[go: up one dir, main page]

Պլակատ (գերմ.՝ Plakat, < ֆրանս. placard – հայտարարություն, ազդագիր), առաջին իմաստով պոլիգրաֆյան եղանակով ընդօրինակված արվեստի ստեղծագործություն՝ հակիրճ տեքստով, աչքի զարնող պատկեր՝ սովորաբար՝ գունավոր, թղթե մեծ թերթի վրա, որն օգտագործում են քարոզչական, գովազդային, տեղեկատվական կամ ուսուցողական նպատակներով։ Երկրորդ իմաստով` գրաֆիկայի տեսակ։

Holzer նորաձևության խանութի պլակատը, 1902 թվական

Ծագում

խմբագրել

Պլակատի ծագումը (նախ՝ գովազդային, ապա՝ քաղաքական) պայմանավորված է տնտեսության մեջ առևտրական և արդյունաբերական մրցակցությամբ, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի առավել լարվածությամբ (արդյունաբերական և գեղարվեստական ցուցահանդեսներ, զանգվածային ցույցեր և այլն)։ Գովազդային պլակատը երևան է եկել 19-րդ դարի 2-րդ կեսին Արևմտյան Եվրոպայում, 19-րդ դարի վերջին առավել զարգացել է Ֆրանսիայում (Ժ. Շերե, Անրի Տուլուզ-Լոտրեկ, Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն և ուրիշներ)։

Պլակատը Հայաստանում

խմբագրել

Հայկական պլակատի առաջին նմուշներն ազդագրային էին, որտեղ գերիշխել է տեքստը։ Ուշագրավ է 1849 թվականին Թիֆլիսում Կ. Պոլսի «Արամյան թատրոնի» հյուրախաղերի ազդագիր-պլակատը։ Հայկական Պլակատիի առաջին նմուշը Ճանիկ Արամյանի «Մայր Հայաստան» («Ոգի Հայաստանի», «Անիի ավերակներ») նկարն է։ Տպագրվել է 1861 թվականին Փարիզում։

Խորհրդային Հայաստանում պլակատը լայնորեն կիրառվել է 1920-1930-ական թվականներին, առավել զարգացել 1950-ական թվականներից։ Ժամանակակից թատերական և երաժշտական ազդագրերին զուգահեռ ի հայտ են եկել գովազդային վահանակները։ Ուշագրավ պլակատներ են ստեղծել Սերգեյ Արուտչյանը, Ա. Վարդանյանը, Էդուարդ Արծրունյանը, Էդուարդ Սեդրակյանը, Արմեն Քոլոզյանը, Ալբերտ Ասլյանը, Լևոն Կարսյանը, Հարություն Մանուկյանը, Ա. Մանուկյանը, Ա. Ակնունին և ուրիշներ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլակատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։