[go: up one dir, main page]

Jump to content

Ռյոշտիգրաբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի ֆրանսերեն (կանաչ) և գերմաներեն (նարնջագույն) լեզուներով տարածքներ

Ռյոշտիգրաբեն (գերմ.՝ Röstigraben, բառացի «Ռյոշտի խրամ»), Շվեյցարիայի գերմանախոս և ֆրանսախոս մասերի սահմանի զվարճալի անվանումը, ֆրանկո-շվեյցարական և գերմանա-շվեյցարական մշակութային տարբերությունների խորհրդանիշներից մեկը։

«Խրամը» կոչվել է ռյոշտի կերակրատեսակի պատվին, որը նախկինում տարածված է եղել գերմանական Շվեյցարիայում, բայց այսօր համարվում է ամբողջ Շվեյցարիայի ազգային ուտեստը։ Լեզվամշակութային սահմանն անցնում է Զանե գետով։ Շվեյցարիայի ֆրանսիական և գերմանական մասերի հարաբերությունները համարվում են ազգային պատմության զարգացման կարևորագույն գործոն։ 19-րդ դարի սկզբից, երբ խիտ բնակեցված ֆրանսախոս շրջանները միացվել են Շվեյցարիայի տարածքին, մինչ օրս դրանք բնութագրվում են մեծ թվով հակամարտություններով և հակասություններով։ Այդ հարաբերություններում հատկապես սուր խնդիր է համարվել հակամարտությունը նոր Յուրա կանտոնի ձևավորման շուրջը։ Երկու հիմնական պատճառ կար․ մեծ դեր էր խաղում նախնիների մասին հիշողությունը։ Ֆրանկո-շվեյցարիան հիշում էր, որ իր տարածքները Բուրգունդյան պատերազմների ժամանակ գրավել է Բեռնը, որն այդ ժամանակ վարել է տարածքային ընդլայնման քաղաքականություն։ Նմանապես, Գերմանական Շվեյցարիան չէր մոռանում, որ երկրի արևմտյան մասի կանտոնային պետականությունը, փաստորեն, հիմնվել է ֆրանսիական սվիններով։ Երկրորդը՝ կարևոր դեր էր խաղում նաև երկու մշակութային և լեզվական համայնքների քաղաքական խառնվածքի և մտածելակերպի տարբերությունները։

Երկրի «ֆրանսիական» և «գերմանական» մասերի հարաբերությունների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանրաքվեական պատերազմներ» 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի ֆրանսիական և գերմանական մասերի միջև 1874 թվականից սկսված և իրականացված սահմանադրության առաջին ամբողջական բարեփոխումից մինչև 1914 թվականի Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը ընկած ժամանակաշրջանը Շվեյցարական ավանդական պատմագրության մեջ ընդունված է կոչել «հանրաքվեկան պատերազմների» շրջան։ Այդ շրջանը բնութագրվում է նրանով, որ ֆեդերալիստական մտածողությամբ արևմտյան ֆրանսախոս կանտոնների ներկայացուցիչները միշտ դեմ են եղել գերմանալեզու մեծամասնության՝ երկրում կենտրոնական իշխանությունն ուժեղացնելու ցանկացած փորձի։ Կամավոր ընտրական հանրաքվեի օգտագործման իրավունքը, որն ամրագրված է եղել 1874 թվականի սահմանադրությամբ, «Ռոմանական» Շվեյցարիայի վրա ճնշում գործադրելու գործիք է համարվել։ 1874 թվականի սահմանադրության ամբողջական բարեփոխումից գրեթե անմիջապես հետո առճակատում է սկսվել ամբողջ Շվեյցարիայի համար ամուսնությունների գրանցման միասնական կանոնների ներդրման շուրջը։ Նման նորամուծությանը դեմ են արտահայտվել կաթոլիկ և բողոքական եկեղեցիների, ինչպես նաև ֆրանսախոս շրջանների բնակիչները։ Այդ ժամանակ ստիպված են եղել դիմել հանրաքվեի, որի արդյունքում օրենք է ընդունվել ամուսնությունների գրանցման նոր կանոնների վերաբերյալ։

Պայքարի հաջորդ փուլը տեղի է ունեցել 1877 թվականին, երբ Շվեյցարիայի դաշնային խորհուրդը խորհրդարան է ներկայացրել այսպես կոչված «Գործարանային օրենքը», որը պետք է սահմանափակեր աշխատանքային օրը մինչև 11 ժամ և երեխաների աշխատանքի օգտագործումը։ Ֆրանսախոս ֆեդերալիստները ակտիվ արշավ են սկսել այդ օրենքի դեմ՝ հերթական անգամ այն դիտարկելով որպես կենտրոնի հզորացման և կանտոնների իրավունքները սահմանափակելու փորձ։ Բայց այս անգամ նրանք պարտվել են և օրենքը, թեկուզ աննշան մեծամասնությամբ, ընդունվել է։

19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին հասարակության մեջ հատուկ հակասություն առաջացրեց բարձրագույն սպայական շրջանակների առաջարկը բանակը պրուսական մոդելով բարեփոխելու վերաբերյալ, ինչպես նաև բոլոր ռազմական լիազորությունները կանտոններից դաշնային կենտրոն տեղափոխելու հարցը։ Այդ առաջարկը պահանջում էր փոփոխություն սահմանադրության մեջ, քանի որ 1874 թվականի տարբերակը ռազմական լիազորությունները բաժանում էր կանտոնների և կենտրոնի միջև։ Ինչպես և սպասվում էր, ֆրանսախոս կանտոնները դարձան այդ բարեփոխման հակառակորդները։ Հանրաքվեի արդյունքում դաշնային սահմանադրության մեջ ռազմական նոր հոդվածի ներդրումը մերժվեց բնակչության կողմից։

Հետագայում բազմիցս դրսևորվել է կարծիքների տարբերությունը հանրապետության երկու մշակութային և լեզվական տարածաշրջանների միջև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են դպրոցական կրթությունը, բանկային օրենսդրության բարեփոխումը, քաղաքացիական և քրեական իրավունքի միասնականացումը, Ազգային բանկի ստեղծումը և այլն։ Բայց բոլոր վիճելի հարցերը լուծվում էին խորհրդարանում քննարկման կամ հարցը շվեյցարական հանրաքվեի ներկայացնելու միջոցով։

Հատկապես ուժեղ են արտաքին և սոցիալական քաղաքականության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի տարբերությունները։ Մինչ ֆրանկոֆոն Շվեյցարիան ավելի բաց է օտար երկրների (ներառյալ ԵՄ-ի) և սոցիալական հարցերի պետական կարգավորման համար, նրանց գերմանախոս համաքաղաքացիները հաճախ հակառակ դիրքորոշում ունեն։

Յուրասական անջատողականությունը և Յուրա կանտոնի կազմավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան շրջանում ֆրանսիական և գերմանական մշակութային և լեզվական տարածքների հարաբերությունները այնքան էլ լարված չէին։ Նրանց հարաբերություններում միակ «թեժ կետը», իհարկե, Բեռն-Յուրա կանտոնի ֆրանսախոս տարածքի խնդիրն էր։

Ժամանակակից հակամարտության հիմքերը դրվել են XIV դարում, երբ այդ ֆրանսախոս տարածաշրջանը բռնի ուժով ընդգրկվել է գերմանախոս Բեռնի ուժեղ կանտոնի մեջ, այսպես կոչված «Բուրգունդյան պատերազմների» ժամանակ, որն այդ ժամանակ ձգտել է ընդլայնել իր տարածքը՝ շարժվելով դեպի արևմուտք և հարավ։ Այսպիսով, օկուպացված տարածքը փաստացի դարձել է Բեռնի գաղութը։ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայից հետո, Բեռնի բնակչությունն ընդունել է բողոքականությունը, ինչը բնականաբար բացասաբար է ընկալվել Յուրայի կաթոլիկ բնակչության կողմից։ Այդ ժամանակ են դրվել կոնֆլիկտային ներուժի հիմքերը, ինչը հանգեցրել է նոր անկախ Յուրա կանտոնի կազմավորմանը։ Հելվետական Հանրապետության գոյության ընթացքում Յուրայի շրջանը միացվել է Ֆրանսիային և 5 տարի ապրել Նապոլեոնյան օրենսգրքի ազատական հասարակական-քաղաքական շրջանակներում։ Բայց շուտով Շվեյցարիայում վերականգնվել է քաղաքական ռեժիմը, և 1815 թվականին Վիեննայի Կոնգրեսի եզրափակիչ ակտով Յուրայի մարզը կրկին միացվել է Բեռնի կանտոնին[1]։ Այդ որոշումը, ինչպես պարզաբանում է Ի. Ա. Պետրովը, «... հանգեցրեց Շվեյցարիայի այդ տարածաշրջանում սոցիալական և միջկրոնական լարվածության հետագա աճին։ Բեռնը Յուրան համարել է իր «հումքային կցորդը» և մեծ ուշադրություն չի դարձրել տեղական արդյունաբերության զարգացմանը»[2]։

Հակամարտությունը ավելի է սրվել 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ աշխուժացել են Յուրասյան անջատականների տարբեր ահաբեկչական խմբավորումները։ Հակամարտությունն ավարտվել է համազգային հանրաքվեով, որի ժամանակ երկրի բնակչությունը քվեարկել է նոր կանտոնի ստեղծման օգտին։ Յուրա կանտոնը պաշտոնապես մտել է Շվեյցարիայի կազմի մեջ 1979 թվականի հունվարի 1-ին[3]։

Երկրի «ֆրանսիական» և «գերմանական» մասերի հարաբերությունները ներկա փուլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակաշրջանն ամբողջությամբ բնութագրելով՝ պետք է նշել, որ Շվեյցարիայի «ֆրանսիական» և «գերմանական» մասերի հարաբերությունները, բացառությամբ Յուրայի շուրջ հակամարտությունների, եղել են չափավոր լարված։

Հարաբերությունների զարգացումը 1950-ականներին և մասամբ 1960-ականներին տեղի է ունեցել Սառը պատերազմի սկզբի նշանով։ Հիտլերն այլևս չի սպառնացել Շվեյցարիային, բայց հիմա էլ Ստալինն է դարձել թշնամի։ Սառը պատերազմում դիրքորշվելու ընդհանուր պատճառը բոլոր շվեյցարացիների հակակոմունիստական վերաբերմունքն էր։ Այնուամենայնիվ, այստեղ անհրաժեշտ է նշել որոշ նրբերանգներ։ Եթե «գերմանական» մասում հակակոմունիստական կոնսենսուսը շատ ուժեղ էր, ապա նույնը չի կարելի ասել «ֆրանսիական» կողմի մասին։ Դա կարելի է տեսնել նաև հետպատերազմյան քաղաքական զարգացումների ընթացքում։ Եթե «գերմանական» մասում կոմունիստները անհետացել են քաղաքական ասպարեզից, ապա «ֆրանսիական» մասում նրանք (Շվեյցարական աշխատանքի կուսակցությունը) բավական համակրանք է վայելել բնակչության շրջանում։

Հետպատերազմյան տասնամյակներում երկրի ասիմետրիկ զարգացումը բնականաբար հանգեցրել է «ֆրանսիացիների» և «գերմանացիների» օտարմանը։ Այս օտարումն ակնհայտորեն դրսևորվել է Շվեյցարիայի բանակի հարցում։ Եթե «գերմանացիները» պահանջել են նրա վերազինումը, ապա «ֆրանսիացիների» մեջ իշխել է հակապատերազմական տրամադրությունները, որոնք 1953 թվականին Ստալինի մահից հետո էլ ավելի են սրվել։

Կողմերը տարբեր դիրքորոշումներ են որդեգրել նաև միջուկային զենքի հարցում։ Հատկանշական է, որ շվեյցարացի զինվորականները հետպատերազմյան տարիներին ցանկացել են ձեռք բերել սեփական ատոմային ռումբ։ 1957-1958 թվականներին Շվեյցարիայում, ինչպես նաև եվրոպական շատ երկրներում, ի հայտ է եկել հզոր «հակամիջուկային» շարժում, որտեղ ակտիվ դերակատարում են ունեցել «ֆրանսիական» Շվեյցարիայի քաղաքական գործիչները։ Նրանք սահմանադրական մակարդակով փորձ են արել ապահովել միջուկային զենքի արտադրության, ներմուծման, տարանցման, պահպանման և օգտագործման արգելք։ 1962 թվականին անցկացված հանրաքվեով այդ նախաձեռնությունը մերժվել է։ Ընդ որում, փոփոխությանը դեմ քվեարկողների հիմնական մասը հանդիսացել են «գերմանալեզու» Շվեյցարիայի ներկայացուցիչները։

50-60-ական թվականներին Շվեյցարիայի «ֆրանսիական» և «գերմանական» մասերի տարբերությունը բազմիցս դրսևորվել է տարբեր խնդիրների նկատմամբ մոտեցումներով։ Ընդհանրապես, Շվեյցարիայի երկու հիմնական մշակութային և լեզվական շրջանների միջև հարաբերությունները զարգացել են առանց խնդիրների, և եթե դրանք ձեռք են բերել որևէ հակամարտություն, ապա դա արտահայտվել են միմյանց նկատմամբ «քաղաքավարի անտարբերությամբ»։ Դա բացատրվում է կայուն տնտեսական աճով և բնակչության բարեկեցության աճով։ Դրա շնորհիվ ցանկացած մշակութային կամ լեզվական հակասություն հարթվել է երկրում սոցիալ-տնտեսական բարձր դիրքի պատճառով կամ հետին պլան մղվել։ «Ֆրանսիական» և «գերմանական» հատվածների հարաբերություններում միակ թեժ կետը Յուրայի շուրջ ծավալվող հարցերն են եղել։ 1970-ականներին երկրի երկու հիմնական մշակութային և լեզվական շրջանների միջև փոխհարաբերությունների բնույթը որոշվել է հաշվի առնելով նոր իրողությունները, որոնք կապված են եղել արդյունաբերական անկման և այսպես կոչված «նավթային ցնցումների» հետ։ Համաշխարհային տնտեսական անկումը առաջին հերթին ազդել է ժամացույցների արդյունաբերության վրա, որը հիմնականում կենտրոնացած է Շվեյցարիայի «ֆրանսիական» մասում։ Դա հանգեցրել է երկրի տնտեսական անհամաչափ աճին և որոշ չափով «հանրաքվեական» պատերազմների երկրորդ փուլին։ Հենց այդ ժամանակ է, որ շվեյցարական Sprachspiegel ամսագրի հոդվածում հայտնվել է «ռյոշտիգրաբեն» («Röstigraben», գերմաներենից թարգմանաբար՝ բառացիորեն «կարտոֆիլի խրամ») այդ ժամանակ ընդունված ընդհանուր հասկացությունը։

80-ականների վերջին - 90-ականների սկզբին Շվեյցարիայի «գերմանական» և «ֆրանսիական» հատվածների հարաբերություններում նոր խոչընդոտ էր հանդիսանում եվրոպական ուղղությամբ տարվող քաղաքականությանը։ Վտանգված էր Շվեյցարիայի արտաքին քաղաքականության արդիականացումը, երկրի «բացումը»։ Եթե ՄԱԿ-ին միանալու հարցում երկու կողմերի դիրքորոշումները միակարծիք էին, ապա 1996 թվականի մարտին Շվեյցարիան միաձայն մերժել է իրադարձությունների նման զարգացումը (75,7%), ապա ինտեգրվող Եվրոպայի նկատմամբ հստակորեն բացահայտվել են երկու բոլորովին տարբեր մոտեցումներ։ Եթե ֆրանկո-շվեյցարացիները միաձայն կողմ էին ԵՄ-ին անդամակցելուն, ապա «գերմանացիները» դեմ էին իրադարձությունների նման զարգացմանը։

Շվեյցարիայի հիմնական մշակութային և լեզվական խմբերի միջև օտարումը հաղթահարելու համար կարևոր քայլ կարելի է համարել 1996 թվականի մարտին Սահմանադրության մեջ «լեզվական հոդվածի» նոր խմբագրության ներմուծումը։ Թարմացված հոդվածը ոչ միայն երաշխավորում էր երկրում քառալեզվության առկայությունը, այլև Դաշնային խորհրդին պարտադրում էր երկրի հիմնական մշակութային և լեզվական շրջանների միջև փոխըմբռնումը խթանելու պարտավորությունը։ Այդ հարցի քվեարկությունը բացահայտեց ազգային կոնսենսուս՝ հանրաքվեին մասնակցածների 76%-ը կողմ է քվեարկել փոփոխությանը։

Չնայած այն հանգամանքին, որ լեզվական և մշակութային ներդաշնակությունը հասարակության մեջ արձանագրված էր թղթի վրա, այն դեռևս հեռու էր իրադարձությունների շվեյցարական իրականությունից։ Այսպես թե այնպես, երկու հիմնական մշակութային և լեզվական շրջանների միջև առկա խնդիրները դեռևս չէին վերացել։ Թեև «ռյոշտիգրաբեն»-ն այլևս նախկին դերը չէր խաղում, սակայն «ֆրանսիական» և «գերմանական» մասերի քաղաքական, մշակութային, մտավոր տարբերությունները դեռևս համարվում էին 21-րդ դարասկզբի երկրի ազգային զարգացման գործոն։

Դա հստակ արտահայտվեց նոր մինարեթների կառուցման արգելքի հարցով հանրաքվեի ընթացքում (2009), որի ժամանակ ֆրանկո-շվեյցարացիները, թեկուզ աննշան տարբերությամբ, դեմ արտահայտվեցին արգելքին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Петров И. А. «Сепаратизм по-швейцарски» // «Вестник Европы». 2005,№ 13-14
  2. Петров И. А. «Очерки истории Швейцарии». Москва: «Циркон». 2006
  3. Ruch Ch. Struktur und Strukturwandel des jurassischen Separatismus. Bern. 2001. S. 117.