[go: up one dir, main page]

Jump to content

Միպ Գիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միպ Գիզ
հոլ.՝ Miep Gies
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1909(1909-02-15)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էհունվարի 11, 2010(2010-01-11)[4][1][2] (100 տարեկան)
Մահվան վայրՀորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգրող և Դիմադրության մարտիկ
ԱմուսինՅան Գիզ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmiepgies.nl
 Miep Gies Վիքիպահեստում

Միպ Գիզ (հոլ.՝ Miep Gies), ի ծնե Հերմինա Զանտրուշից (գերմ.՝ Hermine Santruschitz, փետրվարի 15, 1909(1909-02-15)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - հունվարի 11, 2010(2010-01-11)[4][1][2], Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), ավստրիական ծագմամբ հոլանդուհի, որը 1942-1944 թվականներին օգնել է Աննա Ֆրանկին և նրա ընտանիքին թաքնվել Երրորդ Ռայխի կողմից բռնակցված Ամստերդամում։ Նրանց ձերբակալությունից հետո իր մոտ պահել է Աննա Ֆրանկի օրագիրը։ 

Աննայի օրագրի գրական տարբերակում Միպ Գիզը ներկայացվում է Աննա վան Սանտեն (հոլ.՝ Anne van Santen) կեղծանվամբ, իսկ տպագրված տարբերակում պահպանվել է Գիզի իրական անուն-ազգանունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմինա Զանտրուշիցը ծնվել է 1909 թվականի փետրվարի 15-ին Վիեննայում, բանվորի ընտանիքում։ Նրա մանկությունը համընկել է Ավստրիայի ծանր օրերի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմին նրա, առանց այն էլ աղքատ ծնողները, մի կերպ ծայրը ծայրին են հասցրել։ Հետպատերազմյան տարիներին խիստ արդյունաբերական դեֆիցիտը և 1919 թվականին ծնված կրտսեր քույրը խիստ կեղեքեցին Հերմինայի առողջությունը։ Երբ նա 10 տարեկան էր, նրա ծնողները հասկացան, որ նրանք պետք է անհապաղ մի բան նախաձեռնեն, հակառակ դեպքում ավագ դուստրը կմահանա։ 1920 թվականի դեկտեմբերին, երբ Նիդերլանդների աշխատավորների ասոցիացիան իր վրա վերցրեց ավստրիացի բանվոր դասակարգի երեխաների վերականգնման ծրագրի նախաձեռնությունը, 11-ամյա Հերմինան մյուս երեխաների հետ միասին մեկնեց Լեյդեն, որտեղ տեղավորվեց ածխային ընկերության բրիգադիր Լոուրենս Նյուվենբյորգի ընտանիք։ Վերջինս բնակվում էր կնոջ, չորս որդիների և դստեր հետ։ Նրա ավագ որդին գիտեր գերմաներեն մի քանի բառ և սկզբնական շրջանում Հերմինան որդեգիր ծնողների հետ շփվում էր նրա միջոցով։ Չնայած լեզվական արգելքին, որդեգիր եղբայրները և քույրը նրան լավ էին վերաբերում[5]։

Հոլանդերեն Հերմինայի ազգանունը արտասանվում է Սանտրուշից, իսկ նրա որդեգիր ընտանիքը շուտով սկսեց նրան կոչել Միպ։ Աղջիկը գնաց դպրոց, արագ սովորեց հոլանդերեն և 1921 թվականի աշնան դրությամբ գերազանցությամբ սովորում էր դպրոցը։ Որդեգիր ծնողները հետաքրքրվում էին դասական երաժշտությամբ և քաղաքականությամբ։ Նրանք ամեն օր թերթեր էին կարդում։ Այդպիսի պայմաններում աղջիկն արագ վերականգնեց իր առողջությունը, այդուհանդերձ չյուրացրեց հոլանդացիների սիրած զբաղմունքներից մեկը՝ չմուշկասահքը։ Ի սկզբանե Միպը պետք է ապրեր Նյուվենբյորգների մոտ երեք ամիս, սակայն առողջական պատճառներով նրա կեցությունն այդ ընտանիքում երկարացվեց ևս երեք ամսով, որից հետո Միպը իր կամքով մնաց Նյուվենբյորգների մոտ։ Երբ Միպը 13 տարեկան էր, նա ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Ամստերդամի Ռիվիերենբյուրտ թաղամաս։ Երեք տարի անց, 1925 թվականին 16-ամյա Միպը որդեգիր ծնողների հետ միասին ժամանեց Վիեննա՝ հարազատ ծնողներին այցելության։ Չնայած այն բանին, որ ուրախ էր վերադառնալ հայրենի քաղաք, Միպը մտածում, որ իր ծնողներն իրեն չեն թույլատրի հետ վերադառնալ Հոլանդիա։ Պատճառը Միպի անչափահաս լինելն էր, քանի որ Հոլանդիա մեկնելու համար անհրաժեշտ էր ծնողների համաձայնությունը։ Այդուհանդերձ, մայրը հասկացավ, որ ավագ դուստրն ամբողջապես ինտեգրվել է հոլանդական կյանքին և թույլատրեց նրան մեկնել[5]։

Ամստերդամում Միպը խորապես սկսեց հետաքրքրվել փիլիսոփայությամբ և, Աննա Ֆրանկի նման, պատանի հասակում սկսեց օրագիր պահել, որտեղ փորձում էր ուսումնասիրել կյանքը փիլիսոփայական տեսանկյունից։ Մի որոշ ժամանակ անց նրա հետաքրքրությունը մարեց և Միպը ոչնչացրեց օրագիրը և այդ ժամանակների բոլոր գրառումները[5]։

Ծանոթություն Ֆրանկների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում ավարտելով ավագ դպրոցը՝ Միպ Սանտրուշիցը սկսել է աշխատել տեքստիլ ընկերությունում որպես կառավարչի օգնական։ Այստեղ նա աշխատել է վեց տարի, մինչև 1933 թվականը։ Աշխատանքից հեռացվել է 1929 թվականին սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով։ Մի քանի ամիս նա մնացել է առանց աշխատանքի, որից հետո տան վերևի հարևանը, ով առևտրային ներկայացուցիչ էր, նրան հայտնեց ջեմի արտադրությամբ զբաղվող «Օպեկտա» ընկերությունում ժամանակավոր հաստիքի մասին։ Վերջիններս նրա մշտական հաճախորդներից էին։ Հարևանուհին Միպի համար հանդիպում կազմակերպեց ընկերության տնօրեն Օտտո Ֆրանկի հետ, ով գերմանացի էմիգրանտ էր։ Միպը հեծանիվով եկավ նրա ֆիրմա (այդ ժամանակ ընկերությունը գործում էր Նյուզենդիսվորբյուրվալ 120/126 հասցեում), հագնված հոլիվուդյան վերջին նորաձևությամբ, որի արդյունքում նա նմանվեց հոլիվուդյան դերասանուհի Նորմա Շիրերին։ Լինելով ազգությամբ գերմանացի՝ նա հեշտությամբ շփվեց Օտտոյի հետ, քանի որ այդ ժամանակ լավ չէր տիրապետում հոլանդերենին։ Օտտոն նրան ուղեկցեց խոհանոց, տվեց բաղադրատոմսով մի թուղթ և պատվիրեց ջեմ պատրաստել։ Միպը խոհանոցում աշխատեց երկու շաբաթ և այդ ժամանակահատվածում ամբողջությամբ հմտացավ ջեմի գունային և համային որակներում։ Դրանից հետո, Օտտոն նրան նշանակեց հաճախորդների հետ հարաբերությունների պատասխանատու և տրամադրեց լրացուցիչ խորհրդատվություն։ Այդպես նա ընդունվեց աշխատանքի, չնայած այն բանին, որ, բացի նրանից, կային մի քանի այլ թեկնածուներ ևս։ Այստեղ էլ նա ծանոթացավ Վիկտոր Կուգլերի հետ, ով, ինչպես նաև, ավստրիացի էր[6]։

1938 թվականի մարտին Ավստրիան բռնակցվեց Նացիստական Գերմանիայի կողմից, սակայն ոչ Միպը, ոչ էլ նրա հարազատ ընտանիքը, չլինելով հրեաներ, դրա արդյունքում չտուժեցին։ Չցանկանալով գործ ունենալ նացիստների հետ, Միլը, ով շարունակում էր մնալ Ավստրիայի քաղաքացի, 1939 թվականին գրել է նամակ Նիդերլանդների թագուհի Վիլհելմինային՝ խնդրելով իրեն տրամադրել հոլանդական փաստաթղթեր։ Անհայտ պատճառներով նա չի ստացել պատասխան[6]։

1940 թվականի հունվարին ընկերությունը տեղափոխվեց Պրինսենգրախտ 263 հասցե։ Այստեղ ընկերության կոլեկտիվին միացան ևս երկու աշխատակիցներ՝ Յոհանես Քլեյմանը և Էլիզաբեթ Ֆոսքյոյլը, ում հետ նա արագ ընկերացավ[6]։

Ամուսիններ Յան և Միպ Գիզերը 1980 թվականին

Յան Գիզի հետ Միպը ծանոթացել է դեռ տեքստիլ ընկերությունում, որտեղ նա աշխատում էր որպես հաշվապահ։ Նրանք ընկերացել և շարունակել են կապը անգամ այն բանից հետո, երբ հեռացվել են և Միպը սկսել էր աշխատել Օտտո Ֆրանկի ընկեությունում։ Այդ ընթացքում Յան Գիզն աշխատում էր Ամստերդամի սոցիալական ծառայությունում։ Ինչպես Միպը, Յանը նույնպես բնակվում էր Ռիվիերենբյուրտե թաղամասում և սենյակ ուներ Ռիժնստրաատում։ Այդ ժամանակ Միպը բնակվում էր որդեգիր ծնողների և քրոջ՝ Կատրինայի հետ միասին։ Նրանց ընկերությունը վեր է ածվում սիրո և Յանը սկսում է այցելել Միպի աշխատանքի վայր և ընդմիջումների ժամերին միասին զբոսնել հեծանիվներով։ Նա նաև ծանոթացել է Օտտո Ֆրանկի հետ և, երբ մի անգամ Օտտոն Միպին հրավիրեց տուն ճաշելու, խնդրեց իր հետ բերել նաև Յանին[7]։

Վերջապես, Միպը և Յանը որոշում են ամուսնանալ, բայց նրանց հարսանիքը անընդհատ հետաձգվում էր, քանի որ բավարար գումար չունեին ոչ հարսանիքի, և ոչ էլ տան համար։ 1939 թվականի սկզբին, երբ լրացավ Միպի 30 տարին, իսկ Յանը գրեթե 34 տարեկան էր, նրանք փորձեցին գտնել առանձին բնակարան (Յանի Ռիժինստրաատի բնակարանը ընտանիքի բնակության համար պիտանի չէր), սակայն Ամստերդամի բոլոր սենյակները, ձեղնահարկերը և նկուղները, այդ ժամանակ, բնակեցված էին գերմանացի և ավստրիացի փախստականներով, ովքեր, խուսափելով Հիտլերի ռեժիմի հետապնդումներից, փախել էին Նիդերլանդներ։ Ինչքան տարօրինակ է հնչում, բայց նրանք հաջողվեցին այն ժամանակ, երբ Գերմանիան ներխուժեց Հոլանդիա։ Սիրահար զույգն իմացավ, որ Հունզեստրատ 25 հասցեում ոմն հրեուհի Ստոպլմանը իր տան երկու սենյակները վարձով է տալիս, քանի որ իր ամուսինը փախել էր Անգլիա[7]։

Որոշ ժամանակ անց Միպին կանչել են գերմանական հյուպատոսարան և, վերցնելով ավստրիական անձնագիրը, հարցրել են, թե, արդյոք ճիշտ է, որ ժամանակին նա հրաժարվել է անդամակցել Աղջիկների միությանը։ Միպը վստահորեն հաստատել է այդ տեղեկատվությունը, որից հետո Գերմանիայի հյուպատոսը նրա անձնագրում խաչ է կնիքել և վերադարձրել հետևյալ խոսքերով, որ այսուհետ նրա անձնագիրը չունի օրինական ուժ և նա երեք ամսվա ընթացքում պետք է վերադառնա Վիեննա, սակայն կարող է մնալ, եթե ամուսնանա Հոլանդիայի քաղաքացու հետ։ Միպի համար դրությունը գտնվում էր վտանգի ներքո, քանի որ հարսանիքի համար անհրաժեշտ էր Վիեննայից ծննդական վկայական, որի ստանալը երեք ամսում անհնար էր։ Սակայն նրա հորեղբայր Անտոնը կարողացավ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել փաստաթուղթը։ Հարսանիքը տեղի ունեցավ 1941 թվականի հուլիսի 16-ին և մասնակցեցին բոլոր գործընկերները՝ Օտտո Ֆրանկը, ով այդ օրը փակել էր գրասենյակը, վան Պելս ընտանիքը և Աննա Ֆրանկը։ Մարգոն այդ օրը հիվանդացել էր և Էդիթը մնացել էր նրան խնամելու։ Այդ օրը Միպը շատ էր վախենում, որ ամուսնությունը կընդհատվի այն բանից հետո, երբ ամուսնությունը գրանցողը նրա անձնագրում կտեսնի սև խաչը, սակայն վերջինս, զննելով փաստաթուղթը, ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Նույն օրը Միպ Գիզը ավտոմատաբար ստացավ Հոլանդիայի քաղաքացիություն[7]։

Ինն ամիս անց Միպն Օտտոյից իմացավ, որ նա ընտանիքի հետ միասին ցանկանում է թաքնվել ապաստարանում, որը կկառուցվի տան հետին մասում, որտեղ տեղակայված էր ֆիրման։ Օտտոն խնդրել է Միպին, որ նա իրենց ապահովի սննդով[7]։

Ֆրանկները նախատեսում էին ապաստարան տեղափոխվել 1942 թվականի հուլիսի կեսին, սակայն արդեն հուլիսի 5-ին Մարգո Ֆրանկը ստացել է ծանուցագիր՝ մեկնելու աշխատանքային ճամբար, իսկ հաջորդ օրը՝ երկուշաբթի վառ առավոտյան, Միպը հեծանիվով հորդ անձրևի տակ Մերվեդեպլենի տնից վերցրել է Մարգոյին և տարեկ ընկերություն։ Այդ քայլով նա սովորական քաղաքացուց վերածվել է հանցագործի։ Նա ապաստարան է ուղեկցել հրեա աղջկա, ով արմունկին չէր կրում Դավթի աստղը և շարժվում էր անօրինական հեծանվով։ Ավելի ուշ, նույն օրը ապաստարան են ժամանել նաև Աննան և նրա ընտանիքը։

Այն բանից հետո, երբ ապաստարան տեղափոխվեցին նաև վան Պելսերը, Միպի և նրա գործընկեր Էլիզաբեթ Ֆոսքյոյլի վրա դրվեց սնունդ հայթայթելու գործընթացը։ Ամեն օր, մինչ գրասենյակ կգային մյուս աշխատակիցները, Միպը մտնում էր ապաստարան և վերցնում անհրաժեշտ գնումների ցուցակը։ Օրվա ընթացքում Միպը և Էլիզաբեթը շրջում էին խանութներով (Միպը գնում էր մսագործի և նպարավաճառի մոտ, իսկ Էլիզաբեթը՝ կաթի և հացի)։ Ընդմիջման ժամին Միպը մթերքները տեղափոխում էր ապաստարան և այնտեղ հաճախ ճաշել՝ նրանց պատմելով արտաքին աշխարհի նորությունները։ Երբեմն նա և Յանը մնում էին գիշերելու ապաստարանում։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ վան Պելսերի տնից դուրս է բերվել կահույքը (այդ մասին Աննան իր օրագրում գրել է 1942 թվականի հոկտեմբերի 29-ին՝ հինգշաբթի օրը), Միպը որոշել է իր ընկերներին այլևս չհայտնել վատ նորությունները, չնայած այդ ժամանակ բոլորն արդեն գիտեին հրեաների զանգվածային տեղահանությունների մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի շարունակման հետ զուգընթաց, Ամստերդամում իրավիճակը գնալով ավելի է վատացել և աղքատացել։ Միպը դժվարությամբ էր կարողանում գտնել առաջին անհրաժեշտության պարագաներ անօրինական բնակվող ութ մարդկանց համար (1942 թվականի նոյեմբերի 16-ին նրանց միացել է ատամնաբույժ Ֆրից Պֆեֆֆերը)։ Առավել ծանր էր 1943 թվականի գարունը, երբ Միպը և Յանը իրենց տանը թաքցրեցին հոլանդացի ուսանողի, ով հրաժարվում էր ստորագրել հավատարմության գերմանական երդումը, որը գերմանացիների կողմից պարտադրվում էր հոլանդացի բոլոր երիտասարդներին։ Ավելի դժվար է դարձել դեկտեմբերին, երբ Միպը, Էլիզաբեթը և Քլեյմանը հիվանդացել են, սակայն Նոր տարվան մոտ կարողացել են ապաքինվել։

Ձերբակալություն և հետագա գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբաթ օրը՝ 1944 թվականի օգոստոսի 4-ը, ըստ Միպի հիշողությունների, ոչնչով չէր տարբերվում մյուս օրերից։ Գալով աշխատանքի, նա մտել է ապաստարան և վերցրել գնումների ցուցակը։ Աննան ցանկացել է նրան բան հայտնել և Միպը խոստացել է գալ օրվա ընթացքում։

Ժամը 11-ին մոտ ընդունարարնում ես տեսա մի մարդու, ով ծառայողական հագուստով էր։ Ես չէի էլ նկատել, թե ինչպես և երբ էր նա հայտնվել։ Տղամարդը մեր վրա ուղղեց ատրճանակը և ներս մտավ։ «Մնալ տեղերում, — ասաց նա հոլանդերեն, — չշարժվե՛լ» և անցավ Կուգլերի սենյակ։ Մենք վախից քարացել էինք։ Քլեյմանն ինձ շշնջաց․ «Միպ, դա եղավ»։ Բեպը դողում էր ամբողջ մարմնով։ Քլեյմանն, այդ ընթացքում, աչքը չէր կտրում մուտքի դռնից։ Սակայն ատրճանակով այցելուն մենակ էր։ Երբ նա լքեց գրասենյակը, ես անմիջապես պայուսակիցս հանեցի մթերային անօրինական կտրոնները (տալոնները), փողերը և Յանի բուտերբրոդները։ Մոտենում էր ընդմիջումը, և նա կհայտնվեր րոպե առ րոպե։ Այդ ժամանակ լսվեցին նրա ոտնաձայները։ Ես անմիջապես դուրս թռա դռնից և, չթողնելով նրան ներս մտնել, ձեռքի մեջ կոխեցի մի ծրար․ «Յան, աղե՜տ»,- շշնջացի ես։ Նա ամեն ինչ հասկացավ և թաքնվեց ․ ․ ․ Մենք Քլեյմանի հետ միասին սպասում էին մոտ 45 րոպե, երբ հայտնվեց տղամարդը։ Սակայն նա այն նույնը չէր, որ եկել էր նախկինում։ Նա հրամայեց Քլեյմանին հետևել իրեն Կուգլերի սենյակ։ Ես մնացի իմ տեղում, պատկերացում չունենալով այն մասին, թե ինչ է կատարվում տանը։ Ես սարսափում էին անգամ այդ մասին մտածել։

Չնայած Քլեյմանի հորդորներին «լքելու գրասենյակը, քանի որ ոստիկանությունը կենթադրի, որ նրանք իմացել են ապաստարանի մասին», Միպը մնացել է, հուսալով, որ ոստիկաններն իր հետ մեղմ կվերաբերեն՝ ավստրիական ծագումնաբանություն ունենալու պատճառով։ Նա չէր լսել, թե ինչի մասին էին խոսում Քլեյմանն ու ոստիկանը, սակայն հասկացել է, որ վերջինիս խոսվածքն առանձնանում է իր ավստրիական առոգանությամբ։ Հարցաքննելով Քլեյմանին՝ նա սկսել է հարցաքննել Միպին, որովհետև, ինչպես նրան թվում էր, մի բան ոստիկանին հուշում էր, որ կինը նույնպես տեղյակ է ապաստարանի մասին։ Չդիմանալով՝ Միպն ասել է․ «Դուք Վիեննայից եք, ինչպես ես»։ Ոստիկանը քարացել է և պահանջել նրա անձնագիրը։ Ուսումնասիրելով անձնագիրը՝ ոստիկանը՝ Կառլ Զիլբերբաուեր, կատաղել է ասելով․ «Չե՞ս ամաչում կեղտոտ հրեաներին թաքցնելու համար»։ Միպը հիշում է, որ ոստիկանը շփոթության մեջ էր․ «Այդ պահին ես մտածում էի, որ իմ իրավիճակն այդքան էլ անհույս չէ։ Իմ մոտ զգացողություն կա, որ հասակս աճել է մի քանի սանտիմետրով։ Սպան հայացքով ուսումնասիրում էր ինձ և, թվում էր, մտածում է․ «Ահա, դեմ դիմաց կանգնած են երկու մարդիկ, ովքեր ծնվել են միևնույն երկրի նույն քաղաքում։ Մեկը որսում է հրեաներին, մյուսն՝ օգնում նրանց»։ Սպառնալով ձերբակալել Յանին՝ Զիլբերբաուերը հրամայել է Միպին մնալ գրասենյակում։

Այդժամ ես լսեցի, թե ապաստարանի մեր ընկերներն ինչպես են իջնում աստիճաններով։ Ոտնաձայների ձայնից թվում էր, թե նրանք շարժվում են ծեծված շան նման։

Միպը չի տեսել, թե ինչպես են նրանց նստեցրել բեռնատար մեքենա և տարել։ Նրանց հետ միասին ձերբակալվել են նաև Քլեյմանն ու Կուգլերը։ Մինչ աշխատանքային օրվա ավարտ, նա սարսափահար նստած է եղել գրասենյակում, մինչև եկել են Յանը և Էլիզաբեթը։ Դրանից հետո նա և պահեստի աշխատող Վիլեմ վան Մարենը հավաքել են ապաստարանը, որտեղ խառնաշփոթ էր։ Վախենալով, որ գեստապոյականները կվերադառնան և կբռնեն իրենց «հրեական սեփականության» յուրացման մեջ, նրան արագ հեռացան այդտեղից։ Գետնին գտնելով Աննայի օրագիրը և նրա գրառումներով մի քանի թղթեր, Միպը թաքցրեց այն իր սեղանի արկղում՝ հուսալով, որ հետ կվերադարձնի Աննային, երբ նա վերադառնա։ Ավելի ուշ, նա համոզել է վան Մարենին խնդրել աշխատակիցներին, ովքեր ապաստարանից դուրս էին հանել կահույքը, օգնել իրենց գտնել մնացած թղթերը։ Գտնելով դրանք, Միպը դրանք նույնպես թաքցրել է արկղում։ Հաջորդ օրը նրան մոտեցել է Թոնի Ալերսը և ասել, որ գերմանացիները, նահանջելով արևելյան ռազմաճակատում կրած պարտություններից, ձգտում են իրենց ձեռքը գցել մեծ քանակությամբ գումար և եթե նա կապ հաստատի Զիլբերբաուերի հետ, ապա, հնարավոր է, որ նրան հաջողվի համոզել Կառլին կաշառքի դիմաց բաց թողնել անլեգալներին։ Պայմանավորվելով հանդիպման համար, նա եկավ Գեստապոյի նրա գրասենյակ, սակայն Զիլբերբաուերը հրաժարվեց ընդառաջել նրան՝ նշելով, որ ինքը միայն հրամաններ է կատարում։ Միպը պահանջեց հանդիպում նրա ղեկավարի հետ, սակայն երբ հասկացավ, որ բռնացրել է ղեկավարին և մյուս սպաներին բրիտանական ռադիո լսելուց, նրան անմիջապես դուրս հրավիրեցին։ Հասկանալով, որ Զիլբերբաուերը իրեն ոչնչով չի օգնի, նա դուրս է եկել փողոց և միայն այդժամ հասկացել, թե ինչպիսի վտանգից է կարողացել փրկվել ինքը։

Կուգլերի և Քլեյմանի ձերբակալության պատճառով, Միպը ստիպված է եղել զբաղվել ընկերության ղեկավարմամբ, որպես միակը, ում հաստիքը թույլատրում է զբաղվել դրանով։ Ինչպես բոլոր ամստերդամցիները, Միպը և Յանը դժվարությամբ կարողացել են վերապրել 1945 թվականի ձմեռը, երբ քաղաքում գրեթե բացակայում էին մթերքները։ Անլեգալների ճակատագրի մասին նա նորություն չի ունեցել ընդհուպ մինչև 1945 թվականի հունիս ամիս, երբ Օտտոն վերադարձավ Ամստերդամ։ Հենց Միպն էր նրա կողքին, երբ Օտտոն ստացավ նամակ, որտեղ նշվում էր, որ նրա երկու դուստրերը տեղահանման արդյունքում կենդանի չեն մնացել։ Իմանալով այդ մասին՝ Միպն Օտտոյին է տվել Աննայի բոլոր գրառումները։

Հետագա կյանք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միպ Գիզը և Էգոն Կրենցը, սեպտեմբեր, 1989 թվական։

Ազատագրումից հետո Միպը և Յանը որոշ ժամանակ իրենց մոտ հյուրընկալել են Օտտոյին, սակայն հետո մեֆրաու Ստոպլմանի հետ հարաբերությունների վատացման արդյունքում, բոլոր երեքը որոշ ժամանակով տեղափոխվել են Օտտոյի քրոջ՝ Յանա Ֆենեի մոտ։ 1946 թվականի դեկտեմբերին նրանք տեղափոխվել են Յանի ընկերոջ՝ Վան Կասպելի մոտ, ով բնակվում էր առանձին բնակարանում։ 1947 թվականի ամռանը Միպը հասկացավ, որ կենցաղվարությունը իրենից շատ ժամանակ է խլում (նա պատրաստում և մաքրում էր միանգամից երեք տղամարդկանց համար), այդ պատճառով էլ հեռացավ «Օպեկտայից», որ իրեն նվիրի ընտանիքին։ Այդ ժամանակ էլ նա առաջին անգամ կարդաց Աննայի օրագրի գրքային տարբերակը։ 1948 թվականին Յանը վիճակախաղով շահեց ոչ մեծ չափով գումար, որը նրանք ծախսեցին՝ հանգստանալով Շվեյցարիայում։ 1950 թվականի հուլիսի 13-ին ծնվեց Միպի և Յանի որդին՝ Պաուլը։ Մինչ այդ երեխա ունենալու թեման չէր բարձրացվել։ Պատճառը գերմանացիների ներխուժումն էր Հոլանդիա։ Բռնազավթումը մեծապես ազդել էր Յանի և Միպի վրա, ովքեր չէին ուզում, որ իրենց երեխաները հասունան անկայուն և անհանգիստ միջավայրում։ Ընդհուպ մինչև Օտտոյի մահը (1980 թվական), Յանը և Միպը իրենց հարսանիքի օրը նրանից ստանում էին զանգեր։ Նրանք նույնպես հաճախ Շվեյցարիայում այցելում էին Օտտոյին, ով բնակվում էր բարեկամների մոտ Բազելում։ Միպ Գիզը մահացել է 2010 թվականի հունվարի 11-ին Հորնում։

1994 թվականին Միպ Գիզը պարգևատրվել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։ 1997 թվականին Բեատրիս թագուհու կողմից ստացել է ասպետի կոչում։ Ի պատիվ նրա անվանվել է 99949 Miepgies գաճաճ մոլորակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The Righteous Among the Nations Database
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118826204 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/8453331.stm
  5. 5,0 5,1 5,2 «Youth». Miep Gies (անգլերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Life as an office assistant». Miep Gies (անգլերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Jan Gies». Miep Gies (անգլերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միպ Գիզ» հոդվածին։