[go: up one dir, main page]

Jump to content

Գեորգի Գոնգաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գոնգաձե
ուկրաիներեն՝ Георгій Русланович Гонгадзе
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1969(1969-05-21)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 17, 2000(2000-09-17) (31 տարեկան)
Մահվան վայրՏարաշչայի շրջան, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և թարգմանիչ
ԱմուսինMyroslava Gongadze?
Ծնողներմայր՝ Oleksandra Gongadze?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան
և Կիևի պատվավոր քաղաքացի
 Georgiy Gongadze Վիքիպահեստում

Գեորգի Ռուսլանովիչ Գոնգաձե (վրաց.՝ გიორგი რუსლანის ძე ღონღაძე, մայիսի 21, 1969(1969-05-21), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ - սեպտեմբերի 17, 2000(2000-09-17), Տարաշչայի շրջան, Ուկրաինա), վրացական ծագմամբ ուկրաինացի լրագրող, «Ուկրաինսկայա պրավդա» առցանց պարբերականի հիմնադիր և առաջին գլխավոր խմբագիր։ 2005 թվականին հետմահու արժանացել է Ուկրաինայի հերոսի կոչման։

2000 թվականին նրա մահվան հանգամանքները դարձան ազգային դրամա և Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ բողոքի ցույցերի պատճառ։ Կասետային սկանդալի ժամանակ հրապարակվել են աուդիոձայնագրություններ, որտեղ Կուչման, Վլադիմիր Լիտվինը և բարձրաստիճան մյուս պաշտոնյաները, իբր, քննարկում են Գոնգաձեին լռեցնելու անհրաժեշտությունը։ Պատճառը լրագրողի կողմից առցանց հրապարակվող հոդվածներն էին, որոնք պատմում էին իշխանության վերին օղակներում կոռուպցիայի մեծ ծավալների մասին։ Գոնգաձեի սպանության գործով որևէ անձի սպանության հրաման տալու մեղադրանք չի առաջադրվել։

2005 թվականի օգոստոսի 23-ին Վիկտոր Յուշչենկոն հետմահու Գեորգի Գոնգաձեին շնորհել «Ուկրաինայի հերոս»-ի կոչում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի մայիսի 21-ին Թբիլիսիում՝ վրացի ճարտարապետ Ռուսլան Գոնգաձեի (1944-1993) և Լվովից ուկրաինացի ատամնաբույժ Ալեքսանդրա (Լեսյա) Թեոդորովնա Գոնգաձեի (1945-2013) (ի ծնե՝ Կորչակ) ընտանիքում[1]։

Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի երեկոյան բաժին։

1987-1989 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայության է եղել Աֆղանստանում։ Զորացրվելուց հետո վերադարձել է Թբիլիսի, որտեղ 1989 թվականի ապրիլին դաժանորեն ճնշվում էին զանգվածային ցույցերը։ Հոր օրինակով, որն ազգային-ժողովրդավարական կուսակցություններից մեկի առաջնորդն էր, գլխավորել է Վրաստանի ազգային ճակատի տեղեկատվական բաժինը։

1989 թվականի աշնանը տեղափոխվել է Լվով, ուսումը շարունակել Իվան Ֆրանկոյի անվան Լվովի համալսարանի արտասահմանյան լեզուների ֆակուլտետում։ Ակտիվորեն ներգրավվել է քաղաքի հասարակական-քաղաքական կյանքին («Ուկրաինայի ազգային շարժում»), անդամակցել ուսանողական եղբայրություններին, Լվովում ստեղծել Բագրատիոնի վրացական մշակութային կենտրոնը։ Ամուսնացել է լվովցի Մարիանա Սպիխալսկայայի հետ, սակայն այդ ամուսնությունը երկար չի ձգվել։

Այդ ժամանակ Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան սկսել էր հետապնդել իր քաղաքական ընդդիմախոսներին, որոնց թվում էր նաև Ռուսլան Գոնգաձեն։ Երբ 1991 թվականին Թբիլիսիում սկսվեց հակակառավարական ապստամբություն, Գեորգին վերադարձավ հայրենիք և միացավ ապստամբներին։

Ապստամբության հաղթանակից հետո վերադարձել է Լվով, սկսել զբաղվել կինովավերագրությամբ, ծանոթացել Լվովի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Միրոսլավա Գոնգաձեի հետ, որը 1995 թվականին դարձավ նրա կինը։ 1997 թվականին զույգն ունեցել է երկվորյակ աղջիկներ՝ Նոնան և Սալոմեան (Նանի և Սալոմե)։

1993 թվականին, հոր մահվանից անմիջապեես հետո, Գեորգին ժամանում է Վրաստան՝ 1992-1993 թվականների Վրաց-աբխազական պատերազմի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ Հայտնվելով ռազմի ճակատում՝ միացել է Վրաստանի զինված ուժերում։ Հրետակոծություններից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է։ Նրան զենիթային արկակոծության տակ ինքնաթիռով տարհանել են շրջափակված Սուխում քաղաքից՝ աբխազական զինված կազմավորումների կողմից քաղաքի գրավումից մի քանի օր առաջ։

1993ь1994 թվականներին եղել է «Ցենտր Եվրոպա» ստեղծագործական միավորման գլխավոր ռեժիսոր։ Լվովի հեռուստատեսությամբ եթեր էր գնում նրա «Մոնիտոր» ծրագիրը։ Համագործակցել է նաև «Պոստ-պոստուպ» թերթի հետ։ Այդ ժամանակաշրջանում ստեղծել է «Երկրի ցավը» (1993), «Պատերազմի ստվերները» (1994), «Օրորոց» (1995), «Երազանքի պահապանները» (1996) վավերագրական ֆիլմերը։ Դրանցից մի քանիսն այդ ժամանակ ցուցադրվում էին ուկրաինական հեռուստատեսությամբ։

1995 թվականին Գեորգին և Միրոսլավան տեղափոխվում են Կիև ու սկսում աշխատել «Ինտերնյուս»-ի «Պարագրաֆ ծրագրում։

1996-1997 թվականներին Գեորգին եղել է «Օկնա-Պլյուս» հեռուստահաղորդման վարող, որը հեռարձակվում էր СТБ-ով։ 1998 թվականի սկզբին եղել է «Մոյ» հաղորդման վարող, որը ցուցադրվում էր «Գրավիս» հեռուստառադիոընկերության կողմից։ 1998-1999 թվականներին փաստացի գործազուրկ է եղել։ 1999 թվականի հոկտեմբերի 1-ից «Կոնտինենտ» ռադիոկայանի ուղիղ եթերում սկսել է վարել «Առաջին փուլը Գեորգի Գոնգաձեի հետ» տեղեկատվական ծրագիրը։ Դրան զուգահեռ այդ ժամանակ Ուկրաինայում ընթանում էր նախագահական ընտրությունների քարոզարշավը։

2000 թվականի ապրիլի 17-ին համացանցում հայտնվեց «Ուկրաինսկայա պրավդա» առցանց պարբերականը, որը հիմնադրվել էր Գեորգի Գոնգաձեի կողմից։ Այնտեղ, ի թիվս այլ լուրերի, հրապարակվում էին նաև քննադատական նյութեր Լեոնիդ Կուչմայի ու նրա մերձավորների մասին։

Առևանգում և սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունիսի վերջին Գոնգաձեն նկատում է, որ իրեն լուռ հետևում են։ Մասնավորապես, անհայտ անձինքն «Ժիգուլի» տեսակի ավտոմեքենայով ուղեկցում էին իրեն։ Այդ մեքենան առավոտյան սպասում էր նրան տան մոտ, իսկ երեկոյան՝ աշխատավայրի։ 2000 թվականի հուլիսի 14-ին Գոնգաձեն գրավոր նամակով պաշտոնապես դիմում է Ուկրաինայի գլխավոր դատախազ Միխայիլ Պոտեբենկոյին, որտեղ շարադրել է ոստիկանների ու անհայտ անձանց կողմից իրեն հետևելու մասին փաստերը։

2000 թվականի սեպտեմբերի 16-ին մոտ 22:30-ին Գեորգին Գոնգաձեն դուրս է գալիս «Ուկրաինսկայա պրավդա»-ի համահիմնադիր Ալյոնա Պրիտուլայի մոտ, սակայն տուն այդպես էլ չի հասնում։ Նոյեմբերի 2-ին Տարաշչայի մոտ հայտնաբերվում է գլխատված մարմին։ Միրոսլավա Գոնգաձեն և ընկերները պաշտոնապես հաստատում են, որ դա Գեորգիի մարմինն է։ Նրա ինքնությունը հաստատվել է նաև մի քանի փորձաքննությունների արդյունքում։ Լրագրողի մայրը՝ Լեսյա Գոնգաձեն հրաժարվում էր ընդունել, որ հայտնաբերված մասունքներն իր որդունն են[2][3]։

2000 թվականի նոյեմբերի 28-ին Գերագույն ռադայի նիստի ժամանակ Ուկրաինայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Մորոզը հայտարարեց, որ ունի աուդիոձայնագրություններ, որոնք վկայում են այն մասին, որ Ուկրաինայի ղեկավար կազմը կապ ունի Գոնգաձեի սպանության հետ։ Այդ ձայնագրությունները արվել էին պահպանության նախագահական ծառայության աշխատակից, մայոր Նիկոլայ Մելնիչենկոյի կողմից[4]։ Գոնգաձեի սպանության գործում Ալեքսեյ Պուկաչի մասնակցության վերաբերյալ ապացույցները հավաքել ու վերջինիս ձերբակալությանը մասնակցել է քննիչ Յուրի Ստոլյարչուկը, որը ներգրավված էր այս ռեզոնանսային սպանության հետաքննության օպերատիվ-քննչական խմբի մեջ[5]։ Հենց Ստոլյարչուկի աշխատասենյակում են առաջին անգամ ձերբակալել Պուկաչին։ Դա տեղի է ունեցել 2003 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ Տուկաչը մեղադրվում էր արտաքին հսկողական ծառայության փաստաթղթերի ոչնչացման ու կասկածվում Գոնգաձեին հետևելու մեջ։

Դեռ մինչև Պուկաչի ձերբակալությունը Կիևի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին փոխգնդապետ Իգոր Գոնչարովը, որը որպես «փախուստի մեջ գտնվող մարդագայլեր»-ի բանդայի առաջնորդ մեղադրվում էր 11 սպանությունների մեջ, փորձում էր Գոնգաձեի սպանության մեղքը բարդել իր ենթակա Յուրի Նեստերովի վրա, որը հարցաքննությունների ժամանակ մատնել էր բանդային։ Գոնչարովը նույնիսկ նամակներ էր գրել, որոնք իր մահվան դեպքում հանձնարարել էր ուղարկել հասարակական տարբեր կառույցներին։ Դա արվեց 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո, երբ Գոնչարովը մահացավ գաղտնի հանգամանքներում։ Մամուլը կարծում էր, որ նրա մահվան հետ կապ ունեն հատուկ ծառայությունները։ Սակայն գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Շոկինը նամակների ուսումնասիրությունից հետո պարզեց, որ Գոնչարովի ցուցմունքները չեն համապատասխանում իրապես պարզված փաստերին[6]։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության արտաքին հսկողության և քրեական հետախուզության նախկին երեք աշխատակիցներ (Վալերի Կոստենկո, Նիկոլայ Պրոտասով և Ալեքսանդր Պոպովիչ) 2005 թվականի մարտին մեղադրվեցին Գոնգաձեի սպանության մեջ, իսկ չորրորդին՝ Ալեքսեյ Պուկաչին, որը ՆԳՆ գլխավոր վարչության նախկին պետն էր, մեղադրանք առաջադրվեց 2009 թվականի հուլիսին։ 2008 թվականի մարտին դատարանը Պրոտասովին դատապարտեց 13 տարի ազատազրկման, իսկ Կոստենկոյին ու Պոպովիչին՝ 12 տարվա։ Կիևի Պեչորյան շրջանային դատարանը 2013 թվականի հունվարի 29-ին Ուկրաինայի ՆԳՆ նախկին գեներալ Ալեքսեյ Պուկաչին մեղավոր ճանաչեց 2000 թվականին ուկրաինացի հայտնի լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության մեջ ու դատապարտեց ցմահ ազատազրկման։

2016 թվականի մարտի 22-ին Կիևում կայացել է Գեորգի Գոնգաձեի մարմնի հուղարկավորության արարողությունը։ Այն կայացել է Կիևի Նիկոլայ Նաբերեժնու եկեղեցում[7]։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թվականի օգոստոսի 23-ին Վիկտոր Յուշչենկոյի հրամանով Գեորգի Գոնգաձեին հետմահու շնորհվել է «Ուկրաինայի հերոս»-ի կոչում՝ «Հայրենիքի շքանշանի» պարգևատրմամբ(Ուկրաինայի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, ժողովրդավարության ու խոսքի ազատության իդեալները պաշտպանելու գործում ցուցաբերած քաղաքացիական արիության, լրագրողական գործին հավատարմության համար)[8]։
  • 2006 թվականի ապրիլի 19-ին Գեորգի Գոնգաձեի անունով կոչվեց Կիևի Մեքենայագործների փողոցը։
  • 2007 թվականի փետրվարի 9-ին Մեքենայագործների փողոցին վերադարձրեցին իր հին անվանումը, իսկ Գեորգի Գոնգաձեի անունով վերանվանվեց Խորհրդային Ուկրաինայի պողոտան։
  • 2008 թվականի դեկտեմբերի 22-ին Կիևում Բոլշոյ Վասիլկովսկի փողոցի հրապարակում բացվեց Գեորգի Գոնգաձեի ու լրագրողների հուշարձանը, որոնք զոհվել էին խոսքի ազատության համար։ Լրագրողի մայրը դեմ էր հուշարձանի տեղադրմանը[9]։
  • Լրագրողին շնորհվել է Կիևի պատվավոր քաղաքացու կոչում[9]։
  • Նրա անունով է անվանակոչվել Կիևի թիվ 329 «Լոգոս» հանրակրթական դպրոցը։
  • Նիկոլաև քաղաքում 2014 թվականին դեկոմունիզացիայի հետևանքով Փարիզյան կոմունայի փողոցը վերանվանվեց Գոնգաձեի փողոց[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Леся Гонгадзе: "Георгий всегда говорил мне: «Мама, ты у меня одна, и я никому не позволю тебя обижать» — «ФАКТЫ»
  2. Начальник главного бюро судебно-медицинской экспертизы Минздрава Украины Василий Бурчинский: «Смерти Собчака, Гонгадзе, Кравченко остаются загадками…» Արխիվացված 2013-10-23 Wayback Machine // Бульвар Гордона
  3. Георгия Гонгадзе похоронят в Киеве спустя 16 лет после убийства Արխիվացված 2016-03-21 Wayback Machine // Интерфакс
  4. «Отчет Kroll по расследованию дела Гонгадзе». 2001 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին.
  5. «ГПУ возглавит прокурор, который раскрыл убийство Гонгадзе // [[Сегодня (газета, Украина)|Сегодня]]». www.segodnya.ua. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  6. Александр Корчинский (2012 թ․ փետրվարի 6). «Суд идет. Банда "оборотней" или "Белая стрела"». Сегодня. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  7. «Украинского журналиста Гонгадзе похоронили через 16 лет после смерти» (ռուսերեն). Вести. 2016 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  8. Указ Президента Украины В. А. Ющенко от 23 августа 2005 года
  9. 9,0 9,1 В Киеве открыли памятник Гонгадзе(չաշխատող հղում)
  10. «В Николаеве появятся улицы Андрея Балагана, Георгия Гонгадзе, вместо ПГС — проспект Героев Украины, также демонтируют памятник чекистам на Садовой». НикВести. 2016 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Գոնգաձե» հոդվածին։