Կաոլին (Չինաստանի Կաո-Լին լեռնաշղթայի անվամբ, որտեղ արդյունահանվում էր ճենապակու կավ), ապար, հիմնականում կազմված է կաոլինիտից։ Խառնուրդների ձևով սովորաբար պարունակում է քվարցի, դաշտային սպաթի, փայլարների հատիկներ։ Առաջանում է զանազան մագմատիկ դաշտասպաթային ապարների հողմահարումից։ Կաոլինի հանքավայրեր կան Ուկրաինայում, Ուրալում, Ղազախստանում, Մեծ Բրիտանիայում։ Կաոլինը լայնորեն կիրառվում է քիմիայում, թղթի արդյունաբերության, բժշկության մեջ, կերամիկայում, օծանելիքի արտադրության համար։