[go: up one dir, main page]

Jump to content

Ձևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձևույթ, իմաստային տեսակետից բառի անբաժանելի, այլևս չտրոհվող մասը, իմաստի ու ձևի տեսակետից լեզվի նվազագույն միավորը։

Բառն ու ձևույթը լեզվական տարբեր իրակություններ են, ունեն և՛ նման, և՛ տարբեր հատկանիշներ։ Նրանք նման են նրանով, որ լեզվի իմաստային (իմաստակիր) միավորներն են, ունեն որոշակի հնչույթային (հնչյունական) կազմ։

Բառերն ու ձևույթներն իրարից տարբերվում են նրանով, որ.

  • բառերն արտահայտում են կոնկրետ իմաստ, մինչդեռ ձևույթների իմաստը կոնկրետ չէ, այլ ընդհանուր,
  • բառերն օժտված են քերականական ձևավորվածությամբ, ձևույթները՝ ոչ,
  • բառերը գործածության տեսակետից ինքնուրույն, անկախ միավորներ են, որոնցով նախադասություն են կազմում, հետևաբար մտնում են նախադասության մեջ, ձևույթները զուրկ են ինքնուրույնությունից և անկախությունից, մտնում են բառի կազմի մեջ, կազմում են բառի մի մասը, նրա բաղադրատարրը։

Ձևույթների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևույթները բաժանվում են երկու տիպի՝ հիմնական և երկրորդական։

Հիմնական ձևույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ձևույթը բառի նվազագույն, պարտադիր այն մասն է, որ պարունակում է բառի հիմնական բառական իմաստը։ Օրինակ՝ պտղաբանջարաբուծություն բառը կազմված է պտղ, բանջար, բուծ հիմնական ձևույթներից, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է բառի հիմնական ընդհանուր բառային իմաստը։

Հիմնական ձևույթները բառի բառային իմաստ պարունակող միավորներն են, որոնք հիմնականում հանդես են գալիս իբրև արմատներ` հնչյունափոխված կամ չհնչյունափոխված ձևերով։

Լեզվում ինքնուրույն գործածություն ունեցող ձևույթներն արմատական բառերն են, երբ արմատի և բառի բառային իմաստները համընկնում են, օրինակ` հայերեն բոլոր պարզ բառերը` սպիտակ, մարմին, դանդաղ, այգի և այլն։

Հիմնական ձևույթների մյուս մասը լեզվում ինքնուրույն գործածություն չունի։ Այդ կարգի միավորներն այն բառարմատներն են, որոնք ածանցման, բառաբարդման կամ մասնիկավորման շնորհիվ վեր են ածվում բառերի, օրինակ` վազ-ք - վազք, վազ-ել - վազել, հաց-թուխ - հացթուխ և այլն։

Երկրորդական ձևույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական են կոչվում այն ձևույթները, որոնք արտահայտում են բառակազմական (ածանցային) կամ ձևակազմական (քերականական) իմաստներ։ Դրանք բառի կամ բառերի տարրերը կամ մասերն են։

Երկրորդական ձևույթները բաժանվում են՝ քերականական (կամ իրահարաբերական) ձևույթների և բառակազմական (ածանցային) ձևույթների։ Բառակազմական ու քերականական ձևույթները զուրկ են բառային ինքնուրույն իմաստից։

Բառակազմական իմաստներ արտահայտող երկրորդական ձևույթներն ածանցներն են և կոչվում են երկրորդական բառակազմական ձևույթներ։ Երկրորդական բառակազմական ձևույթները կամ ածանցները, միանալով հիմնական ձևույթներին (բառին կամ արմատին), փոխում են նրանց իմաստները և կազմում են նոր բառեր։ Օրինակ՝ անհանդուրժողականություն բառը կազմված է հանդուրժ հիմնական ձևույթից և -ան, -ող, -ական, -ություն երկրորդական բառակազմական ձևույթներից՝ ածանցներից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 701