[go: up one dir, main page]

Jump to content

Պիգմեյներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական մարդ, պիգմեյ (ձախից աջ)

Պիգմեյներ կամ նեգրիլներ (հուն.՝ Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), նեգրոիդ ռասային պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ։ Բնակվում են Աֆրիկայի հասարակածային անտառներում։

Պիգմեյների մասին հիշատակվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հին եգիպտական գրություններում։ Նրանց մասին հիշատակություններ կան նաև հին հունական աղբյուրներում (Հոմերոսի «Իլիական»-ում, Հերոդոտոսի և Ստրաբոնի երկերում)։

16-17-րդ դարերում մատիմբա անունով հիշվում են Արևմտյան Աֆրիկան հետազոտողների գրություններում։ 19-րդ դարում նրանց գոյությունը ապացուցվել է գերմանացի հետազոտող Գեորգ Ավգուստ Շվեյնֆուրտի և ռուս հետազոտող Վասիլի Յունկերի կողմից, ովքեր այդ ցեղերին հայտնաբերել են Իտուրի և Ուզլե գետերի ավազանին պատկանող արևադարձային անտառներում (պիգմեյների էթնիկ խմբերից էին ակկա, տիկիտիկի, բամբուտի, բատվա, օբոնգո, բակա և այլն)։ 20-րդ դարի վերջերին պիգմեյները բնակվում էին Գաբոնի, Կամերունի, Կենտրոնաաֆրիկյան հանրապետության, Կոնգոյի և Ռուանդայի անտառներում։

Մեծահասակ տղամարդու հասակը 145-150 սմ է, մաշկի գույնը բաց դարչնագույն, մազերը մուգ, գանգուր, շրթունքները համեմատաբար բարակ։ Պիգմեյների հնարավոր թվաքանակը հավանաբար կազմում է 40-280 հազար մարդ։

Հիմնական զբաղմունքը որսորդությունն ու հավաքչությունն է։ Որսի զենքը նետ ու աղեղն է։ Նետերի ծայրերը մեծ մասամբ թունավորված են։

Պիգմեյների կարճահասակության վերաբերյալ մուտացիաներ ի հայտ բերելու նպատակով ուսումնասիրվել են մի քանի ցեղախմբերի գեները, սակայն պարզվել է, որ ցածր հասակը կոնվերգենցիոն էվոլյուցիայի արդյունք է։ Երեխաները ծնվում են արդեն իսկ փոքր հասակով։ Հասակի սահմանափակումներն ի հայտ են գալիս պտղի ներարգանդային զարգացման շրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 671