Մայրա Մուհամեդ-կըզի
Մայրա Մուհամեդ-կըզի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1965 (59 տարեկան) Yining, Սինծյան, Չինաստան |
Երկիր | Չինաստան և Ղազախստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ղազախստանի ազգային կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | mairakerey.com |
Մայրա Մուհամեդ-կըզի (ղազախերեն՝ Майра Мұхамедқызы, բեմական անունը՝ Maira Kerey — Մայրա Քերեյ, սեպտեմբերի 5, 1965, Yining, Սինծյան, Չինաստան)[1]), ղազախ օպերային երգչուհի (տրագիկ սոպրանո, իտալական բելկանտո), փարիզյան Գրանդ օպերայի առաջին և առայժմ միակ ղազախստանցի երգչուհին, Ղազախստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրան ծնվել ու մեծացել է Չինաստանում։ Նրա պապերը, խույս տալով խորհրդային իշխանությունների կամայականություններից, սովի տարիներին՝ 1930-ական թվականներին ղազախական տափաստաններից գաղթել էին Չինաստան։ Մայրայի հայրը Չինաստանում հայտնի կոմպոզիտոր է, ղազախական ժողովրդական երգերի հավաքորդ, մայրը՝ անվանի երգչուհի, Չինաստանի ժողովրդական արտիստուհի։ Հենց մայրն էլ դստերը սովորեցրել է դաշնամուր նվագել ու երգել։ Ծնողները երազում էին, որ իրենց աղջիկը մի օր հայտնի օպերային երգչուհի դառնա ու վերադառնա հայրենի Ղազախստան [1]: Մայրան ավարտել է երաժշտական դպրոցը, ապա՝ Չինաստանի ժողովուրդների կենտրոնական համալսարանի երաժշտական ֆակուլտետը, այնուհետև՝ Պեկինի կոնսերվատորիան (պրոֆեսոր Գո Շու Ջենի դասրանը)։ 1987 թվականից սկսած՝ նա համերգներ է տվել, սիստեմատիկաբար մասնակցել վոկալիստների համաչինական «Ոսկե վիշապ» մրցույթներին, չորս անգամ հաղթող է ճանաչվել, մի քանի անգամ էլ մրցանակային տեղեր գրավել։ Բացի այդ, վեց տարի դասախոսել է համալսարանում։
Պեկինի օպերայում, որտեղ աշխատում էր երգչուհին, տարեկան ընդամենը երկու եվրոպական օպերա էր բեմադրվում[2], և նա այդտեղ իր գործունեության համար հեռանկար չէր տեսնում։ 1991 թվականին Մայրան ամուսնու հետ այցելել է Մոսկվայի կոնսերվատորիա։ Այստեղ նրան ունկնդրելուց հետո անմիջապես առաջարկել են տեղ զբաղեցնել ասպիրանտուրայում, բայց չինական իշխանությունները դեմ են գնացել[3]։ 1994 թվականին Մայրան, որպես վոկալիստների՝ Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մասնակից, կրկին հայտնվել է Մոսկվայում և այդտեղից տառացիորեն փախել է Ղազախստան՝ իր պատմական հայրենիքը [2]: Բայց Ղազախստանի քաղաքացիություն ստացել է երկու տարի հետո միայն և այն էլ՝ երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ հանդիպման շնորհիվ[4]։ Ավելի ուշ նրան հաջողվել է հայրենիք բերել իր ամբողջ ընտանիքը։
1995 թվականին Մայրան, մասնակցելով Սանկտ Պետերբուրգում անցկացված օպերային երիտասարդ երգիչների Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին, արտիստականության համար արժանացել է հոտուկ մրցանակի։
1996 թվականին նա դարձել է Ալմաթիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երգչուհի։
1997 թվականին հրավեր է ստացել մասնակցելու Պորտուգալիայում կայանալիք օպերային երգիչների միջազգային մրցույթին։ Հովանավորներ չեն գտնվել, Ալմաթիի օպերային թատրոնի տնօրենը կարողացել է մեկ տոմսի հարց լուծել, ու երգչուհին մեկնել է, հիանալի ելույթ ունեցել, 17 երկրներից ժամանած 66 երգիչների մեջ ճանաչվել առաջինը, արժանացել Գրան պրիի և 10 հազար ամերիկյան դոլար դրամական մրցանակի։ Ուշագրավ փաստ է, որ մրցույթի արդյունքները հայտարարվելու պահին երգչուհին ուշաթափվել է... քաղցից։ Այդ հաղթանակից հետո Ալմաթիի քաղաքապետարանը՝ ակիմաթը, Մայրայի ընտանիքին երկսենյականոց բնակարան է հատկացրել (մինչ այդ վարձով էին ապրում)[5]։
1998 թվականին, երբ Մայրան դարձավ Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (ղազախստանցի օպերային երգիչ-երգչուհիների մեջ առաջինը և առայժմ միակը), հայրենիքում նրան շնորհեցին վաստակավոր արտիստի կոչում և հատկացրեցին հինգսեյականոց բնակարան։
2002 թվականին ֆրանսիացի իմպրեսարիոները, ունկնդրելով երգչուհու «Сoloratura arias» խորագրով խտասկավառակի ձայնագրությունները, նրան երկամյա պայմանագիր առաջարկեցին Փարիզի Գրանդ օպերայում [3]: Այստեղ նրա առաջնելույթը Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում Մյուզետի դերն էր, որը նա մինչև հիմա էլ համարում է իր թիվ մեկ դերը [4](չաշխատող հղում):
2015-ի դեկտեմբերին Մայրային հրավիրել են «Աստանայի օպերա»՝ որպես առաջատար երգչուհու[6]։ Այդ նույն տարում նրան շնորհվել է մշակույթի ասպարեզում Ղազախստանի Հանրապետության պետական թոշակ[7]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 — «Сoloratura arias» («Գունաազարդ արիաներ»)
2007 — «Инжу Маржан» («Մարգարտաշար», Չինաստանում ապրող ղազախների ժողովրդական երգեր)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին ղազախ ռեժիսոր Ամիր Կարակուլովի «Жылама» («Մի՛ լա») ֆիլմում կատարել է գլխավոր հերոսուհու՝ իր ձայնը կորցրած օպերային երգչուհու դերը [5]:
2007 թվականին նկարահանվել է «Елимай» փաստավավերագրական կինոնկարում, որը տարբեր երկրներից Ղազախստան հայրենադարձվող ղազախների մասին է [6](չաշխատող հղում):
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Մայրան, այնպես էլ նրա ամուսինը՝ Աքսան Ասխատ-ուլին, Չինաստանում ծնված ու մեծացած ղազախ է, մոտոարշավորդ, Ասիայի կրկնակի և Չինաստանի տասնակի չեմպիոն։ Ներկայումս թողել է սպորտը, դարձել իր երգչուհի կնոջ մենեջերը։ Ամուսնական զույգը ունի մեկ դուստր՝ 02.02.2012 թ. ծնված Աիդան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Майра Мухамедкызы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Маски Пекинской оперы
- ↑ Майра Керей: Выжить и уцелеть помог муж
- ↑ Майра МУХАМЕДКЫЗЫ: Пою от радости и полноты жизни
- ↑ «Майра Мухамедкызы: Пою от радости и полноты жизни». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Майра Мухамедкызы стала ведущей солисткой в «Астана Опера»
- ↑ «Госстипендии в области культуры присудили в 2015 году в Казахстане | Новости | Караван». news.caravan.kz. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maira Kerey Getty
- «Мухамедкызы Майра». el.kz ақпараттық-танымдық сайт (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
|