[go: up one dir, main page]

Jump to content

Երիկամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիկամի կառուցվածքը
1. Միջուկային նյութ և երիկամային բրգեր (Pyramides renales)
2. Արտատար բլթակային անոթ (Arteriola glomerularis efferens)
3. Երիկամային աորտա (Arteria renalis)
4. Երիկամային երակ (Vena renalis)
5. Երիկամային դարպասներ (Hilus renalis)
6. Երիկամային ավազան (Pelvis renalis)
7. Միզածորան (Ureter)
8. Երիկամային փոքր բաժակ (Calices minores renales)
9. Երիկամի ֆիբրոզային պատյան (Capsula fibrosa renalis)
10. Երիկամի ստորին բևեռ (Extremitas inferior)
11. Երիկամի վերին բևեռ (Extremitas superior)
12. Առբերիչ բլթակային անոթ (Arteriola glomerularis afferens)
13. Նեֆրոն (Nephron)
14. Երիկամային ծոց (Sinus renalis)
15. Երիկամային մեծ բաժակ (Calices majores renales)
16. Երիկամի բրգի գագաթ (Papillae renales)
17. Երիկամային սյունակ (Columna renalis)
Մարդու երիկամը
Մարդու երիկամների ընդհանուր տեսքը հետևից (մեջքային հատվածը հեռացված է)

Երիկամները (rens) զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։

Երիկամի արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior)։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը (hilus renalis), որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։

Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ։ Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է շարակցական հյուսվածքի մի միջնաշերտով։ Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը (impressio renalis)։ Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է հաստ աղիքի աջ ծունկը։ Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է տասներկումատյա աղիքի վայրէջ հատվածը։ Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է ստամոքսին, իսկ միջին երրորդականում՝ ենթաստամոքսային գեղձին։ Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է փայծաղին։ Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է նրբաղիքի գալաներին։

Երիկամների պատյաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով(tunica fibrosa), որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝մկանայաին պատյանը(tunica muscularis)։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը (capsula adipose)։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը(fascia renalis), որն ունի երկու թերթիկ՝ առջևի (lamina prerenalis) և հետին (lamina retrorenalis)։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են։

Երիկամների անշարժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով՝

  1. երիկամային փակեղ, ձուլվում է երիկամի պատյաններին,
  2. երիկամի մկանային բուն, որը կազմվում է գոտկի քառակուսի մկաններով,
  3. երիկամի անոթներ, որոնք արգելում են նրանց հեռանալը աորտայից և ստորին սիներակից,
  4. ներորովայնային ճնշում, որը պայմանավորված է որովայնի մամուլի մկանների կծկումներով։

Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել (թափառող երիկամ), որը պահանջում է հատուկ վիրաբուժական միջամտություն։ Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են՝ դեպի ներքև բաց անկյուն կազմելով։ Երիկամների իջվածքի դեպքում նրանք, միջին գծի մոտ իրենց անոթների միջոցով անշարժանալով, տեղաշարժվում են ցած և միջայնորեն։ Դրա հետևանքով նրանց երկար առանցքները միանում են վերջիններիցս ներքև՝ դեպի վեր բացվող անկյուն կազմելով։

Երիկամի կազմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի երկայնաձիգ կտրվածքի վրա երևում է, որ այն ընդհանուր առմամբ կազմվում է նախ մի խոռոչից՝ երիկամային ծոցից (sinus renalis), որի մեջ դասավորված են բաժակներն ու ավազանի վերին մասի և, երկրորդ, հատուկ երիկամային նյութից, որը շրջապատում է ծոցը ամեն կողմից, բացի դրունքից։ Երիկամում տարբերում են կեղև (cortex renalis) կամ կեղևային նյութ (substania corticalis(BNA)) և միջուկ (medulla renalis) կամ միջուկային մաս(substantia medullaris (BNA))։ Կեղևային նյութը կազմում է օրգանի ծայրամասային շերտը, որն ունի 4 մմ հաստություն։ Միջուկային նյութը կազմվում է կոնաձև գոյացություններից, որոնք կոչվում են երիկամային բրգեր(pyramides renales Malpighi)։ Բրգերն իրենց լայն հիմերով դարձած են դեպի օրգանի մակերեսը, իսկ գագաթներով՝ դեպի ծոցը։ Գագաթները երկուական կամ ավելի միանում են ու կազմում կլորացած բարձրություններ, որոնք կոչվում են պտկիկներ (papillae renales), ավելի սակավ դեպքերում մեկ գագաթին համապատասխանում է մի առանձին պտկիկ։ Պտկիկների միջին թիվը մոտ 12 է։ Նրանցից յուրաքանչյուրը ծածկված է մանր անցքերով(foramina papiliaria), այն մակերեսը, որի վրա նրանք տեղակալված են, կոչվում է ծակոտկեն դաշտ(aria cribrosa)։ Ծակոտիների միջով մեզը արտազատվում է միզատար ուղիների սկզբի մասերի(գագաթներ) մեջ։ Կեղևային նյութը թափանցում է բրգերի արանքը, բաժանելով նրանց իրարից, կեղևային նյութի այդ մասերը կոչվում են երիկամային (բերտինյան) սյունակներ (columnae renales (Bertinii)։ Բրգերն իրենց հիմքերի մոտ ունեն ավելի մուգ գույն, քան կեղևային նյութը, սակայն պտկիկների մոտ նրանց գույնն ավելի բաց է, քան կեղևային նյութինը։ Բրգերինը զոլավոր գծավորումներ են ստանում այն հանգամանքի շնորհիվ, որ նրանց մեջ ուղիղ գծով իջնում են միզային խողովակիկները և անոթները։ Նորածինների երիկամների արտաքին երեսի վրա պահպանվում են նախկին բաժանման հետքերը ակոսների ձևով (պտղի և նորածնի ակոսավոր երիկամներ)։ Հասուն մարդկանց երիկամները դառնում են հարթ, բայց ներսից, չնայած մի քանի բրգեր իրար են ձուլվում՝ կազմելով մեկ պտկիկ (որով բացատրվում է պտկիկների թվի քչությունը բրգերի համեմատությամբ) մնում են բլթակների՝ բրգերի բաժանված։

Միջուկային նյութի գոլերը շարունակվում են նաև կեղևային նյութի մեջ, թեև այստեղ նրանք այնքան պարզ նկատելի չեն։ Միջուկի այս երկարուկները խրված են կեղևային նյութի մեջ և կոչվում են ֆերրանյան ճաճանչներ (processus Ferreini), նրանք կազմում են կեղևային նյութի ճաճանչաձև մասը (pars radiata), իսկ նրանց արանքների պարունակությունը կոչվում է ոլորված մաս (pars convoluta)։

Երիկամը բարդ խողովակակազմ օրգան է, որի բարակ խողովակները կոչվում են միզային կամ երիկամային խողովակիկներ(tubuli renales)։ Այդ խողովակիկների կույր(փակ) ծայրերը ընդունում են երկպատ պատիճի ձև ու ընդգրկում են արյունատար անոթներից կազմված կծիկները։ Յուրաքանչյուր կծիկ (glomerulus) ընկած է պատիճի գավաթաձև խոր փոսի մեջ (capsula glomeruli) (Շումլյանսկ-Բոումենի պատիճ), պատիճի երկու թերթիկների արանքում մնում է մի խոռոչ, որը համարվում է միզային խողովակի սկիզբը։ Կծիկը նրան գրկող պատիճի հետ միասին կազմում է երիկամի մարմնիկը (corpusculum renis) (Շումլյանսկ-Մալպիգիի մարմնիկ)։ Երիկամային մարմնիկները դասավորված են կեղևային նյութի pars convoluta-ի մեջ, որտեղ նրանք կարմիր կետերի ձևով անզեն աչքով տեսանելի են հատկապես երիկամի արյունատար անոթների լայնացման ժամանակ։

Երիկամային մարմնիկից (ավելի ճիշտ Շումլյանսկ-Բոումենի պատիճից) սկսվում է առաջին կարգի ոլորուն խողովակը(tubulus renales contortus), որը գտնվում է արդեն կեղևային նյութի pars radinta-ի մեջ։ Հետո խողովակիկն իջնում է բրգի մեջ, շրջվում է հետ՝ կազմելով հենլեյան ծունկը, և վերադառնում դեպի կեղևային նյութը՝ փոխվելով երկրորդ կարգի ոլորուն խողովակի։ Նրա վերջային մասը ուղղվում է դեպի միջուկային ճաճանչներից մեկը և բացվում հավաքիչ խողովակի մեջ(tubulus collagens), որն ընդունում է մի քանի խողովակիկներ և կեղևային նյութի pars radiata-ի ու բրգի միջով գնում է ուղղաձիգ ուղղությամբ(tubul recti)։ Ուղիղ խողովակները աստիճանաբար ձուլվում են իրար հետ, գոյացնում 15-20 կարճ ծորաններ(ductus papiliaris), որոնք և բացվում են area criborsa-ի շրջանում։

Երիկամային մարմնիկը(կծիկը և Շումլյանսկ-Բոումենի պատիճը) և նրանից սկսվող միզային խողովակիկը նրա բաժինների հետ (առաջին կարգի ոլորուն խողովակը, հենլեյան կանթը, երկրորդ կարգի ոլորուն խողովակը) կազմում են երիկամի կառուցվածքա-ֆունկցիոնալային միավորը՝ նեֆրոնը (nephron)։ Նեֆրոնի ֆունկցիաներն են՝ կծիկի էպիթելի միջով Շումլյանսկ-Բոումենի պատիճի մեջ են արտազատվում արյան շուրջը և հանքային աղերը, իսկ առաջին կարգի ոլորուն խողովակների էպիթելի միջով՝ մեզի օրգանական նյութերը։ Յուրաքանչյուր երիկամում գտնվում է մինչև մեկ միլիոն նեֆրոն, որոնք միանալով կազմում են երիկամային նյութի հիմնական զանգվածը։

Երիկամի և նրա կառուցվածքային միավորի՝ նեֆրոնի կառուցվածքը հասկանալու համար պետք է նկատի ունենալ նրա արյունատար համակարգը։ Երիկամային զարկերակը սկիզբ է առնում աորտայից և ունի բավականին մեծ տրամագիծ, որը համապատասխանում է օրգանի մեծությանը, իսկ գլխավորը՝ նրա մեզարտազատիչ ֆունկցիա է, որը կապված է արյան ֆիլտրացիայի հետ։

Երիկամային զարկերակը երիկամի դրունքի մոտ երիկամի բաժինների համապատասխան բաժանված է վերին բևեռի համար՝ aa. Polares superiores-ի, ստորին համար՝ aa. polares inferiors-ի և կենտրոնական մասի համար՝ aa. Centralis-ի։ Երիկամի պարենքիմի մեջ այդ զարկերակները անցնում են բուրգերի, այսինքն՝ երիկամի բլթերի արանքներով և դրա համար կոչվում են միջբլթային զարկերակներ(aa. Interlobares)։ Բրգերի հիմերին մոտ կեղևային և միջուկային նյութերի սահմանում նրանք կազմում են զարկերակային աղեղներ՝aa. arcuatae, որոնցից դեպի կեղևային նյութ են գնում միջբլթակային զարկերակները (aa. interiobulares),։ Միջբլթակային զարկերակներից դուրս են գալիս զարկերակներ, որոնք անմիջապես մասնակցություն ունեն կծիկի կազմությանը։ Սրանցից յուրաքանչյուրը կոչվում է առբերող անոթ (vas afferens), որը միզային խողովակի սկզբնական մասում՝ Շումլյանսկ-Բոումենի, պատիճում վեր է ածվում մազանոթային կծիկի (glomerulus)։

Այսպիսով, երիկամներում կան մազանոթների 2 համակարգեր, որոնցից մեկը զարկերակները միացնում է երակներին, իսկ մյուսը՝ հատուկ բնույթի է և ունի անոթային կծիկի ձև, որի մեջ արյունը պատիճի խոռոչից բաժանված է միայն երկշերտ տափակ բջիջներով՝ մազանոթների էնդոթելով և պատիճի էպիթելով։ Այս հանգամանքը բարենպաստ պայմաններ է ստեղծում արյունից արտազատելու ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։

Երիկամի ավազանը, երիկամի բաժակները և միզածորանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզը, արտազատվելով պտկիկների ծակոտկիներով, մինչև միզապարկ հասնելը անցնում է փոքր, ապա մեծ բաժակներով, ավազանով և միզածորանով։ Փոքր բաժակները(calyces renales minore), 8-9 հատ, մի ծայրով ընդգրկում են մեկ-երկու, հազվադեպ՝ երեք երիկամային պտկիկ, իսկ մյուս ծայրով բացվում են մեծ բաժակներից մեկի մեջ։

Մեծ բաժակները (calyces majores) սովորաբար երկուսն են՝ վերին և ստորին։ Դեռ երիկամի ծոցում մեծ բաժակները միաձուլվում են՝ կազմելով երիկամի ավազանը (pelvis renalis), որը երիկամային անոթների հետևով դուրս է գալիս դրունքից և, ցած շրջվելով, անմիջապես դրունքից ներքև դառնում է երիկամի միզածորան (urater)։ Բաժակները, ավազանը և միզածորանը կազմում են երիկամի արտազատիչ (էքսկրետոր) ուղիների տեսանելի մասը՝ արտազատիչ ծառ։

Տարբերում են արտազատիչ ծառի 3 ձև, որոնք ցույց են տալիս նրա զարգացման հաջորդական փուլերը՝

  1. Սաղմնային, երբ ավազանը լայն պարկանման է և նրա մեջ անմիջապես բացվում են փոքր բաժակները, մեծ բաժակները բացակայում են։
  2. Պտղային (ֆետալ), երբ լինում են մեծ թվով փոքր ու մեծ բաժակներ, որոնք անմիջապես դառնում են միզածորան, ավազանը բացակայում է։
  3. Հասուն, երբ լինում են ոչ մեծ թվով փոքր բաժակներ, որոնք ձուլվելով, կազմում են 2 մեծ բաժակներ և դառնում չափավոր արտահայտված ավազան, որից սկսվում է միզածորանը։ Այստեղ կան արտազատիչ ծառի բոլոր 4 բաղադրիչ մասերը, փոքր ու մեծ բաժակները, ավազանը և միզածորանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 588