Ստալկինգ
Ստալկինգ (անգլ.՝ Stalking, հայերեն՝ Հետապնդում, արտասանվում է՝ «Սթոքինգ»), մեկ անձի նկատմամբ անցանկալի օբսեսիվ ուշադրություն մեկ այլ անձի կամ մարդկանց խմբի կողմից։ Ստալկինգը ոտնձգության և ահաբեկման ձև է, որը, որպես կանոն, արտահայտվում է զոհին հետապնդելով։
Ստալկերներին բնորոշ պահելաձևն է անդադար հեռախոսային զանգերն ու վիրավորելը, անցանկալի նվերներ ուղարկելը, հետապնդումն ու լրտեսությունը, անցանկալի էլեկտրոնային նամակներն ու այլ համացանցային վիրավորանքներ, ինչպես նաև վտանգավոր և վախեցնող գործողություններ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալկինգի կարող են ենթարկվել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Սակայն, հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդկանց շրջանում ստալկերների մաս են կազմում 83%-ը, իսկ կանայք զոհերի մոտ երկու երրորդը[1]։ Ստալկերների 50%-ն են կազմում նախկին զուգընկերները, որոնք սկսում են հետապնդել բաժանումից կամ ամուսնալուծությունից հետո[1]։
Համաձայն 2010 թվականի ուսումնասիրության, ԱՄՆ-ում յուրաքանչյուր չորրորդ կին և 13-րդ տղամարդ ենթարկվել են ստալկինգի[2]։
Ստալկերների հոգեբանություն և վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած անձամբ ստալկերները պնդում են, որ իրենց գործողությունները կատարվում են գրավչության, սիրո կամ խանդի պատճառով, ապա ըստ հոգեբանների, ստալկերների իրական դրդապատճառը զոհի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկությունն է[1][3]։ Որպես կանոն, ստարլերների վարքը ցիկլային բնույթ ունի և դրանով նման է ընտանեկան բռնությանը․ սկսած իր սերը ապացուցելու փորձերից, զոհերին նամակներ, ծաղիկներ կամ նվերներ ուղարկելով, ստալկերն անցնում է վիրավորանքների և սպառնալիքների, որոնք, ի վերջո, կարող են իրականացվել[3]։
Հետևանքները ստալկինգի զոհերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարցումների համաձայն, ստալկինգի արդյունքում զոհերը վախի և անհանգստության ապրումներ են ունենում, սկսում են տառապել խուճապային գրոհներով, մղձավանջներով, անքնությամբ և դեպրեսիայով[1][3]։ Զոհերը կարող են նաև տնտեսական կորուստներ ունենալ, որը կապված է աշխատունակության նվազման, ինքնապաշտպանության համար իրերի հարկադիր գնման, աշխատանքի կամ նույնիսկ բնակության վայրի փոփոխության հետ[3]։
Նախկին զուգընկերոջ կողմից ստալկինգի դեպքերի ժամանակ հետապնդումն հաճախ ուղեկցվում է ֆիզիկական բռնությամբ, ինչպես նաև զոհի սպանությամբ։ Ըստ Կանանց դեմ բռնության ազգային հարցման, որն անցկացվել է ԱՄՆ-ում 1998 թվականին, իրենց ինտիմ զուգընկերների կողմից հետապնդումների ենթարկված կանանց երեք քառորդը նաև ֆիզիկական բռնություն է ենթարկվել[3]։ Ըստ մեկ այլ հետազոտության, կանանց 76%-ը, որոնք սպանվել են ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից, մինչ սպանությունը մարդասպանի կողմից 12 ամսվա ընթացքում հետապնդման են ենթարկվել[4]։
Օրենսդրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի շատ երկրներում ստալկինգը համարվում է հանցագործություն։ Այնուամենայնիվ, ստալկերների կողմից կիրառվող որոշ գործողություններ և մարտավարություններ կարող են օրինական լինել, օրինակ՝ տեղեկության հավաքում, հեռախոսային զանգեր, նամակներ, էլեկտրոնային նամակներ կամ ակնթարթային հաղորդագրություններ։ Այս գործողությունները համարվում են անօրինական, երբ դրանք խախտում են ոտնձգության կանոնադրության սահմանումը։ Օրինակ՝ համաձայն Մեծ Բրիտանիայի օրենսդրության, երկու միջադեպեր բավարար են վարքը ստալկինգի որակելու համար, պայմանով, որ հետապնդողը տեղյակ է իր գործողությունների անցանկալիության մասին։ Դա կարող է լինել երկու հեռախոսազանգ անծանոթ մարդուն, երկու նվեր, զոհին ֆիզիկապես հետևելու մեկ դեպք և այլն[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Հինքլի` ամերիկացի դերասանուհի Ջոդի Ֆոսթերի ստալկեր։ Հայտնի է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ կատարած մահափորձով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Пронина Д. Школа выживания: смертельная хватка любви
- ↑ Michele C. Black et al., "The National Intimate Partner and Sexual Violence Survey: 2010 Summary Report, " (Atlanta, GA: National Center for Injury Prevention and Control, Centers for Disease Control and Prevention, 2011).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Преследование: к пониманию проблемы(չաշխատող հղում)
- ↑ Judith McFarlane et al., "Stalking and Intimate Partner Femicide, " Homicide Studies 3, no. 4 (1999).
- ↑ «Stalking». sexualharassmentsupport.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.