999 թվականներին։ 2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար[2][3]։ Աշխատել է ԵԹԿՊԻ-ում, ինչպես նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահե Շահվերդյանը ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Լեհաստան, Չեխիա, Թուրքիա, Պարսկաստան[4]։ Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը և ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց, իսկ ինքնատիպ դերակատարումով առանձնացավ և «Վահագն» մրցանակի արժանացավ Պոնսիայի դերակատար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը[5]։ Շահվերդյանական բեմադրությունների հատկապես առաջին և երկրորդ շրջանում նկատելի էր աճեմյանական ռեժիսորական ձեռագրի ազդեցությունը։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետեռլինկի «Կապույտ թռչուն», 1980
- Անտոն Չեխովի «Երեք քույր», 1987, միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Լիսաբոն, 1990
- Ռ. Հակոբջանյանի «Նոյի ժառանգները», 1991, միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Ուժգորոդ, 1991
- Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Ռուս դասական դրամատուրգիայի միջազգային փառատոնի 1-ին մրցանակ, 1993, Օրյոլ
- Մ. Կոլտեսի «Ռոբերտո Ձուկկո», 1995, Ստրասբուրգի Ազգային թատրոն
- Մուրացան «Ռուզան» - վերաբեմադրվել է մի քանի անգամ
- Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1999
- Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ ցանկություն» , 1999
- Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը», 2001
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Տրապիզոն, 2006
- Վ. Շեքսպիրի «Լիր արքան», 2010
- Դ. Դեմիրճյան «Երկիր հայրենի[6]՛- 2021
Ղեկավարել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնը, որի բեմադրությունների շնորհիվ Վանաձորի դրամատիկական թատրոնն արժանացել է ճանաչման։ Շահվերդյանի արվեստին բնորոշ են դասական գործերի նոր ու ինքնատիպ ընթերցումը, վառ թատերայնությունը և ասելիքի հոգեբանական խորությունը, սիմվոլներն ու մետաֆորները, վիզուալ գեղեցկությունը, երբեմն բնագրից հեռանալը։ Նրա «ռեժիսորական» ներկայացումներում կարևորվում են ինչպես դերասանի անհատականությունը, այնպես էլ ռեժիսորական գաղափարները դերասանի միջոցով մատուցելը։ Ռեժիսորական լուծումները և գերապատվությունը ռեժիսուրային նրա բեմադրությունների մեկնակետերն են։ Նրա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։ Նրա բեմադրություններում առաջին պլանում ռեժիսուրայի կարևորումն է։ Նրա ներկայացումները կոչվում են ռեժիսորական, քանի որ ռեժիսորական լուծումները գերակա դիրք ունեն դերասական խաղի նկատմամբ։ Ռեժիսուրայում համարվում է ֆորմալիստական ուղղության ներկայացուցիչ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1989
- Մովսես Խորենացու մեդալ, 1996
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2003
- Վահագն համահայկական մրցանակ, 2003
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2005
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2005
- ԵՊՀ ոսկե մեդալ, 2006
- ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակ, 2006
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2016[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, էջ 248, Երևան, 2007.
- ↑ «Վահե Շահվերդյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Ամփոփվել են «Վահագնե մրցանակաբաշխության երկրորդ փուլի արդյունքները». armenpress.am. 00:00, 3 Մայիս, 2002.
- ↑ «Դեմիրճյանի «Երկիր հայրենի»-ն՝ Վանաձորի թատրոնի բեմում». hraparak.am. 2021 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մութաֆյան Լ., Վահե Շահվերդյան, Ե., 2004։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 2022 մահեր
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բեմադրիչներ
- Հայ ռեժիսորներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ հաղորդավարներ
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ