Լա Մաջոնե
Լա Մաջոնե | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և Բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Պալերմո[1][2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Պալերմոյի արքեպիսկոպոսարան |
Հիմնական ամսաթվերը | 1191 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Նվիրված | Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | Նորմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1191 |
La Magione (Palermo) Վիքիպահեստում | |
basilicalamagione.diocesipa.it |
Լա Մաջոնե եկեղեցի (իտալ.՝ Chiesa della Magione), եկեղեցի Պալերմոյի արևելյան մասում (Կալսայի թաղամաս), Իտալիա։ Նվիրված է Սուրբ Երրորդությանը։ Նորմանական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշ է։ Պատկանում է Պալերմոյի արքեպիսկոպոսարանին, դրա երեք եկեղեցիներից մեկն է[3]։ Կրում է «փոքր բազիլիկ» պատվավոր կարգավիճակը։
Տաճարը կառուցվել է Մատեո դ’Աելոի միջոցներով (մահացել է 1193 թ․)։ Վերջինս եղել է Սիցիլիայի թագավորության նշանավոր պետական գործիչ Վիլհելմ I Չարի, Վիլհելմ II Բարու և Տանկրեդեի օրոք։ Տարբեր աղբյուրներում տաճարի հիմնադրման ամսաթիվը նշվում է 1150-1190 թվականները։ 1191 թվականին Մատեո դ’Աելոն իր կառուցած եկեղեցին տալիս է ցիստերցյաններին, որոնց, 1197 թվականին, Հենրիխ VI կայսեր կամքով փոխարինեցին Տևտոնական օրդենի ասպետները։ 15-րդ դարի վերջից Լա Մաջոնեն դարձավ սովորական ծխական եկեղեցի։ Տաճարը լրջորեն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն վերակառուցվել է 1950-1960-ական թվականներին։ Վերականգնման ժամանակ բազմաթիվ բարոկկոյի տարրերը հեռացվեցին, ինչի արդյունքում Լա Մաջոնեն դարձավ ուշ սիցիլիա-նորմանական ճարտարապետության սակավաթիվ նմուշներից մեկը։
Եկեղեցու ճակատն իրենից ներկայացնում է եռահարկ կամարներից բաղկացած կառուցվածք։ Միևնույն հորինվածքը կրկնվում է նաև աբսիդում։
Լա Մաջոնեն իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ։ Նեղ կողմնային նավերը հիմնականից բաժանվում են երկշարք մարմարե սյուներով, որոնց վրա հենված են սրանկյուն կամարները։ Խիստ ինտերիերը գրեթե զուրկ է հարդարանքից։ Հյուսիսային (ձախ) նավում պահպանվել են Տևտոնական օրդենի ասպետների մի քանի տապանաքարեր։
Լա Մաջոնեի հյուսիսային պատին հարում է կամարակապ սրահ, որը նախկին վանքի ներքին բակն է եղել։ Այն իրենից ներկայացնում է երկշարք սյունաշարք՝ նրբագեղ խոյակներով և սրանկյուն կամարներով։ Այս բնորոշ տարրերը վկայում են, որ Լա Մաջոնեի կամարակապ սրահի վրա աշխատել են Մոնրեալեի տաճարի վարպետները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու տեսքը արտաքինից
-
Կամարակապ սրահի սյունաշարք
-
Եկեղեցու տեսքը կողքից
-
Եկեղեցու նավը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ https://www.palermoviva.it/the-church-of-the-holy-trinity-la-magione/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Մաջոնե» հոդվածին։ |