Գլխավոր գործադիր տնօրեն
CEO (անգլ.՝ chief executive officer, բառացիորեն՝ գլխավոր գործադիր տնօրեն), տնօրեն, ընկերության բարձրագույն պաշտոնյա, որը գոյություն ունի անգլո-սաքսոնական տնտեսական մոդել ունեցող երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն)։ Կիրառվում է պետական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և կորպորացիաներում։ Գլխավոր գործադիր տնօրենը ընդունում է ընդհանուր պատասխանատու որոշումներ, որոնք պետք է ապահովեն ընկերության կայուն աճը։ Փաստացի, յուրաքանչյուր կոնկրետ կազմակերպության համար գլխավոր գործադիր տնօրենի նշանակման/ազատման պարտականությունները և կարգը որոշվում են նրա ներքին կանոնակարգերով և կանոններով։
Համաձայն կառավարման տեսության՝ գլխավոր գործադիր տնօրենի հիմնական գործառույթն ընկերության և արտաքին միջավայրի (հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների) միջև կապող օղակ հանդիսանալն է։ Այսպիսով, այս պաշտոնը ստանձնող անձի խնդիրների և պարտականությունների շրջանակը ընդգրկում է ընկերության գործողությունների համապատասխանության ապահովումը տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին։
Կորպորատիվ հիերարխիայում
խմբագրելԳլխավոր գործադիր տնօրենը բաժնետիրական ընկերությունների կառավարման երկրորդ՝ վարչական մակարդակի պաշտոն է, այսինքն՝ իրոք ղեկավար պաշտոն է (կառավարման առաջին մակարդակը տնօրենների խորհուրդն է, որն ընտրվում է տվյալ ընկերության բաժնետերերի ժողովի կողմից)։ Սովորաբար գլխավոր գործադիր տնօրենի ենթակայության տակ են գտնվում՝ Գլխավոր տնօրենը (COO), Գլխավոր ֆինանսական տնօրենը (CFO), Գլխավոր տեխնոլոգիական տնօրենը (CTO) և ընկերության այլ պատասխանատու ղեկավարներ[1]։
Բաժնետիրական ընկերություններում գլխավոր գործադիր տնօրենը սովորաբար նշանակվում է Բաժնետերերի ժողովի կամ Տնօրենների խորհրդի կողմից։ Երբեմն տնօրենի ընտրության ժամանակ օգտագործվում է կումուլյատիվ քվեարկություն։ Հաճախ Տնօրենների խորհուրդը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի համար ընտրում է Տնօրենների խորհրդի նախագահին կամ ընկերության նախագահին (ընկերության նախագահը, որն ընտրվել է գլխավոր գործադիր տնօրեն, պաշտոնով ավելի բարձր է, քան Տնօրենների խորհրդի նախագահը), իսկ երբեմն այս երեք պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը։ Գլխավոր գործադիր տնօրենին պաշտոնից ազատումը կախված է տվյալ կազմակերպությունում ստեղծված իրավիճակից և կազմակերպության ներքին քաղաքականությունից[Ն 1]։ Ըստ մի շարք հեղինակների, որոնք ուսումնասիրում են ամերիկյան ընկերությունների վարչակազմի կառուցվածքը, այդ ընկերությունների կառավարման առանձնահատկություններից մեկն այն է, որ գլխավոր գործադիր տնօրենի և նրան ենթակա COO, CFO, CTO միջև կորպորատիվ փոխհարաբերություններն ավելի բարդ են, քան շատ երկրներում մշակված «ղեկավար-ենթակա» համակարգը[2][3]։
Գործառույթներ
խմբագրելԳլխավոր գործադիր տնօրենի գործառույթների նկարագրությունն ըստ Ա. Լաֆլիի(«Procter & Gamble» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն)
«Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը յուրահատուկ է առաջադրանքների սահմանման, արժեքների, հաջողության չափանիշների տեսանկյունից՝ ընկերության բիզնեսի առանձնահատկություններին և ներկայիս ու ապագա ժամանակաշրջանների պահանջներին համապատասխան։ Նա պետք է վերահսկի և կատարի ճշգրտումներ, որոնք կապահովեն ընկերության անհրաժեշտ դիրքն արտաքին միջավայրում, ապահովի ստանդարտների և չափանիշների մշակում, որոնք ուղղված են կայուն աճի և կայուն մրցակցային առավելությունների պահպանմանը»։
- — «Այն, ինչը կարող է անել միայն գլխավոր գործադիր տնօրենը», 2009[4]
Փաստացի յուրաքանչյուր կոնկրետ գործակալության, ձեռնարկության և այլնի համար գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի գործառույթները որոշվում են կազմակերպության կանոնադրության (անգլ.՝ articles of association, articles of incorporation) և նրա ներքին կանոնների (անգլ.՝ by-laws) համաձայն. շատ դեպքերում կախված է նաև տվյալ ընկերության կառուցվածքից։ Այդ պատճառով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը կարող է նշանակել ինչպես կազմակերպության առաջին անձ, այնպես էլ նրա տնօրեններից միայն մեկը, որը կատարում է որոշակի պարտականություններ[5][3]։
Համաձայն 20-րդ դարի ազդեցիկ կառավարման տեսաբան Փիթեր Դրաքերի՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը հանդիսանում է ներքին միջավայրի՝ սեփական կազմակերպության և արտաքին միջավայրի՝ հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների միջև կապող օղակ. ընդ որում, «ներսում միայն ծախսեր են, իսկ արդյունքը միայն դրսում է»։ Համաձայն «Procter & Gamble»-ի ղեկավար Ալան Ջորջ Լաֆլիի՝ գլխավոր գործադիր տնօրենը հաճախ ընկալվում է որպես ուսուցիչ և օգնական կազմակերպությունում առաջացած խնդիրների լուծման հարցում, բայց իրականում նա ունի ավելի յուրահատուկ անելիքներ, որոնց յուրահատկության հարցում Լաֆլին համակարծիք է Դրաքերի հետ[6]։
2009 թվականին «Harvard Business Review» ամսագրում Լաֆլին տպագրեց հոդված՝ նվիրված գլխավոր գործադիր տնօրենի գործառույթներին, որտեղ նա նկարագրում է այդ պաշտոնը որպես միակը, որ լիարժեք զգում է արտաքին միջավայրի ազդեցությունն ընկերության վրա և ապահովում կազմակեպության պատշաճ արձագանքը՝ կայուն վաճառքի և շահույթի տեսքով։ Համաձայն հեղինակի՝ բարձր օղակի մյուս պաշտոնյաներն ունեն ավելի նեղ մտահորիզոն, հիմնականում պատասխանատու են միայն մեկ ուղղության համար։ Գլխավոր գործադիր տնօրենը մնացածներից ամենալավն է ունակ տեսնել ընկերության հնարավորությունները, դատողություններ անել և ցուցումներ տալ․ նա միակն է, որ պատասխանատու է ընկերության գործողությունների հետևանքների և տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին այդ հետևանքի համապատասխանության համար։ Ընդհանուր պատասխանատու որոշումները, որոնք կայացնում է գլխավոր գործադիր տնօրենը, պետք է ուղղված լինեն դեպի արտաքին լսարանը, հակառակ պարագան վնասաբեր է ընկերության աճի համար։ Ալան Ջորջ Լաֆլիի կարծիքով գործնականում գլխավոր գործադիր տնօրենի դերը որպես կապող օղակ, բաժանված է հետևյալ առաջադրանքների, որոնց կատարումը կարող է խլել նրա աշխատաժամանակի մեծ մասը[7]․
- Արտաքին միջավայրի նշանակության որոշումն ու մեկնաբանությունը: Այս առաջադրանքը էությունը որոշելն է, թե ընկերությանը արտաքին միջավայրի որ տարրը, շահառուների որ խումբն ավելի մեծ նշանակություն ունի, ինչպես նաև, թե ընկերության համար իր գործունեության որ արդյունքներն են ավելի կարևոր։ Միայն գլխավոր գործադիր տնօրենը կարող է լուծել այս խնդիրը, քանի որ բարձր օղակի մյուս ղեկավարների պատկերացումը կախված է կազմակերպությունում նրանց զբաղեցրած պաշտոնից[Ն 2][7]։
- Ընկերության բիզնեսի նկարագրությունը: Գլխավոր գործադիր տնօրենը պետք է մշտապես վերլուծի և ստանա երկու հարցի պատասխան. ինչպիսի բիզնեսով է զբաղվում ընկերությունը և ինչպիսի բիզնեսով չի զբաղվում։ Այսինքն՝ ինչպիսի «դաշտում» պետք է խաղալ, որպեսզի հաղթել և որտեղ ընդհանրապես չարժե մտնել։ Սրա համար անհրաժեշտ է լայն պատկերացում, որն ընդգրկում է ողջ ընկերությունը և որով օժտված է միայն գլխավոր գործադիր տնօրենը[Ն 3][7]։
- Ներկայի (ընթացիկ եկամուտների) և ապագայի (անհրաժեշտ ներդրումների) միջև հավասարակշռություն գտնելը: Գլխավոր գործադիր տնօրենի համար այսպիսի հավսասարկշռության հասնելը բաղկացած է 3 քայլից. առաջինը, կարճաժամկետ կտրվածքով իրատեսական աճի նպատակների սահմանում, ինչը հիմք է հանդիսանում ավելի երկար ժամանակահատվածում հուսալի պլանների մշակման համար, երկրորդը, ճկուն բյուջետային գործընթացի մշակում, երրորդը՝ այսօրվա և վաղվա խնդիրների լուծման համար մարդկային ռեսուրսների հեռանկարային բաշխում։ Վերջին քայլը գլխավոր գործադիր տնօրենի առանցքային խնդիրն է, քանի որ նա ունի բիզնեսի հետագա զարգացման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ[Ն 4][8]։
- Կազմակերպության արժեքների և ստանդարտների մշակում: Արժեքները որոշում են ընկերության դեմքն ու վարքը, ստանդարտները կապված են ակնկալիքների հետ, դրանք հաջողության չափանիշներն են, որոնք գնահատվում են արտաքին միջավայրի տեսանկյունից։ Գլխավոր գործադիր տնօրենը արժեքների և ստանդարտների սահմանման ընթացքում պետք է հասկանա, թե որքանով է ընկերությունը հաջողված այն անձանց տեսանկյունից, որոնք մեծ արժեք ունեն ընկերության համար, և որքանով է այն հաջողված շուկայի ամենալավ ցուցանիշների համեմատ[Ն 5][9]։
Սեփականության մասնաբաժնի տնօրինում
խմբագրելԱնգլոսաքսոնական իրավական համակարգի կորպորատիվ իրավունքում գոյություն ունի տնօրենի շահագրգռվածություն հասկացությունը (անգլ.՝ director's interest): Վերջինս ի հայտ է գալիս այն դեպքում, երբ ընկերության ղեկավարները (հնարավոր է նաև CEO-ն) բաժնետոմսեր և պարտատոմսեր ունեն իրենց կազմակերպությունում։ Այս արժեթղթերով գործարքներ կատարելիս ղեկավարությունն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան շարքային բաժնետերերը և կարող է որոշ տեղեկություններ օգտագործել ի շահ անձնական նպատակների։ Այդ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունում բաժնետոմսեր ունենալը ղեկավարության շրջանում սովորաբար խրախուսվում է, նրանց ցանկացած անձնական գործողություն գտնվում է խիստ վերահսկողության ներքո[10]։
1934 թվականից ԱՄՆ-ում գործում է «Արժեթղթերով առևտրի մասին օրենք» (անգլ.՝ Securities Exchange Act of 1934), որը նպատակ ունի բարելավել ներդրողների տեղեկացվածության մակարդակը և ուժեղացնել չարաշահողների դեմ պայքարը։ Ի թիվս այլ բաների, այն պահանջում է ընկերության տնօրենների գործարքների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր տրամադրում։ Նաև ցանկացած ընկերության 10%-ից ավելի բաժնետոմսեր ունեցողները և բոլոր այն տնօրենները, որոնք ընկերությունում ունեն արժեթղթեր, պարտավոր են Արժեթղթերի և բորսայական գործունեության հանձնաժողովին (անգլ.՝ Securities and Exchange Commission) և համապատասխան բորսային տրամադրել հաշվապահական հաշվառման 3-րդ ձևը[11]։
Պրոֆեսիոնալ ասոցիացիա և մամուլ
խմբագրել1977 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Կորպորացիաների տնօրենների ազգային ասոցացիա» կոչվող պրոֆեսիոնալ կազմակերպությունը (անգլ.՝ National Association of Corporate Directors)։ 2015 թվականին այն միավորում էր շուրջ 17 000 կառավարման մարմինների ներկայացուցիչների, տնօրենների, ինչպես նաև այլ ղեկավար անձնակազմի և իրավաբանների։ Կազմակերպությունը հավաքագրում և տարածում է տեղեկատվություն գործարար շրջանակների գործունեության վերաբերյալ, անց է կացնում սեմինարներ, ամեն ամիս թողարկում է երկու հրատարակություն` «Corporate Directors’ Special Report Series» և «Director Monthly»[12][13]։
Նշումներ
խմբագրել- ↑ Օրինակ, հնարավոր է տարբերակ, երբ Տնօրենների խորհուրդը, որպես ընկերության հիմնադրի իրավահաջորդ կամ «բիզնեսի վետերան», որն ուղղակիորեն ներգրավված չէ կազմակերպության առօրյա գործերում և մուտք չունի նրա ռեսուսներ, բավականաչափ ազդեցություն ունի գլխավոր գործադիր տնօրենի փոփոխման գործընթաց նախաձեռնելու համար(Палажченко, 2002)
- ↑ Որպես oրինակ Ալան Ջորջ Լաֆլին բերում է «Procter & Gamble»-ում ստեղծված իրավիճակը. երկար ժամանակ ընկերությունում գերակայել է սպառողի գլխավորը լինելու միտքը, գործունեության արդյունքը կախված է եղել նրանից, թե արդյոք սպառողը գերադասում է «Procter & Gamble»-ի արտադրանքը մեկ այլ արտադրանքից. այդ պատճառով չնայած այլ արտաքին շահառուների պահանջներին, շահերի բախման ժամանակ որոշումները կայացվում էին ընկերության համար ամենակարևոր գործոնի՝ սպառողի օգտին(Lafley (Минервин), 2010).
- ↑ Որպես oրինակ Լաֆլին բերում է Procter & Gamble»-ում ստեղծված իրավիճակը. ընկերության բիզնեսը որոշելու համար վերլուծվել է արտադրության կառուցվածքը, հիմնական կարողությունների ռազմավարական համապատասխանության աստիճանը, մրցունակ դիրքերը, ժողովրդագրական միտումները, աճի և գլոբալիզացիայի հնարավորությունները․ ըստ վերլուծության արդյունքների՝ որոշվեց կենտրոնանալ այն հիմնական արտադրանքների արտադրության վրա, որոնցում ընկերությունն առաջատար է՝ սանիտարահիգենիկ և կոսմետիկ արտադրանքներ, մանկական խնամքի պարագաներ և հրաժարվել ոչ հիմնական տեսակներից, սննդի և ըմպելիքների որոշ տեսակներից. բացի այդ որոշում էր կայացվել ընդլայնել ցածր գնային խմբի ապրանքների արտադրությունն այն երկրների համար, որոնք ունեն զարգացող շուկա՝ Չինաստան և Արևմտյան Եվրոպա(Lafley (Минервин), 2010).
- ↑ Որպես oրինակ Լաֆլին նշում է իր փորձը՝ որպես «Procter & Gamble»-ի գլխավոր գործադր տնօրեն. նա անձամբ գիտի ընկերությունան 500 աշխատակցի և պատասխանատու է նրանցից 150-ի կարիերայի պլանավորման համար(Lafley (Минервин), 2010)
- ↑ Որպես oրինակ Լաֆլին նշում է «Procter & Gamble»-ի՝ ճգնաժամից դուրս գալու փորձը. դա պահանջեց ընկերության արժեքների և ստանդարտների վերադասավորում` շեշտը դնելով արտաքին միջավայրի վրա. այսպես, եթե նախկինում վստահություն ասելով հասկանում էին աշխատողների վստահությունը աշխատանքը պահպանելու հարցում, ապա հիմա հասկանում էին սպառողի հավատարմությունն ընկերության բրենդին(Lafley (Минервин), 2010).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Палажченко, 2002, էջ 162
- ↑ Американа, 1996, էջ 158, 170, 228, 763
- ↑ 3,0 3,1 Палажченко, 2002, էջ 162—163
- ↑ Lafley (Минервин), 2010, էջ 129
- ↑ Американа, 1996, էջ 170
- ↑ Lafley (Минервин), 2010, էջ 126—127
- ↑ 7,0 7,1 7,2 Lafley (Минервин), 2010, էջ 127—128
- ↑ Lafley (Минервин), 2010, էջ 127—129
- ↑ Lafley (Минервин), 2010, էջ 127, 129
- ↑ Американа, 1996, էջ 254
- ↑ Американа, 1996, էջ 333, 858
- ↑ Американа, 1996, էջ 630
- ↑ NACD (պաշտոնական կայք), 2001
Գրականություն
խմբագրել- Активная бизнес-лексика = Active Business Vocabulary : лингв. слов. / Сост. В. Н. Крупнов. — Учеб. пособие. — М. : АСТ: Астрель: Транзиткнига, 2005. — 334, [2] с. — 3000 экз. — ISBN 5-17-032315-8 (АСТ), 5-271-12039-2 (Астрель), 5-9578-2207-8 (Транзиткнига).
- Американа. Англо-русский лингвострановедческий словарь = Americana. English-Russian Encyclopedic Dictionary : лингвоэнцикл. слов. ок. 20 000 сл. статей / Под ред. и общ. руков. Г. В. Чернова, ред. В. П. Астахов, И. В. Зубанова, О. А. Тарханова, И. Л. Чернова. — Смоленск : Полиграмма, 1996. — 1186 с. — ISBN 5-87264-040-4.
- Англо-русский полный юридический словарь словарь = English-Russian Comprehensive Law Dictionary : лингв. слов. ок. 35 000 сл. и словосоч. / Сост. А. С. Мамулян, С. Ю. Кашкин, отв. нуч. ред. О. Е. Кутафин. — 1-е изд. — М. : Советникъ, Рэббит, 1993. — 400 с. — 150 000 экз. — ISBN 5-87465-001-6.
- Англо-русский словарь терминов финансовой отчётности : терминологич. слов. ок. 1000 терм. / Сост. О. В. Довбыш, науч. ред. Н. Н. Миронова. — Самара : Парус-Принт, 2003. — 80 с. — 300 экз. — ISBN 5-94791-011-X.
- Минервин И. Г. Реферат на статью 2009 года А. Г. Лафли «О важнейших функциях главного руководтеля компании» = Lafley A. G. What only the CEO can do : науч. ст. — В: Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 2: Экономика : реферативный журнал // Институт научной информации по общественным наукам РАН. — 2010. — № 3. — С. 126—129. — ISSN 2219-8504.
- Палажченко П. Р. Мой несистематический словарь (Из записной книжки переводчика) : лингв. слов. / Отв. ред. В. Р. Колесниченко. — 2-е изд. (испр. переизд. 1999). — М. : Р. Валент, 2002. — 304 с. — 2000 экз. — ISBN 5-93439-086-4.
Արտաքին հղումներ
խմբագրել- NACD. National Association of Corporate Directors : պաշտոնական կայք. — Washington, D.C., 2001.(անգլ.)
- Եզրույթի սահմանումը ներդրողի հանրագիտարանում (անգլ.)