Էրիկա Հես
Էրիկա Հես | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | գերմ.՝ Erika Hess |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Շվեյցարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 6, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վոլֆենշիսեն, Նիդվալդեն, Շվեյցարիա |
Հասակ՝ | 163 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 53 կիլոգրամ[1] |
Էրիկա Հես (գերմ.՝ Erika Hess, մարտի 6, 1962, Վոլֆենշիսեն, Նիդվալդեն, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, սլալոմի, հսկա սլալոմի և համակցված ձևի մասնագետ։ Շվեյցարիայի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ է եղել 1978-1987 թվականներին։ Լեյք Փլեսիդի Ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի վեցակի չեմպիոն։ Երկու անգամ դարձել է աշխարհի գավաթակիր ընդհանուր հաշվում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկա Հեսը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին Նիդվալդեն կանտոնի Վոլֆենշիսեն կոմունայում (Շվեյցարիա)։ Առաջին անգամ դահուկով սահել է 4 տարեկանում, 6 տարեկանում արդեն երկու անգամ ոտքը կոտրել է թեքությունից ընկնելու պատճառով։ Մանկությունն անցել է ընտանեկան ֆերմայում, ծնողներին օգնել է տնտեսության գործերում, ամենօրյա աշխատանքի շնորհիվ զգալիորեն մեծացրել է ֆիզիկական ուժը։
1978 թվականի հունվարին՝ 15 տարեկան հասակում, արդեն ընդգրկվել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մշտական կազմում և նորամուտը կատարել Աշխարհի գավաթի խաղարկությունում։ 1979 թվականի դեկտեմբերին առաջին անգամ բարձրացել է աշխարհի առաջնության պատվո հարթակին։
Մի շարք անգամներ հաջող ներկայանալու շնորհիվ արժանացել է երկիրը 1980 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացնելու պատվին, որտեղ հսկա սլալոնում վերջնակետին չի հասել, իսկ սովորական սլալոմում զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել օլիմպիական բրոնզե մեդալ՝ առաջ թողնելով գերմանացի Քրիստա Քինսհոֆերին և Լիխտենշտայնի ներկայացուցիչ Հաննի Վենցելին։
1981 թվականի հունվարին Հեսն առաջին անգամ դարձել է աշխարհի գավաթակիր, և այդ պահից սկսվել է նրա հաղթական երթը, որը տևել է 1980-ական թվականների գրեթե ողջ ընթացքում։ Այդ ընթացքում շվեյցարացի մարզիկն ընդհանուր առմամբ 31 անգամ հաղթել է աշխարհի առաջնության փուլերում, 76 անգամ գրավել մրցանակային տեղ և 146 անգամ ներառվել ուժեղագույնների տասնյակում։ Չորս անգամ արժանացել է Բյուրեղապակե գլոբուսի սլալոմից, մեկ անգամ համակցված ձևից, երկու անգամ հաղթել է Աշխարհի գավաթի ընդհանուր վիճակագրությունում[2]։
1982 թվականին Շլադմինգում կայացած աշխարհի առաջնությունում հաղթել է բոլոր երեք ձևերում, որոնց մասնակցել է՝ սլալոմ, հսկա սլալոմ և համակցված։
1984 թվականին Շվեյցարիան ներկայացրել է Սարաևոյի Օլիմպիական խաղերում, որտեղ բացման արարողության ժամանակ եղել է դրոշակակիր, սակայն մրցանակի չի արժանացել. սլալոմում գրավել է 5-րդ տեղը, հսկա սլալոմում՝ յոթերորդ։
1985 թվականի Բորմիոյի աշխարհի առաջնության ժամանակ համակցված ձևից նվաճել է ոսկե մեդալ։ Հաղթանակի հնարավորություն է ունեցել նաև սլալոմում, առաջին փորձից հետո գնացել է առաջինը, սակայն երկրորդը չի ավարտել։
1987 թվականի աշխարհի առաջնությունում լավագույնն էր սլալոմ և համակցված ձևերում, այդպիսով՝ վեցերորդ անգամ դարձել է լեռնադահուկային սպորտի աշխարհի չեմպիոն։ Այդ մրցաշրջանի ավարտին՝ 25 տարեկանում, որոշել է ավարտել պրոֆեսիոնալ մարզուհու կարիերան։
Հետագայում զբաղվել է մարզական ճամբարների ու Շվեյցարիայի տարածքում լեռնադահուկային սպորտի մրցումների կազմակերպմամբ։ Ամուսնու և երեք երեխաների հետ ապրում է Սեն-Լեժիե-Լա-Շիեզ կոմունայում։
Նրա փոքր քույրը՝ Մոնիկա Հեսը, նույնպես հայտնի լեռնադահուկորդուհի է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.olympicchannel.com/en/athletes/detail/erika-hess/
- ↑ Ski-db.com – results – Erika Hess – accessed 2010-03-13
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրիկա Հես – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Էրիկա Հես – վիճակագրությունը FIS կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Հես» հոդվածին։ |
|