Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծվառյուծներ կամ գորշանգղներ (լատին․՝ Gyps), ճուռակների ընտանիքին պատկանող խոշոր գիշատիչ թռչունների տեսակ, լայնորեն տարածված են արևելյան կիսագնդի ջերմ կլիմայի պայմաններում։ Արտաքին նմանություն ունեն ամերիկյան արծվառյուծների հետ, սակայն թռչունների այս երկու խմբերը սերտ հարազատներ չեն համարվում[1]։
Տիպիկ դետրիտոֆագեր են, աչքի են ընկնում հիմնականում մուգ փետուրներով, փետրազուրկ գլխով (շատերը՝ փետրազուրկ պարանոցով) և երկար ու լայն թևերով։ Որսը գտնում են բացառապես տեսողության միջոցով (ի տարբերություն ամերիկյան արծվառյուծների, որոնք լավ հոտառություն ունեն)։ Ունեն հզոր կտուց, բայց թույլ ոտքեր, ինչի պատճառով չեն կարողանում տեղափոխել որսը։ Բնորոշ անատոմիական առանձնահատկություններից է մեծածավալ քարճիկի և ստամոքսի առկայությունը, որը նախատեսված է մեծ քանակությամբ սննդամթերք սպառելու համար։
Սովորաբար արծվառյուծները ճախրում են մեծ բարձրության վրա՝ փնտրելով որս և հետևելով միմյանց։ Եթե նրանցից մեկը ուտելիք է տեսնում, ապա իջնում է ներքև, իսկ մնացած թռչունները հետևում են նրան։ Որսի համար հաճախ պայքարում են, սակայն թռչունների մեծ խումբը կարող է վախեցնել որոշ գիշատիչների։ Հաճախ նրանց կերած սնունդը լիովին փչացած է լինում։ Դիակի թարախը կամ արյունը հոսում է արծվառյուծի մարմնի փետրազուրկ մասով և հատուկ փետրավոր «օձիք»-ի միջոցով հոսում մարմնից։ Ստամոքսահյութի բարձր թթվայնությունը սպանում է դիակի մանրէները և նպաստում ոսկրերի լուծմանը, իսկ աղիների սիմբիոտիկ մանրէները չեզոքացնում են թունավոր նյութերը։ Արծվառյուծները պարբերաբար տարածում են փետուրները, որպեսզի ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչնչացնեն փետուրների վրայի մանրէները[2]։
Գորշանգղ են անվանում նաև անգղների ենթաընտանիքի այլ տեսակների որոշ թռչուններին, ինչպես նաև ամերիկյան գորշանգղներին[3]։
- ↑ "ITIS Report: Gyps". Integrated Taxonomic Information System. Retrieved 17 November 2014
- ↑ Boev, Z. 2010. Gyps bochenskii sp. n. (Aves: Falconiformes) from the Late Pliocene of Varshets (NW Bulgaria). – Acta zoologica bulgarica, 62 (2): 211-242.
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 43. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
- Книпович Н. М. Грифы, хищные птицы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- James Ferguson-Lees, David A. Christie. Raptors of the World. — London: Christopher Helm, 2001. — 992 с. — ISBN 0-7136-8026-1.