Պալանգա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալանգա (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պալանգա | |||
լիտ.՝ Palanga | |||
| |||
Երկիր | Լիտվա | ||
Համայնք | Palanga City Municipality? | ||
Առաջին հիշատակում | 1161 | ||
Մակերես | 79 կմ² | ||
ԲԾՄ | 10 մետր | ||
Պաշտոնական լեզու | լիտվերեն | ||
Բնակչություն | ▲18 132 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Պաշտոնական կայք | palanga.lt | ||
| |||
Պալանգա (լիտ.՝ Palangà), առողջարանային քաղաք Լիտվայի արևմտյան մասում՝ Բալթիկ ծովի ափին։ Մտնում է Կլայպեդայի կոմսության կազմում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը, ըստ ժողովրդական մեկնաբանության, ծագում է լիտ.՝ po langą` «պատուհանի տակ» բառերից։ Ներկայացվում է խառնաշփոթ պատմություն ավազի մասին, որով իբր ծածկվել է Պալանգայի առաջին բնակիչներից մեկի տունը մինչև պատուհանները։ Իրականում անունը ծագում է բալթյան արմատից, որ նշանակում է «ցածր, ճահճուտ վայր»։
Մինչ 1917 թվականը բնակավայրը պաշտոնապես կոչվել է Պոլանգեն (գերմ.՝ Polangen)։
Դիրք և ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ձգվում է Բալթիկ ծովի ափով՝ զբաղեցնելով 25 կմ ափամերձ տարածք։ Գտնվում է Կլայպեդայից 26 կմ հյուսիս, Վիլնյուսից 331 կմ հյուսիս-արևմուտք և Լատվիայի սահմանից 19կմ հեռավորության վրա։ Ավտոմայրուղիներով կապված է Վիլնյուսին և Կաունասին։ Երկաթուղային մոտակա կայարանները գտնվում են Կլայպեդայում և Կրետինգում։ Ծովով կապվում է Զասնիցին, Կարլսհամնին, Քիլին, Օրհուսին, Տրավեմյունդեին։ Պալանգայի և Կլայպեդայի միջև կա հեծանվային ուղի[2]։
Պալանգայում գործում են միջազգային օդանավակայան, ավտոբուսային կայարան, հյուրանոցներ, հանգստյան տներ, երեք առողջարաններ, սաթին նվիրված թանգարան, բուսաբանական այգի, նոր գոթիկայի ոճով եկեղեցի (1907)[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության քանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1867 թվականին Պալանգայում ապրում էր 1.414 մարդ. կար 164 տուն։ 1897 թվականին բնակչության թիվը կազմում էր 2.419 մարդ[4]։
2001 թվականին Պալանգայի բնակչությունը կազմում էր 17.600 մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում է 223.08 մարդ մեկ քառակուսի մետրում։
2011 թվականին քաղաքի բնակչությունը հաշվվում էր 15.732 մարդ։
Բնակչության կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 94.05%-ը կազմում են լիտվացիները, 2.72%-ը՝ ռուսները, 0.24%-ը՝ լեհերը, 1.25%-ը՝ լատիշները, 1.28%-ը՝ այլ ազգի ներկայացուցիչները[5]։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշանին պատկերված է կապույտ վահան, որի վրա՝ սաթե վզնոցից վերև, թագ է պատկերված։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1161 թվականի գրավոր հուշարձաններում, սակայն հիմնադրման տարեթիվ համարվում է 1253 թվականը, երբ այն հիշատակվել է գերմանական օրդենի ժամանակագրության մեջ։
1435 թվականին դեկտեմբերի 31-ին Բրեստի պայմանգրով Պալանգան ընդմիշտ անցնում է Լիտվային[2]։ Պալանգայի բնակչության հիմնական զբաղմունքները մինչև 19-րդ դարը եղել են սաթի հավաքումը, ձկնորսությունը, առևտուրը։ Պալանգայից ծովով արտահանել են սաթ, մեղր, մոմ։ 1701 թվականին Պալանգայի ծովափնյա շինությունները ավերվել են շվեդական նավատորմի կողմից։ 1795 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո, Պալանգան ողջ Լիտվայի հետ մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ[2]։
1824 թվականից Պալանգան պատկանում էր Տիշկևիչ կոմսերին։ Տիշկևիչները շատ միջոցներ են ներդրել բնակավայրը որպես առողջարան զարգացնելու գործում։ 1877-1880 թվականներին նրանց միջոցներով կառուցվել են առաջին հյուրանոցն ու ռեստորանը, ապա նաև թատրոնը; 1886 թվականին բացվել է գիմնազիա։ 1893-1897 թվականներին կոմս Ֆելիքս Տիշկևիչի օրոք քաղաքի հարավային մասում կառուցվել է պալատ՝ շրջապատված անգլիական այգով։ 20-րդ դարի առաջին կեսին Պալանգայում բացվել է մեծ հիվանդանոց, որ հատկապես մասնագիտացված էր հենաշարժողական հիվանդությունների բուժման գծով։
1915 թվականի մարտի 23-ին Պալանգան օկուպացվել է գերմանական զորքերից։ 1919-1921 թվականներին քաղաքը եղել է Լատվիայի կազմում։ Այդ ժամանակ էլ Լատվիայի և Լիտվայի միջև վեճ է առաջանում այս տարածքների (Պալանգա և Շվյանտոյի) պատկանելության շուրջ։ 1921 թվականի մարտի 21-ին միջազգային դատարանի որոշմամբ տարածքները վերադարձվում են Լիտվային։ Նույն թվականի մարտի 31-ին լատվիական զորքերը թողնում են տարածքները[6]։
1933 թվականին Պալանգան ստանում է քաղաքի կարգավիճակ։ 1930-ական թվականներին Տիշկևիչներից գնված տարածքներում կառուցվում են շքեղ վիլլաներ։ Պալանգան դառնում է Լիտվայի ամառային ոչ պաշտոնական մայրաքաղաքը. ամառային արձակուրդն այնտեղ էին անցկացնում նախարարներ, հանրապետությունների նախագահներ, լիտվական մտավորականությունը։ Քաղաք-առողջարանը խիստ տուժել է 1938 թվականի մայիսի 10-ի հրդեհից;
1941 թվականի հունիսի 22-ին գերմանական զորքերը գրավում են Պալանգան, իսկ 1944 թվականին հոկտեմբերի 10-ին՝ խորհրդային կարմիր բանակը։
Խորհրդային տարիներին առողջարանը նկատելիորեն ընդարձակվում է, պետականացված վիլլաները վերածվում են հանգստյան տների, կառուցվում են նորերը։ 1963 թվականին բացվում է օդանավակայան։ Պալանգան դանում է խորհրդային Մերձբալթիկայի խոշորագույն առողջարաններից մեկը։
1992 թվականին, երբ Լիտվան անկախանում է, Պալանգայից դուրս են բերվում խորհրդային զորքերը։ Քաղաք-առողջարանը շարունակում է զարգանալ։ 1999 թվականին բացվում է լիտվացի նկարիչ և քանդակագործ Անտանաս Մոնչիսի թանգարանը։ 1999 թվականին քաղաքին մեծ վնաս է հասցրել «Անատոլի» փոթորիկը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է։ Քաղաքի հյուրանոցները կարող են միաժամանակ ընդունել 3.000 մարդ (2013)։ Զբոսաշրջիկների մի զգալի մաս էլ նախընտրում է մասնավոր բնակարաններ վարձել, ինչն ավելի մատչելի է։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զբոսուղի, որ 480մ մխրճված է ծովի մեջ։ Սա Պալանգայի խորհրդանիշերից է։ Կառուցվել է 1884-1888 թվականներին։ Վերակառուցվել է 1998 թվականին։
- Նորգոթական ոճով կառուցված եկեղեցի (1897-1907), որի ճարտարապետը շվեդ Կ. Ստրանդմանն է։ Եկեղեցին Պալանգայի ամենաբարձր շինությունն է (76մ)։
- Նկարիչ և քանդակագործ Անտանաս Մոնչիսի տուն-թանգարան (Դաուկանտո փ., 16)
- Շների թանգարան (Տայկոս փ., 8)[7]
- Պալանգայի բուսաբանական այգի։ Մերձբալթյան երկրների ամենագեղեցիկ այգիներից է։ Նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ և բուսաբան Էդուարդ Ֆրանսուա Անդրեն, որը երեք տարի անցկացրել է Պալանգայում։ Այգում հաշվում են մոտ 300 տեսակ բույսեր։ Այգում տեղադրված է համանուն հեքիաթի թեմայով ստեղծված «Էգլե` օձերի թագուհի» քանդակը (1960)։
- Սաթի թանգարան (1963), որը գտնվում է Տիշկևիչների նախկին պալատում։ Թանգարանում կա մոտ 4.500 ցուցանմուշ։ Պալատի բակում տեղադրված է եղել Ֆրանսիայից բերված «Աղոթող Քրիստոսը» քանդակը, որը ապամոնտաժվել է խորհրդային շրջանում, սակայն 1993 թվականին նույն տեղում վերականգնվել է կրկնօրինակը[8]։
Պալանգան արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուս երկու բանաստեղծներ՝ Իոսիֆ Բրոդսկին և Ռոբերտ Ռոժդեստվենսկին, քաղաքին նվիրել են բանաստեղծություններ (1960-ական թվականներ)։
- Լիտվացի գեղանկարիչ Անտանաս Ժմույձինավիչյուսը 1964 թվականին նկարել է «Ծովափ Պալանգայում» կտավը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվայի մշակույթի նախարարության հատուկ հանձնաժողովի որոշմամբ Պալանգան 2013 թվականի համար հռչակվել է երկրի մշակութային մայրաքաղաք[9]։
- Լեհ նշանավոր բանաստեղծ Ադամ Միցկևիչը երեք անգամ այցելել է Պալանգա (1821, 1824, 1831)[10]։ Նրա անունն է կրում քաղաքի փողոցներից մեկը։
- Պալանգայում են նկարահանվել «Լիր արքա» (Լենֆիլմ, 1970), «Թագավորական ողջ շքախումբը» (Բելառուսի հեռուստաընկերություն, 1971) ֆիլմերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Resident population by city / town at the beginning of the year — State Data Agency of Lithuania, 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 Сведения о Паланге на портале «О Литве»
- ↑ «Санатории города на сайте Информационного центра по туризму и отдыху в Паланге». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Saulė Markelytė. Palanga. Vilnius: Mintis, 1980. P. 60.(լիտվ.)
- ↑ Palangos miesto savivaldybė Արխիվացված 2009-08-02 Wayback Machine(լիտվ.)
- ↑ Saulė Markelytė. Palanga. Vilnius: Mintis, 1980. P. 66.(լիտվ.)
- ↑ Музей собак в Паланге. Официальный сайт
- ↑ Зона путешествий(չաշխատող հղում)
- ↑ Паланга станет культурной столицей Литвы // ru.DELFI.lt, 04 февраля декабря 2011
- ↑ Tomasz Krzywicki. Litwa: przewodnik. Warszawa, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պալանգայի պաշտոնական կայքէջ(չաշխատող հղում)
- Զբոսաշրջության և հանգստի տեղեկատվական կենտրոն Արխիվացված 2016-05-01 Wayback Machine
- Ամեն ինչ Պալանգայի զբոսաշրջիկների համար
- Զբոսանք Պալանգայով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալանգա» հոդվածին։ |
|