Համզաթ-բեկ
Համզաթ-բեկ | |
---|---|
Ծնվել է | 1789 |
Ծննդավայր | Գոցատլ, Ավարական խանություն, Դաղստան |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1834 |
Մահվան վայր | Խունզախ, Դաղստան |
Կրոն | իսլամ |
Համզաթ-բեկ (1789, Գոցատլ, Ավարական խանություն, Դաղստան – հոկտեբերի 1, 1834, Խունզախ, Դաղստան), Դաղստանում ստեղծված ռազմա-աստվածապետական շարժման ղեկավար՝ երկրորդ իմամը (1832-1834 թվականներին)։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համզաթ-բեկը ծնվել է 1789 թվականին Ավարական խանության Հուցալ կամ Գոցատլ մեծ գյուղում՝ ավար ազնվական հոր և ոչ-ազնվական մոր ընտանիքում։ Հետևաբար, պատկանել է «ջանկա» դասակարգին։ Հայրը եղել է խանության տիրակալ Ալի Սուլթան Ահմադ խանի մտերիմը և ավարների շրջանում հայտնի էր իր խիզախությամբ և կառավարչական հմտություններով։ Համզաթ-բեկն իր պատանեկության մի քանի տարին անցկացրել է Խունզախում՝ խանի նստավայրում, որտեղ Ալի Սուլթան Ահմադի այրին՝ Պախու Բիկեն կազմակերպել է նրա կրթությունը[1]: Համզաթ-բեկը մի շարք գիտնականների մոտ սովորել է շաֆիական իսլամական իրավունք և արաբերեն[2]: Պատանեկության տարիներին ալկոհոլ էր օգտագործում, բայց Ղազի Մուհամմադի հետ ծանոթանալուց հետո բարեփոխել է իր վարքագիծը, դարձել եռանդուն մուսուլման և միացել Ղազի Մուհամմեդի շարժմանը՝ Դաղստանում շարիաթի կիրառման և ադաթի (ավանդական օրենք) վերացման համար[1]: Ի տարբերություն Ղազի Մուհամմադի և երրորդ իմամ Շամիլի, Համզաթ-բեկը երբեք չմիացավ Նաքշբանդիյա-Խալիդիյա սուֆիական միաբանությանը[2]:
Ղազի Մուհամմադի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]1829 թվականի վերջերին և 1830 թվականի սկզբին Ղազի Մուհամմադը հռչակվել է Դաղստանի իմամ (կրոնական և քաղաքական առաջնորդ) և սրբազան պատերազմ (ջիհադ կամ ղազավաթ) հայտարարել ռուսների դեմ։ Համզաթ-բեկը մասնակցել էր ռուսների դեմ կռիվներին դեռևս 1826 թվականին․ հնարավոր է, որ նա է օգնեց Ղազի Մուհամմադին համոզել սրբազան պատերազմ հայտարարել[3]։ Դարձել է Ղազի Մուհամմեդի առաջատար հրամանատարներից մեկը։ Երբ 1830 թվականին ռուսները գրավեցին Չարթալահը (Դաղստանից հարավ, այժմյան Ադրբեջանում), Համզաթ-բեկը գլխավորել է ռուսների դեմ հակահարձակումներից մեկը[1]։ 1830 թվականի աշնանը Համզաթ-բեկն ասպատակել է Կախեթի Ալազանի հովտի վրացական բնակավայրերը։ 1831 թվականի սկզբին Ղազի Մուհամմեդի հետ համատեղ հայտարարություն է արել՝ հորդորելով տարածաշրջանի մուսուլմաններին շարունակել պայքարը ռուսների դեմ։ Սակայն 1831 թվականի հունիսին Համզաթ-բեկը ինքն էր բանակցում ռուսների հետ։ Բանակցությունների ընթացքում ռուսների կողմից գերեվարվել է և տարվել Թիֆլիս։ Ազատ արձակվելու դիմաց որդուն է պատանդ տվել։ Գերության մեջ որդու մահից հետո կրկին միացել է Ղազի Մուհամմադին[2]։ 1832 թվականի հուլիսի սկզբին վիրավորվել է, սակայն այդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին նորից արշավել է Չարթալահ։ Գիմրիի ճակատամարտի սկզբում գտնվում էր իր հայրենի գյուղում։ Մարտի մասին լուր ստանալուն պես շտապել է օգնելու Ղազի Մուհամմադի ուժերին, սակայն նրան չի հաջողվել մարտի ավարտից առաջ հասնել[3]։ 1832 թվականի հոկտեմբերի 29-ին Գիմրիի ճակատամարտում սպանվել է Ղազի Մուհամմադը[1]։
Դաղստանի իմամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազի Մուհամմեդի մահից հետո Համզաթ-բեկը իմամ է հռչակվել Դաղստանի հոգևորականների և ավագանու կողմից։ Դա արվել է շեյխ Մուհամմադ ալ-Յարաղիի նախաձեռնությամբ[4] Որոշ աղբյուրների համաձայն՝ նոր իմամի ընտրությունը եղել է Համզաթ-բեկի և Շամիլի միջև, բայց քանի որ դեռ Շամիլը ապաքինվում էր Գիմրիի ճակատամարտում ստացած վերքերից և Համզաթը, որպես հարուստ ազնվական, ավելի միջոցներ ուներ մարդկանց իր կողմը գրավելու համար[5]։
Այդ ժամանակ շատերը լքել էին ջիհադիստական շարժումը և տեղական էլիտաներից քչերն էին նախապես ընդունում Համզաթ-բեկի իշխանությունը[6]։ Սկզբում նրա իշխանությունը տարածվում էր միայն Հուստալ, Աշիլթա, Գիմրի, Թիլիք և Մոհոխ համայնքների վրա։ Նա ուժ է կիրառել՝ համայնքները վերադարձնելու իմամատի վերահսկողության տակ[7]։ 1832 թվականի ամռանը Համզաթ-բեկը կրկին ասպատակել է Կախեթ և պատժիչ հարձակումներ իրականացրել կենտրոնական Դաղստանի ավարական և դարգինական համայնքների վրա, որոնք համագործակցել էին ռուսների հետ[2]։ Միաժամանակ, Համզաթ-բեկ փորձել է բանակցել ռուսների հետ։ Ռուսները նրան հրավիրել են բանակցությունների Տեմիր-Խան-Շուրայում, բայց նա չէր վստահում ռուսներին և գնալու փոխարեն նամակներ է ուղարկել։ Այս նամակներից մեկում նա առաջարկել է հաշտություն Ռուսաստանի այն պայմանով, որ ռուսները չխանգարեն շարիաթի կիրառումը։ Նամակն անպատասխան է մնացել, և Համզաթ-բեկը դիմել է կումիկների շամխալին (Թարքիի իշխանին)` միջնորդի դեր կատարելու խնդրանքով։ Համզաթ-բեկը տեղյակ չէր, որ շամխալը ինքն էր հորդորում ռուսներին հարձակվել իմամի վրա։ Այս բանակցությունները նույնպես ձախողվեցին և Համզաթ-բեկը այլևս չի բանակցել ռուսների հետ[7]։
1833 թվականի հոկտեմբերին Համզաթ-բեկը Գերգեբիլ գյուղին ստիպել է ընդունել իր իշխանությունը՝ ջախջախելով Գերգեբիլին օգնության հասած շամխալի, Մեհթուլիի խանի և Աքուշայի համայնքի ուժերին[8]։ Ի տարբերություն իր նախորդի և հաջորդի, որոնք հիմնականում ապավինում էին Դաղստանի ազատ գյուղացիությանը (ուզդենների), Համզաթ-բեկը փորձում էր իր կողմը գրավել Ավարական խանության իշխող ընտանիքին։ Ավարական խանության փաստացի կառավարիչ Պախու Բիկեն երբեմն ընդունում էր Համզաթ-բեկի՝ շարիաթն ընդունելու կոչերը, բայց նաև հայցում էր Ռուսաստանի օգնությունը՝ խանության անկախությունը պահպանելու համար[2]։ Բացի այդ, ռուսները Պախու Բիկեի վրա ճնշում էին գործադրում, որ նա ընդդիմանա Համզաթ-բեկին։ 1834 թվականի մարտին Պախու Բիկեն գաղտնաբար փորձել է կազմակերպել Համզաթ-բեկի սպանությունը[8]։
1834 թվականի սկզբին Համզաթ-բեկն արդեն վերահսկում էր Ավարական խանության շուրջը գտնվող գյուղախմբերի մեծ մասը, այդ թվում՝ Քոյսուբուն, Գումբեթը, Անդին և Անդալալը[2]։ 1834 թվականի ամռանը պաշարել է խանության կենտրոն Խունզախը։ Բանակցությունների ընթացքում Պախու Բիկեն իր երկու որդիներին պատանդ է տվել Համզաթ-բեկին։ Օգոստոսի 25-ին Պախու Բիկեի մեկ այլ որդին եկել է բանակցելու Համզաթ-բեկի հետ, բայց հանդիպման ժամանակ սկսվել է կռիվ, որում սպանվել են Պախու Բիկեի երկու որդիները՝ Նուսալը և Ումման, Համզաթ-բեկի եղբայրը և հետևորդներից մի քանիսը։ Այնուհետև Համզաթ-բեկը ներխուժել է Խունզախ և սպանել է տվել Պախու Բիկեին և խանության իշխող ընտանիքի բոլոր կանանց, բացառությամբ Պախու Բիկեի հղի հարսի[1]։ Սրանից հետո Համզաթ-բեկը, ըստ երևույթին, հավակնել է ավարական խանի տիտղոսին՝ փորձելով համատեղել ավանդական ազնվականության իշխանությունն իր շարժման կրոնական իշխանության հետ։ [2]
Այնուհետև Համզաթ-բեկը դաշնակցել է Չեչնիայի կարևոր զորապետ Հաջ Տաշոյի հետ, ինչը անհանգստացրել է ռուսներին։ 1834 թվականի սեպտեմբերի սկզբին Համզաթ-բեկը վերսկսել իր արշավանքները և հարձակվել Ցուդախար գյուղի վրա, սակայն պարտության է մատնվել։ Ռուսները նոր գործողություններ էին ծրագրում իմամի դեմ։ Սակայն 1834 թվականի հոկտեմբերի 1-ին Համզաթ-բեկը Խունզախի մզկիթի մոտ սպանվել է Հաջի Մուրադի (Լև Տոլստոյի համանուն վիպակի հերոսը) եղբայր Հաջի Օսմանի կողմից[2]։ Ըստ երևույթին, սպանությունը վրեժխնդրություն էր Ավարական խանության իշխող ընտանիքի կոտորածի համար․ Օսմանն ու Հաջի Մուրադը եղել են խանի կաթնեղբայրները[9]։ Համզաթ-բեկի սպանողն անմիջապես սպանվել է[10]։ Համզաթ-բեկին իմամի պաշտոնում հաջորդել է Շամիլը[2]։ Նրա գերեզմանը գտնվում է Խունզախում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gammer, 1994
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kemper, 2017
- ↑ 3,0 3,1 Gammer, 1994, էջ 60
- ↑ Gammer, 1994, էջեր 60-61
- ↑ Покровский Н. И., 2000, էջ 223
- ↑ King, 2008, էջ 72
- ↑ 7,0 7,1 Gammer, 1994, էջ 61
- ↑ 8,0 8,1 Gammer, 1994, էջ 62
- ↑ Gammer, 1994, էջ 63
- ↑ Baddeley, 1908, էջ 288
- ↑ Gammer, 1994, էջ 328, n. 33
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baddeley, John F. (1908). The Russian Conquest of the Caucasus. London: Longmans, Green and Co.
- Gammer, Moshe (1994). Muslim Resistance to the Tsar: Shamil and the Conquest of Chechnia and Daghestan. London: Frank Cass. ISBN 0-7146-3431-X.
- Kemper, Michael (2017). «Ḥamzat-Bek al-Dāghistānī». Encyclopaedia of Islam, THREE. doi:10.1163/1573-3912_ei3_COM_30286.
- King, Charles (2008). The Ghost of Freedom: A History of the Caucasus. Oxford University Press. ISBN 9780195177756.
- Покровский Н. И. Кавказские войны и имамат Шамиля / Предисл. Н. Н. Покровского, введ. и прим. В. Г. Гаджиева. — М.: РОССПЭН, 2000. — С. 511. — ISBN 5-8243-0078-X
- Муханов В. М. ГАМЗА́Т-БЕК // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов.. — М., 2000. — Т. 6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Неверовский А. Истребление аварских ханов в 1834 г. СПб., 1848
- Гамзат-бек – второй имам Чечни и Дагестана // Кавказский сборник. 1911. Т. 31
- Смерть ханши Паху-Бике // Кавказский сборник. 1911. Т. 31
- Мухаммед-Тахир аль Карахи. Блеск дагестанских сабель в некоторых шамилевских битвах. Махачкала, 1990
- Блиев М. М., Дегоев В. В. Кавказская война. М., 1994