Մոռենի սովորական
Գիտական դասակարգում | ||||||
---|---|---|---|---|---|---|
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Rubus idaeus | ||||||
Հոմանիշներ | ||||||
| ||||||
|
Մոռենի սովորական (լատին․՝ Rúbus idáeus), ազնվամորի, պատկանում է վարդազգիների ընտանիքի վարդայինների ենթաընտանիքին։ Ունի 1.5 մ բարձրություն։ Հոռաշվերը գլանաձև են, կազմված են 3-5-7 անհավասար տերևիկներից, վերևում մերկ են։ Տերևիկներն ունեն 5-10 սմ երկարություն։ Ծաղիկները սպիտակ են և ունեն 1 սմ տրամագիծ։ Պտուղները քաղցր են, գնդաձև և կարմիր։
Պտուղները պարունակում են 3-6 տոկոս շաքար, կիտրոնաթթու։ Համեղ և սննդարար են։ Պարունակում է C վիտամին։ Այս բույսերից պատրաստում են մուրաբաներ և հյութեր։ Նպաստում է շնչառական ուղիների բացմանը[1]։
Բույսի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1.5մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։
Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Իր առաջին տարում նոր, չճյուղավորված ցողունը ակտիվորեն աճում է մինչև իր ամբողջ բարձրությունը՝ 1,5–2,5 մ (5,0–8,3 ֆուտ), ունենալով խոշոր փետրավոր բարդ տերևներ՝ հինգ կամ յոթ թերթիկներով, բայց սովորաբար առանց ծաղիկների։ Երկրորդ տարում ցողունը չի բարձրանում, այլ տալիս է մի քանի կողային բողբոջներ, որոնք ավելի փոքր տերևներ են տալիս երեք կամ հինգ թերթիկներով։ Ծաղիկները ծաղկում են են ուշ գարնանը այս կողային ընձյուղների ծայրերում գտնվող կարճ ցողունների վրա, յուրաքանչյուր ծաղիկ մոտ 1 սմ (0,4 դյույմ) տրամագծով հինգ սպիտակ թերթիկներով։ Պտուղը կարմիր է, ուտելի և քաղցր, բայց թթու համով, հասնում է ամռանը կամ վաղ աշնանը։ Մոռենին չորանում է երրորդ տարում։
Բուսաբանական տերմինաբանության մեջ այն ամենևին էլ հատապտուղ չէ, այլ կենտրոնական միջուկի շուրջ բազմաթիվ թմբուկների համախառն պտուղ։ Ազնվամորու մեջ թմբուկները քաղելիս առանձնանում են միջուկից՝ թողնելով խոռոչ պտուղ, մինչդեռ մոշի և այլ տեսակների մեջ թմբուկները մնում են միջուկին կպած։
Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը։ Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր[2]։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C (մինչև 45մգ %), β-խումբ, շաքարներից՝ սախարոզ, գլյուկոզ, ֆրուկտոզ, լևուլոզ, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին-քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ Սերմերը պարունակում են մինչև 14.6% ճարպ, 0.7% ֆիտոստերին, որը ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, սպիրտ, լորձանյութ, եթերայուղ։ 100 գրամ պտուղը, յուրացվելով օրգանիզմում, 41 կկալ էներգիա[2]։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չոր եղանակին, այնուհետև չորացնում են արևի տակ։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս-հուլիս ամիսներին և չորացնել հով տեղում։
Հայկական ժողովրդական բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Մոռենու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով։
Գիտական բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջեմությունն իջեցնող և դեղորայքների համը լավացնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը՝ ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։
Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները։ Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող հիվանդներին։ Այն միաժամանակ հագեցնում է ծարավը և լավացնում մարսողությունը։ Սակայն պարունակելով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են հոդատապ և նեֆրիտով տառապող հիվանդներին։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին[2]։
Այլ օգտական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազնվամորու պտուղները շատ համեղ են։ Օգտագործվում են թարմ վիճակում, ինչպես և շաքարով կաթի հետ։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, հյութեր, օշարակ և այլն։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, ինչպես նաև լիկյորի և օղու արտադրությունում, երկարատև պահելու համար սառեցնում են։ Ազնվամորին մեղրատու է։ Բարձր որակի է բույսից ստացված մեղրը[2]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Եվրոպայում, Փոքր Ասիայում, Սիբիրում, Միջին Ասիայում։ Տարածված է նաև Լոռիում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Վայքում։ Աճում է անտառներում, թփուներում և քարքարոտ վայրերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի սովորական» հոդվածին։ |
|