Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհազոր, կամավորական հիմունքներով խաղաղ բնակչությունից կազմավորված ռազմական ստորաբաժանում[1]։ Պատերազմի ժամանակ ստեղծվող ժողովրդական կամավոր զորամիավորում, հին և միջին դարերում՝ նաև բանակի օժանդակ մաս։ Սովորաբար ձևավորվում է արդարացի–ազատագրական պատերազմներում։ Հայկական Ա. երբեմն վճռական դեր է խաղացել (օրինակ, 450–451-ին՝ Վարդանանց պատերազմում, 1918-ին՝ Սարդարապատի ճակատամարտում ևն)։ Ա. կարևոր նշանակություն ունեցավ Հայրենական մեծ պատերազմում (1941–45)՝ սովետական երկիրը ֆաշիստական զորքերից պաշտպանելու և ազատագրելու գործում։ ՀամԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտեն Ա. կազմակերպելու մասին որոշումն ընդունեց 1941-ի հուլիսի 2-ին։ Մինչև 1943-ը Ա–ի միավորումներ ստեղծվեցին Մոսկվայում (12 դիվիզիա), Լենինգրադում (10 դիվիզիա), Կիևում, Խարկովում, Դոնբասում, Ատալինգրադում և այլ քաղաքներում։ 1941-ին Ա–ի վաշտեր ստեղծվեցին Երևանում։ Մարտական պատրաստականություն ստացած տասնյակ հազարավոր աշխարհազորայիններ համալրեցին գործող բանակի շարքերը։
2020 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնցով առաջարկվում է Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծել աշխարհազոր։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է։ Նախատեսվում է ստեղծել առանձին ստորաբաժանումներ, որոնք ղեկավարելու են քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարի տեղակալները[2]։ Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու, կանոնակարգվելու է զենքի պահպանումն ու կիրառումը[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 484)։
|