[go: up one dir, main page]

Jump to content

Ռոանոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ուոյտի կողմից 1585 թվականին կազմված Հյուսիսային Կարոլինայի առափնյա քարտեզը (Բրիտանական թանգարան): Ռոանոկ կղզին պատկերված է վարդագույնով

Ռոանոկի գաղութ (անգլ.՝ The Roanoke Colony, հայտնի է նաև որպես «Կորուսյալ գաղութ», անգլ.՝ Lost Colony), անգլիական գաղութ համանուն կղզում (ներկայում՝ ԱՄՆՀյուսիսային Կարոլինա նահանգի Դեյր շրջանում)՝ հիմնված Եղիսաբեթ I թագուհու հովանու ներքո գործող Ուոլտեր Ռելիի միջոցներով, որի նպատակն էր Հյուսիսային Ամերիկայում անգլիական մշտական առաջին գաղութի հիմնումը։

Կատարվել է առաջին գաղութի ստեղծման մի քանի փորձ։ Գաղութարարների առաջին խումբը ստիպված է եղել լքել կղզին ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով։ Հետագայում նրանց աջակցելու և գաղութը համալրելու նպատակով կղզի ժամանած 400 հոգուց կազմված խումբը, տեսնելով լքված բնակավայրը, վերադարձել է Անգլիա՝ թողնելով կղզում 15 մարդ։ Երրորդ խումբը, որը կազմված էր մոտ հարյուրից ավել մարդուց, համարվում է անհետ կորած։ Վերջին խմբի ղեկավար Ջոն Ուոյտը, ով Անգլիա էր վերադարձել աջակցություն ստանալու նպատակով, վերադարձին կղզին հայտնաբերել է անմարդաբնակ։ Նրա մարդկանցից ոչ մի հետք չկար, բայց ծառերից մեկի վրա անգլերեն տառերով գրված «Cro» (Կրո) բառից, որն, ըստ ենթադրությունների, հանդիսանում է Կրոատոան կղզու անվան սկզբնական տառերը։

«Անհետ կորած այս գաղութի» պատմությունը անմիջականորեն կապվում է հարևան հնդկացի կրոատոան գաղութի հետ և բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների ու ֆիլմերի ստեղծման հիմք է հանդիսացել։ Ամենից շատ տարածված է այն կարծիքը, որ գաղութարարները ենթարկվել են տեղացի հնդկացի ցեղերի հարձակման կամ էլ գերի են վերցվել իսպանացիների, միգուցե նաև ծովահենների կողմից։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սըր Ուոլտեր Ռելի, Նիկոլաս Հիլիարդի մանրանկար (ջրաներկ), մոտավորապես 1585 թ., Ազգային դիմանկարների պատկերասրահ, Լոնդոն

1584 թվականի մարտի 25-ին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I Ուոլտեր Ռելիին տվեց գաղութացման թույլտվություն։ Եղիսաբեթ I-ի հրամանը հստակեցնում էր, որ Ռելիին տրվում է 1 տարի, որպեսզի նա Հյուսիսային Ամերիկայում հիմնի գաղութ, հակառակ դեպքում նա կկորցնի գաղութացման իր իրավունքը[1]։ Ռելին և Եղիսաբեթ թագուհին կազմակերպեցին այդ միջոցառումը՝ գիտակցելով, որ այն իրենց առջև կբացի Նոր Աշխարհի հարստությունները, և նոր գաղութը կծառայի որպես ռազմածովային հենակետ Իսպանական Ամերիկայի գաղութների և նավատորմի վրա հարձակման համար[2]։

Ռելին երբեք չէր այցելել Հյուսիսային Ամերիկա, բայց 1595 և 1617 թվականներին ղեկավարել էր դեպի Հարավային Ամերիկայում գտնվող Օրինոկո գետի արշավախմբերը, որոնք փնտրում էին առասպելական Էլդորադո քաղաքը։

Բնակիչների առաջին խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1584 թվականի ապրիլի 27-ին Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերը հետազոտելու նպատակով Ռելին ուղարկեց արշավախումբ, որը ղեկավարում էին Ֆիլիպ Ամադեսն ու Արթուր Բառլոուն։ Արշավախումբը Ռոանոկ կղզի ժամանեց հուլիսի 4-ին[1] և կարճ ժամանակ անց կապեր հաստատեցին տեղացի հնդկացի Սեկոտան և Կրոատան ցեղերի բնակիչների։ Բառլոուն Անգլիա վերադարձավ երկու կրոատանցիների հետ, որոնց անուններն էին Մանտեո և Ուանչիզ։ Վերջիններս Ռելիին ներկայացրեցին իրենց շրջանի քաղաքականությունն ու նկարագրեցին աշխարհագրությունը[1]։ Հիմնվելով երկու կրոատանցիներից ստացած տեղեկատվության վրա՝ Ռելին Հյուսիսային Ամերիկա ուղարկեց երկրորդ արշավախումբը սըր Ռիչարդ Գրենվիլի գլխավորությամբ։ Նրան հանձնարարված էր տվյալ շրջանը լրացուցիչ հետազոտել և վերադառնալ Անգլիա հաջողված գործողության հաշվետվությամբ։

Գրենվիլի նավախումբը նավարկությունը սկսեց Պլիմուտից 1585 թվականի ապրիլի 9-ին։ Այն կազմված էր 5 նավերից՝ «Վագր» (Գրենվիլի նավ), «Այծյամ», «Կարմիր Առյուծ», «Եղիսաբեթ» և «Դորոտի»։ Պորտուգալիայի ափերի մոտ նավախումբը բախվեց փոթորկի, ինչի պատճառով «Վագր» անունը կրող նավը ետ մնաց մնացյալ նավերից[1]:Նման դեպքերի համար նավապետերն ունեին գործողությունների ծրագիր, որի համաձայն նրանք պետք է հանդիպեին Պուերտո Ռիկոյում։ Մայիսի 11-ին «Վագրը» ժամանեց «Մուսկիտոյի ծովախորշ»[3]։

«Մուսկիտոյի ծովախորշում» կառուցված ռազմական ամրության պատկերը (ջրաներկ)։ Այն որոշակի նմանություններ ունի Ռոանոկ կղզում կառուցված ռազմական ամրության հետ

Գրենվիլը առաջինը հասավ «Մուսկիտոյի ծովախորշ»։ Մինչ նա սպասում էր մյուս չորս նավերի ժամանմանը՝ կապեր հաստատեց Ամերիկայում գտնվող իսպանական գաղութների բնակիչների հետ։ Բացի այդ, նա նաև կառուցեց ռազմական ամրություն։ «Եղիսաբեթ» նավը սահմանված վայր ժամանեց ամրության կառուցումից անմիջապես հետո[4]։ Գրենվիլը չսպասեց մյուս երեք նավերի ժամանմանը և նավարկությունը սկսեց հունիսի 7-ին։ «Մուսկիտոյի ծովախորշում» Գրինվիլի կառուցած ռազմական ամրությունը լքվեց, իսկ նրա գտնվելու վայրն այդպես էլ անհայտ մնաց։

Հունիսի 26-ին «Վագրը» նավարկեց մինչև Օկրակոկ Ինլետ, սակայն հայտնվեց ծանծաղուտում՝ կորցնելով սննդամթերքի պաշարների մեծ մասը[1]։ Վերանորոգումից հետո հուլիսի սկզբին «Վագրը» հանդիպեց «Այծյամին» և «Դորոտիին», որոնք ժամանել էին Արտաքին ծանխաղուտների ջրեր «Կարմիր Առյուծի» հետ միասին մի քանի շաբաթ առաջ։ Սակայն «Կարմիր Առյուծն» իջեցրեց իր ուղևորներին, իսկ նավի անձնակազմը մեկնեց Նյուֆաունդլենդ, որպեսզի զբաղվի կապերությամբ[1]։

Նոր աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1585 թվականի հուլիսի 29-ին արշավախումբը հասավ Ամերիկայի ափ։ Մայրցամաքի առափնյա հատվածի ու տեղաբնիկ հնդկացիների բնակավայրերի սկզբնական հետախուզությունից հետո անգլիացիները Ակվակոկոկ գյուղի բնիկներին արծաթյա բաժակի գողության մեջ։ Գյուղն ամբողջությամբ ավերվեց և հրդեհվեց տեղաբնիկների առաջնորդի հետ միասին[1]։ Այս իրադարձությունը նկարագրել է նաև Ռիչարդ Հակլուտը։ Նրա հաշվետվությունները հիմնված են տարբեր բանկիրների, այդ թվում նաև՝ հենց Ուոլտեր Ռելիի ասածների վրա։ Ինքը՝ Հակլուտը, երբեք չի եղել Նոր աշխարհում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 David B. Quinn. Set Fair for Roanoke: Voyages and Colonies, 1584-1606. — UNC Press Books, 1985-01-01. — 496 p. — ISBN 9780807841235.(անգլ.)
  2. Karen Ordahl Kupperman. Roanoke, the Abandoned Colony. — Rowman & Littlefield, 1984-01-01. — 194 с. — ISBN 9780847673391.(անգլ.)
  3. Teacher Handbook to Roanoke Revisited - Fort Raleigh National Historic Site. U.S. National Park Service.
  4. Giles Milton. Big Chief Elizabeth: The Adventures and Fate of the First English Colonists in America.Macmillan Publishers, 2001-10-19. — 372 p. — ISBN 9780312420185.
  5. Irwin Blacker. Hakluyt's Voyages: The Principle Navigations Voyages Traffiques & Discoveries of the English Nation. — New York: Viking Press, 1965.(անգլ.)