Այնթապ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այնթապ (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Այնթապ | ||
թուրքերեն՝ Gaziantep | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Գազիանթեփի մարզ, Հալեպի գավառ և Այնթապի սանջակ | |
Մակերես | 7642 կմ² | |
ԲԾՄ | 850 մետր | |
Բնակչություն | ▼1 680 723 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 27 000 | |
Պաշտոնական կայք | gaziantep.gov.tr(թուրքերեն) | |
| ||
Այնթապ (այժմ կոչվում է Գազիանթեպ (թուրքերեն՝ Gaziantep), քաղաք Թուրքիայի հարավում, Գազիանթեփի մարզի կենտրոնը։ 853000 բնակիչ (2007)։ Ըստ բնակչության Թուրքիայի վեցերորդ քաղաքն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնթապը գտնվում է Թուրքիայի հարավում, Եփրատի վտակ Սաջուրի ափին։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։ Քաղաքը կառուցված է պտղատու այգիներով շրջապատված երեք բլուրների վրա։ Երկաթուղային հանգույց է։ Այնթապում կան տեքստիլ, կաշվե իրերի, սպիրտ-օղու և օճառի արտադրության ձեռնարկություններ։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը Օսմանյան Թուրքիայում կոչվել է Այնթաբ, հետո փոխվել է Անթեպի։ Անվան ծագումը հայտնի չէ, թեև կան մի քանի վարկածներ, անվան հիմք կարող են ծառայած լինել՝
- հեթիթերեն «խանթապ» (արքայի երկիր) բառակապակցությունը,
- պարսկերեն «բոլոր աղբյուրներ» բառակապակցությունը,
- արաբերեն «ային թաբա» լավ գարուն արտահայտությունը։
Խաչակիրները քաղաքը և նրա ամրոցը անվանել են «Համթաբ», «Հանթաբ» և «Հաթաբ»[2][3]։
1921 թվականի փետրվարի 8–ի Թուրքիայի մեծ ազգային ժողովը քաղաքը վերանվանեց Գազիանթեպ, նախկին անվանը ավելացնելով «գազի» (քաջ) տիտղոսը։ Այս անվանումը օրինական ուժ ստացավ 1928 թվականին[4]։
Հայկական Այնթապը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնթապը եղել է հին բնակավայր, սակայն աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարից։ Խաչակիրների օրոք մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ։ 1266 թվականին Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը երկու անգամ արշավեց Այնթապի վրա, բայց չկարողացավ գրավել։ 13–14-րդ դարերում գտնվում էր եգիպտական սուլթանների գերիշխանության տակ։ 1404 թվականին Այնթապը ավերեցին Լենկթեմուրի զորքերը։ 1516 թվականին Այնթապ ընկավ թուրքերի ձեռքը։ 18-րդ դարում Այնթապի շուրջը գտնվող հարյուրից ավելի գյուղեր ամբողջովին հայաբնակ են եղել։ Հետագայում օսմանյան պետությունը այդտեղ բնակեցրել է քրդեր, հայերին բռնի կերպով դարձրել թրքախոս։ Այնթապի վիլայեթում կիսավեր ն կանգուն վիճակում պահպանվել են հայկական բազմաթիվ հնություններ՝ եկեղեցիներ, վանքեր, բերդեր։ 20-րդ դարի սկզբներին Այնթապ ուներ 50 հազար բնակիչ, այդ թվում՝ մոտ 20 հազար հայ։
Արհեստները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերն զբաղվում էին առևտրով և արհեստներով՝ մետաղամշակությամբ, ոսկերչությամբ, քարգործությամբ։ Հին ու տարածված արհեստ էր ոստայնանկությունը՝ հյուսվածքեղեն պատրաստելը։ Զարգացած էր ներկարարությունը և դրոշմազարդումը (դաջածո, տպածո)։ Այնթապը հայտնի էր նաև բրդյա գործվածքներով, գորգարծությամբ։ Կարպետագործությունը հասել էր արվեստի բարձրության։ Այնթապը առանձնապես աչքի էր ընկնում ասեղնագործությամբ, որը կրում էր քաղաքի անունը։ Այն հայկական ասեղնագործական արվեստի ամենանուրբ ճյուղն էր։ Այնթապում ասեղնագործում էին սեղանի ծաղկազարդ սփռոցներ, ծածկոցներ, բարձի երեսներ, թաշկինակներ, կարովի ժանյակներ (օյա), որոնցով զարդարում էին գլխաշորերը, հագուստը և բնակարանի փափուկ կահույքը։ Թուրքական կառավարության կազմակերպած ջարդերից հետո եվրոպական մի շարք երկրներից այդ վայրերն են եկել բողոքական միսիոներներ։ Կրոնական գործունեությունից բացի նրանք խրախուսել են հայկական ասեղնագործության տեղական ճյուղերը, որոնց արտադրանքը արտահանել են Եվրոպայի և Ամերիկայի շուկաները։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնթապում կար 6 հայկական եկեղեցի, որոնցից Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին կառուցվել է 1873-1893 թվականներին, ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից։ Քաղաքում կային 17 վարժարան (Վարդանյան, Ներսեսյան, Հայկանուշյան և այլն) և զանազան մշակութային ընկերություններ (Վարդանյան, Այդինյան և այլն)։ Հայ երեխաները հաճախում էին նաև ամերիկյան միսիոներների հիմնադրած «Կեդրոնական Թուրքիո կոլեջը» և օրիորդաց ուսումնարանը։ 1886 թվականին Վարդանյան վարժարանում հրատարակվել է «Մենտոր» անունով հայատառ թուրքերեն կիսամսյա հանդեսը, ոյւ տպագրվել է Կոստանդնուպոլսում։ 1912-1915 թվականին գործել է Կիլիկյան ճեմարանը՝ գիշերօթիկ և ցերեկային բաժիններով։ Ազգային ճնշումների և բռնությունների հետևանքով Այնթապի հայերի մեծ մասը հայերեն չէր խոսում, սակայն 19-րդ դարի վերջին, հայ մշակութային ընկերությունների և առանձին բարերարների հիմնադրած հայկական դպրոցների շնորհիվ, հայերենը նորից խոսակցական լեզու դարձավ հայ ընտանիքներում։
Եղերական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին թուրք ջարդարարները տեղահան արեցին Այնթապի բազմահազար հայերին և քշեցին Դեր Էլ-Զորի անապատը։ Թուրքիայի պարտությունից հետո տեղահանված հայերի բեկորները վերադարձան հայրենի քաղաքը։ Թուրքերը նորից հարձակվեցին Այնթապի վրա։ Հայերը 314 օր (1920 թվականի ապրիլի 1-ից մինչև 1921 թվականիի փետրվարի 8) հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ։ Սակայն ֆրանսիացիները լքեցին հայերին և հեռացան Կիլիկիայից։ Վախենալով թուրքերի հետագա վրեժխնդրությունից՝ Այնթապի հայերը տարագիր եղան և բնակություն հաստատեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ–ում։
Այնթապցիները Խորհրդային Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարագիր այնթապցիների մի մասը հետագայում հայրենադարձվեց Սովետական Հայաստան։ ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության 1970 թվականի սեպտեմբերի 10–ի հրամանագրով Այնթապ է վերանվանվել ՀԽՍՀ Մասիսի շրջանի Թազագյուղ բնակավայրը։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիա Ֆլորենցիա, Իտալիա
- Գերմանիա Դույսբուրգ, Գերմանիա
- Սիրիա Հալեպ, Սիրիա
- Քուվեյթ Քուվեյթ, Քուվեյթ
- Նիդերլանդներ Նեյմեգեն, Նիդերլանդներ
- Ռուսաստան Ուֆա, Ռուսաստան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.citypopulation.de/en/turkey/gaziantep/_/2847__gaziantep/
- ↑ Gēorg A. Sarafean, Kevork Avedis Sarafian, A briefer history of Aintab: a concise history of the cultural, religious, educational, political, industrial and commercial life of the Armenians of Aintab, Union of the Armenians of Aintab, 1957, p. 1. (անգլ.)
- ↑ The Damascus chronicle of the Crusades, London 1932, p. 367. (անգլ.)
- ↑ «Gaziantep Valilik». Gaziantep.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3–ին-ին. (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմութիւն Անթէպի Հայոց, աշխատասիրեց եւ խմբագրեց Գէորգ Սարաֆեան, հատոր Ա, Լոս Անճէլըս, 1953։ Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
- Պատմութիւն Անթէպի Հայոց, աշխատասիրեց եւ խմբագրեց Գէորգ Սարաֆեան, հատոր Բ, Լոս Անճէլըս, 1953։ Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
- Սահակյան Ռ. Գ., Թուրք–ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ., Երևան, 1970։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնթապ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 346)։ |