Մժղուկներ (Ceratopogonidae կամ Heleidae), երկթևանիների կարգի միջատներիընտանիք։ Մարմնի երկարությունը 1—2,5 մմ է։ Բեղիկները 13—15 հատվածանի են, թևերը՝ սովորաբար խայտաբղետ են, մազածածկ և բծավոր։ Մժղուկների թրթուրները և հարսնյակները զարգանում են առվակներում, լճակներում, խոնավ հողում։ Ձմեռում են թրթուրները։ Հասուն ձևերն ի հայտ են գալիս ապրիլ-մայիսին։ Մժղուկները սնվում են բույսերի հյութով, արյունածուծ տեսակները (միայն էգերը)՝ մարդու և կենդանիների արյունով։ Տարածված են ամենուրեք, գլխավորապես անտառներում։ Հայտնի է մժղուկների 1000 տեսակ (մի քանի հարյուրը արյունածուծ են), ՀՀ-ում՝ մոտ 45 տեսակ, որից առավել տարածված են արյունածուծ Culicoides սեռի C․ pulicaris, С․ riethi, С․ puncticollis և С․ fascipennis տեսակները։
Արյունածուծ մժղուկները մարդու և կենդանիների մակաբույծ որդերի միջանկյալ տերեր են։ Պաշտպանության միջոցները՝ վախեցնող նյութեր՝ ռեպելենտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 521)։