[go: up one dir, main page]

Jump to content

Խորեզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորեզմ (պարս.՝ خوارزم, հայկ. աղբյուրներում՝ խվարեզմ), հնագույն պետություն Ամուդարյա գետի ստորին ավազանում։ Հիշատակվում է Բագհաստանայի արձանագրության մեջ և Ավեստայում։ Խորեզմը հզորության գագաթնակետին հասավ Մեծ խորեզմշահերի տիրապետության շրջանում (XI — XIII դդ.)։ 1220 թ.-ին Խորեզմն ասպատակեց Չինգիզ խանը։ 1225 թ.-ին Խորեզմի շահ Մահմադի որդի Ջալալ Էդ-Դինը գրավեց Իրանի հյուսիսարևմտյան մասը և Ատրպատականը, ապա արշավեց Հայաստան ու Վրաստան՝ նպատակ ունենալով դրանք դարձնել հենակետ մոնղոլների դեմ պատերազմելու համար։ Ջալալ Էդ-Դինի 60 000-անոց զորքը (հայկական աղբյուրներում՝ «խորազմիք», «խորազմք», «խորագմն») արշավեց Արարատյան դաշտ, գրավեց և ավերեց Դվինը։ Կոտայքում ընդհարվեց վիրա-հայկական զորքի հետ, որին գլխավորում էր Իվանե Զաքարյանը։ 1227 թ.-ին հայ-վրացական ուժերը Տփղիսի (Թիֆլիսի) և Դվինի մատույցներում պարտության մատնեցին խորեզմցիներին։ 1228—1230 թթ.-ին շարունակվեցին Ջալալ Էդ-Դինի ասպատակությունները Հայաստանում, սակայն 1230 թ.-ի ամռանը նա պարտվեց։ Մոնղոլական տիրապետության ժամանակ Խորեզմը մտավ Զուչիի ուլուսի, այնուհետև Ոսկե Հորդայի կազմի մեջ։ 1388 թ.-ին Խորեզմը նվաճեց Լենկ-Թեմուրը։ 1512 թ.-ից մինչև XVII դարի վերջը Խորեզմն անկախ պետություն էր (Խիվայի խանություն), որը կառավարում էին ուզբեկ խաները։

Ճարտարապետություն և կերպարվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. IV—III դդ. ձևավորվել է Խորեզմի ինքնատիպ գեղարվեստական մշակույթը։ Քաղաքներն ունեցել են ուղղանկյուն հատակագիծ, առանցքային փողոցի կողմերում՝ կանոնավոր կառուցապատված թաղամասեր, պաշտպանական պատեր, աշտարակներ։ Պալատները (Կալալի-գիր, մ. թ. ա. V—IV դդ., Թոփրակ-կալա, II—III դդ.) ունեցել են հանդիսավոր բակեր, միջանցքներով կապված դահլիճներ ու սենյակներ։ Դամբարանային կառույցները եղել են աշտարականման, հատակագծում՝ խաչաձև շինություններ (Կյուզելի-գիր, մ. թ. ա. V դ.) կամ գլանաձև տաճար-դամբարաններ (Կոյ-Կռիլգան-կալա, մ. թ. ա. IV դ.)։

Խորեզմի կերպարվեստը համակված էր բնության պտղաբերության ուժերի փառաբանման և տիրակալների աստվածացման գաղափարներով (Թոփրակ-կալա. կավե գունազարդված արձաններ և բարձրաքանդակներ, հանքային ներկերով արված բազմագույն որմնանկարներ)։ Եզակի են մ. թ. ա. V դ. — մ. թ. I դ. արձանների տեսքով խեցեղեն օսուարիումները (լատ. ossuarium — հանգուցյալի ոսկորների զետեղարան)։ Տարածված են եղել թրծակավե արձանիկները՝ պտղաբերության աստվածուհիներ, ձիերի ֆիգուրներ և այլն։ Միջին դարերում խ-ի վարպետները մշակել են վեղարագմբեթային յուրօրինակ կառուցվածքներ (հին Ուրգենչի դամբարանները, XII դ.)։ XIV դ. 2-րդ կեսին Խորեզմի արվեստը վերելք է ապրել։ Մայրաքաղաք Ուրգենչում կառուցվել են ջնարակած խեցեղեն հարդարանքով շինություններ (Սուֆի դինաստիայի դամբարանը, այսպես կոչված Թյուրաբեկ-խանըմը։

Կրոնական ավանդապատումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեզմը համարվում է զրադաշտականության (մազդեականություն) հայրենիքը, որն ավելի հին ծագում ունի, քան քրիստոնեությունը և իսլամը։

Տեղաբնակները վստահեցնում են, որ հենց այստեղ է գտնվում Ադամի գերեզմանը, որի վրա կառուցված դամբարանը անվանում են այսպես կոչված «Աշխարհի ժամացույց»։ Այն աղյուսից կառուցված շինություն է և, ըստ ավանդույթի պատերից մեկ առ մեկ ընկնում են աղյուսե քարերը և երբ վերջինը գետին ընկնի, կգա «աշխարհի վերջը»։ Դամբարանի շուրջը ամենուրեք թափված յոթական քարերից շարված են փոքրիկ բուրգեր։ Այդ յոթ քարերը խորհրդանշում են ըստ Ավեստայի սուրբ յոթ թիվը, որի հոգևոր հիմքերն են.

  1. իմաստություն
  2. բարություն
  3. ճշմարտություն
  4. ջերմություն կամ էներգիա
  5. հարմոնիա
  6. ամբողջականություն
  7. անմահություն[1]։

Ուխտավորները դամբարանից թափված յոթ քարերը իրար վրա դնելով աղոթում են, հնչեցնելով այս յոթ հոգևոր արժեք ներկայացնող բառերը։ Մարդիկ հավատում են, որ այդպիսով երկարացնում են մոլորակի կյանքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tолстой С. П., Древний Хорезм М., 1948
  1. https://www.youtube.com/watch?v=yaLojGnAh2k
  2. http://www.centralasia-travel.com/ru/countries/uzbekistan/places/khorezm/mizdahkan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 87