[go: up one dir, main page]

Jump to content

Զանգվածային մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային մշակույթ
Կենցաղի, զվարճանքի և տեղեկատվության մշակույթ, որը գերակշռում է ժամանակակից հասարակության մեջ Խմբագրել Wikidata
հասկացություն, հավաքածու Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամշակույթ, մեյնսթրիմ Խմբագրել Wikidata
Հետազոտվում էpopular culture studies Խմբագրել Wikidata
Հակառակըմոդեռնիզմ Խմբագրել Wikidata
Մյուզիքլների գովազդ Մանհեթենի թատերական թաղամասում: Բրոդվեյի թատրոնը, ինչպես հոլիվուդյան ֆիլմերը, հսկայական ազդեցություն են ունեցել մերօրյա զանգվածային մշակույթի ձևավորման վրա։
Քոսփլեյ Star Wars Celebration-ում, Անահայմ, 2015 թվականի ապրիլ

Զանգվածային մշակույթ կամ փոփ մշակույթ, մեծամասնության մշակույթ, կենցաղի, զվարճանքի և տեղեկատվության մշակույթ, որը գերակշռում է ժամանակակից հասարակության մեջ։ Այն ներառում է այնպիսի երևույթներ, ինչպիսիք են լրատվամիջոցները (ներառյալ համացանցը, հեռուստատեսությունը, ռադիոն), սպորտը, կինեմատոգրաֆիան, երաժշտությունը, զանգվածային գրականությունը, կերպարվեստը և այլն։

Զանգվածային մշակույթի բովանդակությունը պայմանավորված է ամենօրյա իրադարձություններով, ձգտումներով և կարիքներով, որոնք կազմում են բնակչության մեծամասնության (այսինքն՝ մեյնստրիմի) կենսակերպի մի մասը։

«Զանգվածային մշակույթ» եզրույթն առաջացել է 20-րդ դարի 40-ական թվականներին Մաքս Հորքհայմերի և Դուայթ Մաքդոնալդի աշխատություններում, որոնք նվիրված էին հեռուստատեսության քննադատությանը։ Եզրույթը լայն տարածում է գտել Ֆրանկֆուրտյան սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչների աշխատությունների շնորհիվ։

18-րդ և 19-րդ դարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային մշակույթի ձևավորման նախադրյալներն ընկած են հենց հասարակության կառուցվածքի առկայության մեջ։ Խոսե Օրտեգա ի Գասետը ձևակերպել է ստեղծագործական ներուժի վրա հիմնված կառուցվածքի հայտնի մոտեցումը։ Այդ դեպքում առաջանում է «ստեղծարար էլիտայի» գաղափարը, որը, բնականաբար, կազմում է հասարակության ավելի փոքր մասը, և «զանգվածի» մասին՝ քանակապես բնակչության հիմնական մասը։ Ըստ այդմ, հնարավոր է դառնում խոսել և՛ էլիտայի մշակույթի («էլիտար մշակույթ»), և՛ «զանգվածի» մշակույթի(«զանգվածային մշակույթի»)մասին։ Այս ժամանակահատվածում տեղի է ունենում մշակույթի տարանջատում, որը որոշվում է նոր նշանակալի սոցիալական շերտերի ձևավորմամբ, որոնք հասանելի են դառնում լիարժեք կրթությանը, բայց չեն պատկանում վերնախավին։ Հնարավորություն ստանալով մշակութային երևույթների գիտակցված գեղագիտական ​​ընկալման համար՝ նոր ձևավորվող սոցիալական խմբերը, անընդհատ շփվելով զանգվածների հետ, «էլիտար» երևույթները սոցիալական մասշտաբով դարձնում են նշանակալի և միևնույն ժամանակ հետաքրքրություն են ցուցաբերում «զանգվածային» մշակույթի նկատմամբ, որոշ դեպքերում դրանք նաև խառնվում են (տես, օրինակ, Չարլզ Դիքենսը

20-րդ դարում զանգվածային հասարակությունը և դրա հետ կապված զանգվածային մշակույթը դարձել են գիտական տարբեր ​​ոլորտների ամենահայտնի գիտնականների հետազոտության առարկա, որոնց թվում են փիլիսոփաներ Խոսե Օրտեգա ի Գասետը («Զանգվածների ապստամբությունը»), Կառլ Յասպերսը («Ժամանակի հոգևոր իրավիճակը»), Օսվալդ Շպենգլերը («Արևմուտքի մայրամուտը»), սոցիոլոգներ Ժան Բոդրիյարը («Արդիականության ուրվականները»), Պիտիրիմ Սորոկինը («Մարդ։ Քաղաքակրթություն։ Հասարակություն») և այլն։ Վերլուծելով զանգվածային մշակույթը՝ նրանցից յուրաքանչյուրը նշում է դրա առևտրայնացման միտումը։

Կարլ Մարքսը, վերլուծելով շուկայական տնտեսության խնդիրները, նշել է գրական աշխատանքի առևտրայնացումը.

Միլթոնը, որը գրել է «Կորուսյալ դրախտ»-ը և դրա համար ստացել 5 ֆունտ ստեռլինգ, անարդյունավետ աշխատող էր։ Դրան հակառակ, գրողը, որը գործարանային ձևով աշխատում է իր գրքի վաճառողի համար, արդյունավետ աշխատող է։ Միլթոնը ստեղծեց «Կորուսյալ դրախտը» նույն անհրաժեշտությամբ, որով մետաքսի որդը մետաքս է արտադրում։ Դա նրա էության իրական դրսևորումն էր։ Այնուհետև նա վաճառեց իր աշխատանքը 5 ֆունտ ստեռլինգով։ Իսկ Լայպցիգից գրականագետ-պրոլետարը, որն իր հրատարակչի ցուցումով գրքեր է թողարկում <...> արդյունավետ աշխատող է, քանի որ նրա արտադրությունն ի սկզբանե ենթակա է կապիտալին և իրականացվում է միայն այդ կապիտալի արժեքը մեծացնելու համար[1]։

Ընդհանուր առմամբ խոսելով արվեստի մասին՝ Սորոկինը 20-րդ դարի կեսերին նկատել է մոտավորապես նմանատիպ միտում. «Որպես զվարճանքի առևտրային արտադրանք՝ արվեստը գնալով ավելի է վերահսկվում առևտրականների, առևտրային հետաքրքրությունների և նորաձևության միտումների կողմից <...> Նման իրավիճակն առևտրականներից ստեղծում է գեղեցկության բարձրագույն գիտակների` ստիպելով արվեստագետներին ենթարկվել իրենց պահանջներին, որոնք դրվում են նաև գովազդի և այլ լրատվամիջոցների միջոցով»[2]։

21-րդ դարի սկզբին ժամանակակից հետազոտողները արձանագրում են մշակութային նույն երևույթները[3].

Ժամանակակից միտումները կրում են կուտակային բնույթ և արդեն հանգեցրել են փոփոխությունների կրիտիկական զանգվածի ստեղծմանը, որոնք ազդել են մշակութային հաստատությունների բովանդակության և գործունեության հենց հիմքերի վրա։ Դրանցից ամենակարևորները, մեր կարծիքով, ներառում են մշակույթի առևտրայնացումը, ժողովրդավարացումը, սահմանների լղոզումը, ինչպես գիտելիքի, այնպես էլ տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև առաջնային ուշադրությունը գործընթացի, այլ ոչ թե բովանդակության նկատմամբ[3]։

Ժամանակակից փիլիսոփայական և մշակութաբանական մտքի մեջ զանգվածային մշակույթի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Եթե ​​Կառլ Յասպերսը զանգվածային արվեստն անվանել է «արվեստի էության անկում»[4], իսկ Ժան Բոդրիյարն ասել է, որ ժամանակակից արվեստի բոլոր ոլորտները «մտնում են սիմուլյացիայի տրանսէսթետիկ ոլորտի մեջ»[5], ապա այդ հասկացությունները վերանայվել են 1960-1970-ական թվականներին պոստմոդեռնիզմի շրջանակներում, որը շատ հետազոտողների համար ոչնչացրել է որակական գնահատողական նշանակություն ունեցող զանգվածային և էլիտար մշակույթների հակադրությունը[6]։ Խոսելով 20-րդ դարի սկզբի արվեստի մասին (նկատի ունենալով էլիտար արվեստը)` Օրտեգա ի Գասետը խոսել է դրա ապամարդկայնացման մասին[7]։

Ազդեցություն մարդկային որակների և սոցիալական վարքի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Cyberpsychology» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1997 թվականին ամենահայտնի մանկական հեռուստահաղորդումները (9-11 տարեկան երեխաների համար) ըստ մեծահասակ հեռուստադիտողների արտահայտել են հետևյալ գերիշխող արժեքները՝ այլ մարդկանց հետ ընդհանրություն և բարություն։ Փառքը տասնվեցից տասնհինգերորդ հորիզոնականում էր։ Արդեն 2007 թվականին այն բարձրացել է առաջին հորիզոնական, որին հաջորդել են հաջողությունը, իմիջը, ժողովրդականությունը և փողը։ Համայնքի զգացումն իջել է տասնմեկերորդ հորիզոնականը, իսկ բարությունը՝ տասներկուերորդ[8]։

Մեծ Բրիտանիայում 16 տարեկանների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանց 54%-ը մտադիր է «աստղ» դառնալ[9]։

Մեկ այլ հարցման արդյունքում էլ պարզվել է, որ մինչև 10 տարեկան երեխաների շրջանում 75%-ը վստահ է, որ երջանկություն կարելի է գնել փողով։ Հարցին, թե ինչ են ուզում նրանք դառնալ, երբ մեծանան, ավելի քան 20 %-ը պատասխանել է, որ ցանկանում է «պարզապես հարուստ լինել»[10]։

«International Journal of Cultural Studies» ամսագրի հոդվածներից մեկի համաձայն՝ շոու բիզնեսի աստղերի մասին բամբասանքներով առավել հետաքրքրված մարդիկ երեք անգամ ավելի քիչ են մասնակցում տեղական որևէ կազմակերպության գործունեությանը և երկու անգամ ավելի քիչ են կամավորությամբ զբաղվում, քան նրանք, որոնք նախընտրում են այլ տեսակի նորություններ։ Նրանք նաև ամենաքիչն են ներգրավված քաղաքականության մեջ, քիչ են հակված բողոքի ակցիաներին և ընտրություններին մասնակցելուն[11]։

Մարդաբան Գրանտ Մաքքրեքենը տվյալների բազայում որոնելով պարզել է, թե ով է պատմական տարբեր ժամանակաշրջաններում ԱՄՆ-ում դարձել հայտնի։ 1900-1910 թվականներին դերասանները գրավել են համընդհանուր ուշադրության 17%-ը, դա մի փոքր ավելի քիչ է, քան ֆիզիկոսները, քիմիկոսներն ու կենսաբանները միասին վերցրած։ Կինոռեժիսորները ստացել են 6 %, իսկ գրողները` 11 %։ 1900-1950 թվականներին դերասաններին բաժին է ընկել համընդհանուր ուշադրության 24 %-ը, գրողներին` 9 %-ը։ 2010 թվականին դերասաններին բաժին էր ընկնում համընդհանուր ուշադրության 37 %-ը (չորս անգամ ավելի շատ, քան գիտնականները), իսկ կինոռեժիսորների և գրողների մասնաբաժինը նվազել է մինչև 3 %[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Карл Маркс Теория прибавочной стоимости (IV том «Капитала») // К. Маркс, Ф. Энгельс об искусстве. Т.I. — М.: Искусство, 1957.
  2. Сорокин П. А. Человек. Цивилизация. Общество. — М.: Политиздат, 1992.
  3. 3,0 3,1 Пахтер М., Лэндри Ч. Культура на перепутье. Культура и культурные институты в XXI веке. — М.: Классика-XXI, 2003. — С. 40.
  4. Карл Ясперс Власть массы // Призрак толпы. — М.: Алгоритм, 2007.
  5. Жан Бодрийяр. Прозрачность зла // Призрак толпы. — М.: Алгоритм, 2007.
  6. Теоретическая культурология / Под ред. Разлогова К. Э. - М.: Российский институт культурологии, 2005.
  7. Хосе Ортега-и-Гассет Х. Запах культуры. — М.: Алгоритм, Эксмо, 2006
  8. Uhls, Y., & Greenfield, P. (2011). The Rise of Fame: An Historical Content Analysis. [1] Արխիվացված 2017-09-06 Wayback Machine(անգլ.)
  9. Fame the career choice for half of 16-year-olds [2] Արխիվացված 2017-10-15 Wayback Machine(անգլ.) Independent, 17 February 2010
  10. One in five children just want to be rich when they grow up [3] Արխիվացված 2017-09-17 Wayback Machine(անգլ.) The Telegraph, 05 Aug 2014
  11. Nick Couldry and Tim Markham Celebrity culture and public connection: bridge or chasm? (PDF) Արխիվացված 2017-09-22 Wayback Machine(անգլ.)
  12. Grant McCracken The rise of a celebrity culture [4] Արխիվացված 2017-09-06 Wayback Machine(անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգվածային մշակույթ» հոդվածին։