Մատթեոս Զարիֆյան
Մատթեոս Զարիֆյան (հունվարի 4, 1894[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 9, 1924[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), հայ բանաստեղծ։
Մատթեոս Զարիֆյան արմտ. հայ.՝ Մատթէոս Զարիֆեան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1894[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 9, 1924[1] (30 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Գերեզման | Սկյուտար |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Պերպերյան վարժարան (1913)[1] |
Աշխատավայր | Պերպերյան վարժարան[1] |
Մատթեոս Զարիֆյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1913 թվականին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914 թվականին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Ադանա քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառները՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
Գրական գործունեություն
խմբագրելՄատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981 թվականին այն վերահրատրակվել է[2][3]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Տրտմութեան և խաղաղութեան երգեր, Կ. Պոլիս, 1921, 126 էջ։
- Կեանքի ու մահուան երգեր, Կ. Պոլիս, 1922, 112 էջ։
- Ընտիր քերթուածներ, Հալէպ, 1946, 29 էջ։
- Կեանքի ու մահուան երգեր, Երուսաղէմ, 1951, 109 էջ։
- Ամբողջական գործեր, Պէյրութ, 1956, 656 էջ։
- Երգեր, Երևան, 1965, 240 էջ։
- Զարիֆյան Մատթեոս, Որբերյան Ռուբեն, Սևակ Ռուբեն, Թեքեյան Վահան, Երկեր, Երևան, 1981, էջ 365-466։
- Երկեր, Անթիլիաս, 1990, 278 էջ։
- Բանաստեղծութիւններ, Վենետիկ, 1994, 96 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 71-72։
- ↑ «ԶԱՐԻՖԵԱՆ ՄԱՏԹԷՈՍ (1894-1924) - books». aua.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
Գրականություն
խմբագրել- Խաժակ Վ., Եղերաբախտ քերթողներ, Բեյրութ, 1933։
- Պարսամեան Մ., Արևմտահայ բանաստեղծներ, Փարիզ, 1937։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատթեոս Զարիֆյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 669)։ |