[go: up one dir, main page]

Jump to content

Գյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակավա-գո և Գոկայամա, Ճապոնիա
Լիպնիցե Սազավայի վրա, Չեխիա
Բերբերների գյուղ, Մարոկկո
Գյուղ Ֆրանսիայի Վերին Ալպերի Պրովանս դեպարտամենտում

Գյուղ, մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար բնակչություն ունեցող բնակավայր, որը սովորաբար գտնվում է գյուղական վայրերում, երբեմն նաև քաղաքների մոտ։ Սովորաբար տները գյուղերում գտնվում են իրար մոտ, լայնորեն ցրված չեն ամբողջ տարածքով։

Գյուղը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող նստակյաց բնակչության բնակության վայր է։ Առաջացել է մինչդասակարգային հասարակարգում։ Այդ շրջանում գյուղերը գերազանցապես արյունակցական միավորում էին, տոհմական համայնք։ Գյուղի մեծացման հետ տոհմերը զբաղեցրել են նրա որոշակի մասը։ Գյուղատեղի ընտրությունը պայմանավորված է եղել ջրի առկայությամբ, ինչպես նաև ինքնապաշտպանության, քամիներից պաշտպանված լինելու, անասունների պահպանման և տնտեսական այլ հանգամանքներով։ Մեծությունը կախված է եղել նրա դիրքից. հարթ տեղանքում այն ավելի մեծ էր, քան լեռնոտ կամ անտառոտ վայրերում, որտեղ դժվար էր հարթեցնել կամ մաքրել բնակության վայրը։

Բնակչության աճը, երկրագործության զարգացումը նպաստել են գյուղերի խոշորացմանը։ Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայումը հանգեցրել է գյուղական համայնքի առաջացմանը, արյունակցական կապերն իրենց տեղը զիջել են դրացիական, տնտեսական հարաբերություններին։ Նախկին տոհմի փոխարեն գյուղը միավորել է առանձին գերդաստանների։

Միջին դարերում գյուղում գերիշխել է բնատնտեսությունը։ Գյուղաբնակչությունը կազմել է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Տնայնագործության հիման վրա գյուղերում առաջացան արհեստներ, զարգացող առևտրական, շուկայական կապերը հանգեցրին գյուղերի խոշորացմանը։ Որոշ գյուղեր այս ճանապարհով վերածվեցին քաղաքների։

Գյուղերը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հայկական գյուղերի մասին հաղորդում է հույն մատենագիր Քսենոփոնը (մ․ թ․ ա․ 5-րդ դար), որի վկայությամբ՝ մ․ թ․ ա․ 401 թվականին Հայաստանով անցած հունական զորքը ճանապարհին հանդիպել է բազմաթիվ գյուղերի՝ նահապետական կենցաղով, գետնափոր բնակարաններով։ Գյուղերը շրջապատված են եղել հողապատնեշներով, շատ տներ ունեցել են աշտարակներ։ Գյուղերը գլխավորել են գեղջավագները։ Այս շրջանում հայկական գյուղն արդեն դրացիական (տերիտորիալ) համայնք էր։ Յուրաքանչյուր գյուղ ունեցել է որոշակի հողատարածություն։

Մովսես Խորենացին հավաստում է, որ Հայոց Արտաշես թագավորը կարգադրել է որոշել գյուղերի սահմանները և առանձին նշաններով (սահմանաքարերով) դրանք բաժանել ագարակներից։ Գյուղերը հիմնադրվել են դաշտավայրերում, լեռնահովիտներում, արնահայաց լեռնալանջերում, նաև լեռնակիրճերում, հաշվի առնելով տնտեսական (հողի բերրիությունը, ջրի մոտիկությունը), պաշտպանական և այլ գործոններ, որոնցով հաճախ պայմանավորվել են հայկական գյուղերի անունները։ Գյուղերի հողատարածությունները որոշակի սահմաններ են ունեցել նաև միջին դարերում։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (9-13-րդ դարերում) տնտեսական վերելքի շնորհիվ ստեղծվել են նոր գյուղեր։ Դաշտավայրային մասերում (Այրարատ, Տարոն, Վասպուրական, Բարձր Հայքի որոշ շրջաններ) գյուղերը եղել են խիտ և բազմամարդ, ունեցել են շուրջ 400-500 ընտանիք, մինչդեռ լեռնային գյուղերի բնակչությունը սակավաթիվ է եղել։

Միջնադարյան գյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան որոշ գյուղերում բնակվել են իշխաններ։ Կենտրոնում եղել է ֆեոդալական ամրոցը (այստեղ վտանգի դեպքում ապաստանել են նաև շինականները), հրապարակը և շուկան։ Բնատնտեսության պայմաններում գյուղերի միջև տնտեսական և այլ բնույթի կապերը թույլ են եղել։ Հայ և օտար մատենագիրները հաղորդում են, որ Հայաստանն ունեցել է հազարավոր գյուղեր։

10-րդ դարի արաբ մատենագիր Իբն ալ-Ֆակիհի վկայությամբ՝ Արմինիան (Հայքը, Վիրքն ու Աղվանքը) ունեցել է մոտ 18 հազար գյուղ և քաղաք, ընդ որում՝ միայն Արարատյան դաշտում՝ 1000 բնակավայր։ 12-րդ դարում հայ մատենագիրներ Սամվել Անեցին և Մատթեոս Ուռհայեցին վկայում են, որ Վասպուրականի թագավորությունում 1021 թվականին եղել է մոտ 4000, իսկ Ստեփանոս Օրբելյանի (13-րդ դար) վկայությամբ՝ Սյունիքի թագավորությունում 11-12-րդ դարերում՝ 1003 գյուղ։

Սելջուկյան, մոնղոլ-թաթարական, պարսկա-թուրքական տիրապետության ժամանակ բազմաթիվ գյուղեր ավերվել են, բնակիչներն ստիպված բարձրացել են լեռները՝ այնտեղ հիմնելով նոր բնակավայրեր։ Երկրի հարթավայրային մասերում հաստատվել են եկվորները։ Այդ երևույթը շարունակվել է մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալը (1828)։

1915 թվականին երիտթուրքերի կառավարությունը բնաջնջեց հազարավոր հայկական գյուղեր։ Բազմաթիվ հայկական գյուղերի անուններ փոխվեցին։ Թուրքական «Ենի գյուն» լրագրի՝ 1960 թվականի դեկտեմբերի 16-ի համարում զետեղված հաղորդագրության համաձայն՝ թուրքական կառավարությունը նույն թվին որոշում է ընդունել, որով երկրի արևելյան չորս վիլայեթների 2180 բնակավայրերի հին անունները փոխարինվել են թուրքականով։

Միջնադարյան գյուղի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանջային և հովտային մշակելի ու ոռոգելի տարածությունները չեն կառուցապատվել։ Գետնամած, հողածածկ շինություններով ծայրահեղ խիտ ու անկանոն կառուցապատված գյուղերի պատկերը նախնադարյան ժամանակներից հասել է մինչև մեր օրերը։ Առանձնապես ցուրտ լեռնային շրջաններում՝ Բարձր Հայքում, Շիրակում, Գեղարքունիքում և այլուր, որտեղ գլխատան բաժանմունքները ծածկած բակի կամ միջանցքի շուրջն են համախմբվել, իսկ մուտքերի առաջ բացակայել են սյունավոր ծածկույթները, գյուղերը ձուլվել են շրջապատին, իսկ ձմռանը բոլորովին չեն նկատվել։ Այլ վայրերում առանձնապես գեղեցիկ տեսք են ստացել լանջերի վրա սանդղաձև դասավորված այն գյուղերը, որոնց գլխատները սյունավոր ծածկույթ են ունեցել։ Գյուղական լեռնային ճանապարհները եղել են ոլորապտույտ։ Հաճախ նրանք կորել են սանդղաձև կտուրների մեջ։ Դրանցով և բնական այլ սահմաններով առանձնացել են թաղերը, որոնք ազգակցական համակեցության պատճառով տոհմի անունն են կրել։ Ճանապարհներից մեկը, սակավադեպ երկուսը, տարբերվել են իրենց լայնությամբ, դրանցից մեկին առընթեր, կամ խաչմերուկներում, իշխող դիրքով առանձնացվել է հրապարակը, ուր գտնվել է եկեղեցին։ Լեռնային և նախալեռնային գյուղերում ներքին կանաչապատում գրեթե չի եղել, սակայն շրջակայքը մշակել են խնամքով։

Փոքր-ինչ ավելի ազատ են կառուցապատվել հարթավայրերի ու հովիտների գյուղերը, ուր տարածված էին հարթ ծածկով բնակարաններ կամ համեմատաբար նվազ բարձրություն ունեցող ծածկերով գլխատներ։ Յուրաքանչյուր տուն ուներ իր բակը, երբեմն նաև տնամերձ հողամասը։ Գյուղի կառուցապատման այս ձևը փոխվել է վերջին տասնամյակներին։ Հին բնակարաններից իրենց հատակագծով, ծավալով, բացվածքներով, ծածկերով և այլ մանրամասներով տարբերվող շինություններն այլևս գետնի մեջ չեն խորացվել, կառուցվել են իրարից հեռու, մեծացել են բակերը, կանոնավորվել դարպասներն ու ցանկապատները, կանաչապատվել գյուղի ներքին տարածությունները։ Գյուղերի պատկերը էապես փոխվել է սովետական իշխանության օրոք։ Փողոցներն ու ճանապարհները դարձել են լայն և ուղիղ, անհատական տներն օժտվել են լուսավոր սենյակներով և օժանդակ հարմարություններով, շրջապատվել բարեկարգ հողամասերով, կառուցվում են նաև սակավահարկ ու հարմարավետ բնակելի շենքեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քսենոփոն, Անաբասիս, Երևան, 1970։
  • Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Երևան, 1934։
  • Մնացականյան Ս․ Խ․, Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը, Ե․, 1956։
  • Հակոբյան Ս․, Հայ գյուղացիության պատմություն, հ․ 1—2, Ե․, 1957—64։
  • Պապուխյան Ն․ Ծ․, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1972։
  • Ամիրյան Ս․ Ս․" Փոփոխություններ սովետական հասարակության սոցիալական կառուցվածքում, Ե․, 1973։
Ընթերցե՛ք «գյուղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 115