[go: up one dir, main page]

Jump to content

Գավեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գավեյն
Դիմանկար
Մասնագիտությունասպետ
Ծնողներհայր՝ Լոթ արքա, մայր՝ Մորգաուզա
ԱնդամությունԿլոր սեղանի ասպետներ
ԵրեխաներՎիգալուա[1]
 Gawain Վիքիպահեստում

Գավեյն (/ɡəˈwn/, Արթուր արքայի զարմիկ և արթուրյան լեգենդի Կլոր սեղանի ասպետ։ Որոշ ուելսական աղբյուրներում Գվալչմեյ անունով հանդիպում է լեգենդի վաղ զարգացումներում։ Գավեյն անունով հանդիպում է լատիներեն, ֆրանսերեն, անգլերեն, հոլանդերեն, գերմաներեն ու իտալերեն գրականության մեջ, մասնավորապես որպես «Սըր Գավեյնն ու Կանաչ Ասպետը» պատմվածքի գլխավոր հերոս։ Գավեյնի մասին այլ պատմություններից են՝ Historia Regum Britanniae («Բրիտանիայի թագավորների պատմություն»), Roman de Brut («Վեպ Բրուտի մասին»), De Ortu Waluuanii («Գավեյնի ծագումը»), Diu Crône («Թագը»), The Awntyrs off Arthure («Արթուրի արկածները»), L'âtre périlleux («Վտանգավոր գերեզմանոցը»), Le Chevalier à l'épée («Սրով ասպետը»), The Weddynge of Syr Gawen and Dame Ragnell («Սըր գավեյնի և լեդի Ռագնելի ամուսնությունը»), ինչպես նաև Կրետյեն դե Տրուացու աշխատանքներն ու Լանսելոթ-Գրեյլի արձակ ցիկլը։

Գավեյնը Կլոր սեղանի ընտրյալ ասպետներից է, որը համարվում է Արթուր արքայի լավագույն ասպետներից ու ամենամտերիմ ուղեկիցներից մեկը։ Նա Արթուրի քրոջ՝ Մորգաուզայի (կամ Աննա) և Օրքնեյի ու Լոթիանի թագավոր Լոթի որդին է․ եղբայրներն ու խորթ եղբայրներն են՝ Ագրավեյնը, Գահերիսը, Գարետն ու Մորդրեդը։ Հաճախ նկարագրվում է որպես ահարկու, բարեկիրթ ու կարեկից մարտիկ, որն անմնացորդ նվիրված է իր թագավորին ու ընտանիքին։ Որպես այսպիսին՝ նա երիտասարդ ասպետների խորհրդատուն է, աղքատների պաշտպանն ու «օրիորդների ասպետը»՝ վտանգի մեջ հայտնված կանանց փրկիչը։ Գրինգոլեթ անունով ձի ունի, օգտագրծում է Էքսքալիբուր անունով կախարդական թուրը, որդիների թվում կարող էր լինել նաև «Գեղեցկադեմ անծանոթը»՝ Գինգալենը։ Գավեյնի մասին լեգենդի վերջին տարբերակներում նա ընկերություն է անում սըր Լանսելոթի հետ, որն ի վերջո դառնում է նրա ոխերիմ թշնամին։ Սովորաբար Գավեյնը պատկերվել է դրական լույսի ներքո, որը սակայն նվազեցվել է Լանսելոթ-Գրեյլի ցիկլում հօգուտ Լանսելոթի ու հատկապես Գալահադի, ու նա որպես հերոս զգալիորեն անտեսվել է հետ-լանսելոթյան արձակում։

Գավեյնի զինանշանը

Տարբեր լեզուներում Գավեյնը հայտնի է տարբեր անուններով։ Համապատասխանում է ուելսերեն Գվալչմեյ ապ Գվայարին, լատիներենում հայտնի է որպես Վալվեն, Գուալգուանուս, Վալուանուս և այլն, ֆրանսերենում անվանվում է Գաուվայն, գերմաներենում՝ Գավեյն, իտալերենում՝ Գալվագին կամ Գալվանո, և վերջապես անգլերենում՝ Գավեյն։ Ենթադրաբար վերջին տարբերակները ծագել են ուելսերեն Գվալչմեյից[2]։ «Գվալչ» նշանակում է «բազե» և միջնադարյան ուելսական պոեզիային բնորոշ մակդիր է[3]։ «Մեյ» բառի իմաստն անորոշ է։ Ենթադրվում է, որ այն կարող է վերաբերել մայիս ամսին և նշանակել «Մայիսյան բազե»։ Անգլիացի լեզվաբան Քեննեթ Ջեքսոնը պնդում էր, որ անունն առաջացել է համընդհանուր բրիտական Ualcos Magesos անունից, որը նշանակում է «հարթավայրի բազե»[3]։

Վալվենը 14-րդ դարի հոլանդական ձեռագրում

Գվալչմեյը (կամ Գվալչմայը) ուելսական դիցաբանության ավանդական հերոս է, Արթուր արքայի քրոջ որդին ու նրա առաջավոր մարտիկներից մեկը[3] (14-րդ դարի ուելսերեն «Արթուրի ծնունդը» աշխատությունում Գվալչմեյն ունի երեք քույր՝ Գրացիան, Գրաերիան ու Դիոնետան․ վերջինս նույնացվում է Մորգանայի հետ[4])։ 16-րդ դարում ուելսեցի գիտնական Սիոն Դավիդ Ռիսի կողմից գրի առնված պատմության մեջ նշվում է, որ Գվալչմեյը ոչնչացրել է երեք չար կախարդ քույրերի, որոնք Արթուրի կողմից նախկինում սպանված հսկաների կանայք էին։ Նա նրանց սպանել է իրենց ամրոցներում իր խորամանկության շնորհիվ, քանի որ նրանց այլ կերպ հաղթել չէր կարելի[5]։

Գալվագինը՝ պատկերված 12-րդ դարասկզբի իտալական Մոդենա քաղաքի մայր տաճարում

12-րդ դարի առաջին կեսում Գավեյնին վերաբերող քիչ տեղեկություններ են եղել Ուելսից դուրս։ Օրինակ՝ Ուիլյամ Մալմսբերիացին մոտավորապես 1125 թվականին գրած իր «Անգլիացի թագավորների արարքները» գրքում նշում է, որ Վալվենի գերեզմանը հայտնաբերվել է Փեմբրոքշիրում Վիլհելմ I Նվաճողի օրոք։ Նա նաև պատմում է, որ Արթուրի զարմիկին քշել են իր թագավորությունից Հենգեսթի եղբոր կողմից առաջնորդվող սաքսերը։

Գավեյնն ակամա կռվում է Իվեյնի դեմ

Լանսելոթ-Գրեյլի արձակ ցիկլում Գավեյնը նկարագրվում է որպես հպարտ ու աշխարհիկ ասպետ, որն առաջնորդում է իր եղբայրներին։ Նրա մտադրությունները միշտ ամենամաքուրն են, բայց նա ի վիճակի չէ օգտագործել աստծո շնորհը՝ իր արարքներում սխալները տեսնելու համար։ Ավելի ուշ, երբ նրա եղբայրներ Ագրավեյնն ու Մորդրեդը որոշում են ոչնչացնել Լանսելոթին ու թագուհի Գվինևրային՝ բացահայտելով նրանց սիրային կապը, Գավեյնը փորձում է կանգնեցնել նրանց։ Երբ թագուհուն մահապատժի են ենթարկում խարույկի վրա այրելով, իսկ Արթուրը հանձնարարում է իր լավագույն ասպետներին հսկել մահապատժի ընթացքը, Գավեյնն ազնվաբար հրաժարվում է մասնակցել դրան, թեև իր եղբայրներն այնտեղ էին լինելու։ Իսկ երբ Լանսելոթը վերադառնում է Գվինևրային փրկելու, մենամարտ է սկսվում Արթուրի ու Լանսելոթի ասպետների միջև, ու Գավեյնի եղբայրներ Գարեթն ու Գահերիսը սպանվում են (Ագրավիանը նույնպես սպանվել է Լանսելոթի կողմից այս կամ նախորդ որևէ էպիզոդում)։ Սա Լանսելոթի հետ նրա ընկերությունը վերածում է ատելության, և վրեժխնդրության ծարավը ստիպում է նրան Արթուրին ներքաշել Լանսելոթի դեմ պատերազմի մեջ արդեն Ֆրանսիայում։ Թագավորի բացակայության ընթացքում Մորդրեդը զավթում է գահը ու բրիտոնները պետք է վերադառնան Բրիտանիան փրկելու համար։ Այս ընթացքում Գավեյնը երկար մենամարտից հետո մահացու վիրավորվում է հենց Լանսելոթի կողմից։

Անգլիացիների ու շոտլանդացիների համար Գավեյնը հարգարժան ու հերոսական կերպար է, որը դարձել է մի քանի ռոմանսների ու բանաստեղծությունների հերոս իրենց ազգային բարբառներում։ Դրանցից ամենակարևորներն են՝ «Արթուրի արկածները», «Արթուրի ճանաչումը» (որպես թագավոր), «Գավեյնի պատմությունը» և «Թագը», որոնցից վերջին երկուսը նվիրված են առաջին հերթին Գավեյնին։

«Հիմա դու ինձ ամբողջությամբ ազատել ես կախարդանքից», Ուիլյամ Հենրի Մարգեթսոնի պատկերազարդումը «Բրիտանական ցեղի լեգենդները» (1910) գրքից

Սկզբնական պատմություն և տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Les Enfances Gauvain աշխատությունը, որը մասամբ հիմնված էր De Ortu Waluuanii գրքի վրա, պատմում է այն մասին, թե ինչպես Արթուրի քույր Մորկադեսը (Մորգաուզա) հղիանում է Լոթից, որն այն ժամանակ դեռ միայն Արթուր թագավորի արքունիքի փոքրավոր էր։ Նա ու Լոթը երեխային գաղտնի տալիս են Գավեյն անունով մի ասպետի, որը երեխային կնքում է իր անվամբ ու մանկիկին դնելով մի տակառիկի մեջ, բաց է թողնում ծովում։ Երեխայի հետ նա մի նամակ էր դրել, որում բացատրում էր նրա ով լինելը։ Տակառիկը գտնում են մի ձկնորս ու իր կինը։ Երբ Գավեյնն արդեն տասը տարեկան էր, նրա խնամակալը երդվում է ուխտագնացություն կազմակերպել դեպի Հռոմ, եթե կարողանա հաղթահարել դաժան հիվանդությունը։ Երբ նա իրոք առողջանում է, երեխային իր հետ տանում է Հռոմ, որտեղ մի քահանա կարդում է նամակը և հասկանում, որ տղան ազնվական ծագում ունի, և Հռոմի պապն ընդունում է նրան որպես իր հոգեզավակ։

Պարցիֆալի Գավեյնը Կան քաղաքի Սան-Պիեռ եկեղեցու ցայտաքանդակի վրա

De Ortu Waluuani լեգենդում երիտասարդ Գավեյնը, ծպտված որպես Թիկնոցավոր ասպետ, մենամարտի է մասնակցում պարզելու համար, թե արդյոք Հռոմը թե՞ Պարսկաստանը պետք է տիրի Երուսաղեմին։ Ճանապարհին Գավեյնն ու իր մարդիկ հաղթում են ծովահեն արքա Միլոկրատեսին ու վերջինիս եղբորը՝ Բուզաֆարնամին, ազատելով կայսեր զարմուհուն, որին առևանգել էր Միլոկրատեսը։ Երուսաղեմում նա կռվում է հսկա պարսիկ չեմպիոն Գորմունդի հետ և սպանում նրան երեք օր տևած մենամարտից հետո։ Հետո նրան ուղարկում են Արթուր արքայի մոտ իր ծննդյան ապացույց նամակի հետ։ Արթուրի թագուհին, որն այստեղ անվանվում է Գվենդոլենա և ունի մարգարեական կարողություններ, նախազգուշացնում է Արթուրին Հռոմից եկող ասպետի մասին, որն ավելի հզոր էր լիելու, քան ինքը։ Արթուրն ու իր խորթ եղբայր Քեյը հանդիպում են Գավեյնին, բայց նա երկուսին էլ ձիուց ցած է գցում։ Ժամանելով Արթուրի արքունիք՝ Գավեյնն ընդունելության չի արժանանում, թեև թագավորը տեղեկացել էր, որ նա իր քրոջ որդին է։ Դրան ի պատասխան Գավեյնը երդվում է, որ ինքը կանի այն, ինչը Արթուրի ամբողջ բանակը չի կարող անել։ Առիթ է հանդիսանում այն, որ Կույսերի դղյակի տիրուհին դիմում է Արթուրի օգնությանը, քանի որ մի հեթանոս թագավոր առևանգել էր նրան ու ուզում էր ստիպողաբար ամուսնանալ նրա հետ։ Արթուրն ու իր բանակը գնում են այդ հեթանոսի հետ կռվելու, բայց պարտվում են, իսկ Գավեյնը միայնակ հաջողության է հասնում ու վերադառնում դղյակի տիրուհու ու թագավորի գլխի հետ։ Արթուրը ստիպված է լինում հրապարակավ ընդունել ասպետի արժանիքները, իսկ Լոթն ու Աննան պաշտոնապես ճանաչում են Գավեյնին որպես իրենց որդի։

Այս պատմության նման են Կրետյեն դե Տրուացու Perceval-ի Հրաշքների դղյակի, Վոլֆրամ ֆոն Էշենբախի «Պարցիֆալի», Diu Crône-ի և հին սկանդինավերեն լեզվով Valvens þáttr պատմությունները, որտեղ Գավեյնը ժամանում է մի ամրոց, որտեղ ապրում են իր տատիկը (Արթուր արքայի մայրը), իր մայրը և քույրը, որոնց նա չի ճանաչում։ Նա դառնում է ամրոցի տերը և բնական կլիներ, որ առանց իմանալու ամուսնանար կա՛մ իր մոր, կա՛մ քրոջ հետ, բայց բարեբախտաբար նա պարզում է, թե ովքեր են այդ կանայք։

Լանսելոթ-Գրեյլի ազդեցությամբ գրված աշխատանքներում Գավեյնը քույրեր ունի։ Դրանց թվում է Կրետյեն դե Տրուացու «Այվան»-ում նկարագրված անանուն քույրը, որին Գավեյնը փրկում է հսկայից իր ամուսնու ու երեխաների հետ, Hunbaut -ում նշված անանուն քույրը, որին առևանգել է Գորվեյն Քադրուն, Սորեդամորսը (Քլիժեսի մայրը) և Կլարիսանտը դե Տրուացու «Քլիժեսում» ու Էլայնը Դիդոտի «Պերցևալի» մոդենական ձեռագրում։ Parzival-ում նա նաև երկրորդ քույր ունի Քունդրի անունով և կրտսեր եղբայր Բեակուրս անունով (Գավեյնի միակ եղբայրն այս տարբերակում)։

Տարբերակիչ հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սըր Գավեյնը վերցրեց իր նիզակն ու նրանց հրաժեշտ տվեց», Ֆրենկ Թ․ Մերրիլի պատկերազարդումը «Արթուրի արքունիքի ասպետը կամ Սըր Գավեյնի ու կանաչ ասպետի պատմությունը» գրքից (1910)

Արթուրի բոլոր ասպետների մեջ Գավեյնը հայտնի էր իր քաղաքավարությամբ, կարեկցանքով ու խոնարհությամբ։ Սրա ապացույցը հավաքել է Բ․Ջ․ Ուայթինգը, որը նշել է, որ այդ հատկանիշները Գավեյնի մոտ ավելի շատ էին արտահայտված, քան «Կլոր սեղանի ասպետներից» որևէ այլ մեկի մոտ։ Նա հաշվել է, որ արթուրյան գրականության մեջ «քաղաքավարի, քաղաքավարություն, քաղաքավարի կերպով» բառերը Գավեյնի մասին օգտագործվել են 178 անգամ, որն ավելի շատ է, քան մյուս բոլոր ասպետների մասին միասին վերցրած[6]։ Լանսելոթի արձակում Գավեյնը նկարագրված է որպես իր եղբայրներից ամենագեղեցիկը և աղքատների հանդեպ ամենաողորմածը։ Լեգենդի որոշ տարբերակների համաձայն՝ Գավեյնը կարող էր լինել Քեյմլոթի գահի օրինական ժառանգորդը Արթուր արքայից հետո[7][8]։

Վիջիլ, հեղինակ՝ Ջոն Փեթի (1884)

Սակայն Վուլգեյթի Queste del Saint Graal գրվածքում նա ներկայացվում է որպես աշխարհիկ ասպետության անհամապատասխանության խորհրդանիշ։ Նրան մեղադրում են իր անաստվածության, միտումնավոր սպանությունների հակվածության համար և վերջապես, Լոնսելոթին ներելու նրա չկամությունը հանգեցնում է իր սեփական մահվանն ու Արթուրի թագավորության անկմանը։

«Այնուամենայնիվ դուք, օ՜ սըր Գավեյն, ստում եք», Ֆլորենս Հարիսոնի պատկերազարդումը «Ուիլյամ Մորիսի բանաստեղծությունները» գրքից, (1914)

Հետ-վուլգեյթյան ցիկլում Գավեյնի կերպարն ավելի է սևացված։ Այդտեղ նա արյունռուշտ է ու հաճախ՝ մարդասպան։ Թեև նա ունի աշխարհում ամենալավ ու քաղաքավարի ասպետի հեղինակություն, սա կեղծիք է, քանի որ նա հաճախ գաղտնի բռնաբարում է կանանց ու սպանում լավ ասպետների։

Երեխաներ ու սիրային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Մելորին Գավեյնին վերագրում է երեք որդի՝ Ֆլորենս, Լովել և Գինգալեն․ առաջին երկուսի մայրը Բրան Լիսցու անանուն դուստրն էր։ «Լանսելոթ» արձակում Հյուսիսային Ուելսի թագավոր Թրեյդլմենթի դուստրերից մեկը հղիանում է Գավեյնից առանց ամուսնանալու։

«Առավոտյան այս կանանցից մեկը եկավ Գավեյնի մոտ», Ուիլյամ Հենրի Մարգեթսոնի նկարազարդումը «Արթուր արքայի ու նրա ասպետների լեգենդը» գրքից, (1914)

Քանի որ տարբեր պատմություններում Գավեյնը հայտնի էր որպես «Օրիորդների ասպետ», նրա անունը որևէ կոնկրետ կնոջ հետ չի կապվում։ Արթուրյան գրականության մեջ նրա անունը կապվել է ավելի քան մեկ կնոջ հետ[9]։ «Սըր Գավեյնի ու տիկին Ռագնելի ամուսնությունը» պատմության մեջ նա ամուսնանում է անիծված Ռագնելի հետ, և նրան հարաբերություններում «ինքնիշխանություն» տալով՝ ազատում վերջինիս վհուկանման տեսք ունենալու անեծքից[10]։

«Սըր Գավեյնը գտնում է գեղեցիկ օրիորդին», Հովարդ Փայլի պատկերազարդումը «Արթուր արքայի ու իր ասպետների պատմությունը» վեպի համար (1903)

Տարբեր պատմություններում նա կապված է մի գերբնական էակի հետ, որը երբեմն Հանդերձյալ աշխարհի թագուհին կամ արքայադուստրն է[11]։

Շատ ռոմանսներում Գավեյնը նկարագրված է որպես ասպետական հատկանիշների կրող[12]։

Վուլգեյթի «Mort Artu»-ում հարյուր ասպետներ Գավեյնի դիակը տանում են Քեյմլոթ, մինչ Արթուրն ու իր ասպետները ձիավարում են Մորդրեդին գտնելու։ Հարյուր ասպետները ժամանում են Բելոե կոչվող մի ամրոց, որի տերը խանդել ու ատել էր Գավեյնին, բայց նրա կինն իր վշտի մեջ հայտարարում է, որ Գավեյնից բացի ուրիշ տղամարդու չի սիրել և չի սիրելու այլևս։ Բելոեի տիրակալը կատաղության մեջ հանում է սուրն ու սպանում կնոջը, ասպետներն էլ իրենց հերթին սպանում են նրան։ Հաջորդ օրը Արթուրի ասպետները շարունակում են իրենց ճանապարհն ու հասնում Քեյմլոթ, որտեղ Գավեյնի մարմինն ամփոփվում է իր սիրելի եղբայր Գահերիսի գերեզմանում։

Ժամանակակից պատկերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սըր Գավեյնը կարեկցանքով թեքվում է շնչակտուր օրիորդ Ավորեյնի վրա, քանի որ վերջինս ապացուցել էր իր սերը նրա ձիու հետևից երկու օր վազելով։ Ջոն Էվերեթ Միլլեի և Ջոզեֆ Սվեյնի փայտե փորագրանկարը Ռոբերտ Ուիլյամս Բուչանանի՝ «Շաբաթը մեկ անգամ» ամսագրում 1862 թվականին տպագրված «Օրիորդ Ավորեյն»[13] բանաստեղծության համար

Ժամանակակից գրականությունն և լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում Գավեյնին, և այդ պատկերումները ազդեցություն են կրում Մելորիի գրվածքից։ Ալֆրեդ Թեննիսոնը Մելորիից հատվածներ է մշակել, որպեսզի իր «Idylls of the King» բանաստեղծությունների շարքում Գավեյնին ներկայացնի որպես աշխարհիկ ու անհավատ ասպետ[14][15][16]։ Նմանապես, Տերենս Հենբերի Ուայթի «Անցյալի ու ապագայի արքան» վեպը հիմնված է Մելորիի վրա, բայց Գավեյնին ներկայացնում է ավելի բռի, քան Մելորիի ողբերգական պատկերումը[17]։ Ի հակադրություն, Թոմաս Բերգերի «Արթուր արքա»-ն ներկայացնում է Գավեյնին որպես բաց մտածող ու ինքնավերլուծող իր թերությունների հանդեպ, ինչը նրան դարձնում է Կլոր սեղանի ամենահզոր ասպետը[18]։ Վերա Չապմանի «Կանաչ ասպետ»-ն ու Էնն Քրոմփթոնի «Գավեյնն ու լեդի Գրինը» առաջարկում են «Սըր Գավեյնն ու Կանաչ ասպետը» պատմության ժամանակակից մեկնաբանությունները[19]։ Գվալչմեյը Ջիլիան Բրադշոուի «Մայիսյան բազե» դաստիարակչական վեպի գլխավոր հերոսն է[20], իսկ մեծահասակ Գավեյնը՝ Կաձուո Իսիգուրոյի «Հուղարկավորված հսկան» վեպի գլխավոր հերոսներից մեկը[21]։

Գավեյնը հանդիպում է նաև ֆիլմերում, ինչպիսին են՝ «Կլոր սեղանի ասպետները» (1953, Ռոբերտ Ուրգուհարթի դերակատարմամբ), «Էքսկալիբուր»-ը (1981, Լիամ Նիսոնի դերակատարմամբ)[22], 1954 թվականին նկարահանված «Արքայազն Վելիանտը»[23], 1963 թվականին նկարահանված «Լանսելոթի թուրը» (Ջորջ Բեյքերի դերակատարմամբ)[24], 1973 թվականին նկարահանված «Գավեյնն ու կանաչ ասպետը» (Մյուրեյ Հեդի դերակատարմամբ), 1984 թվականին նկարահանված «Վալիանտի թուրը» (Մայլզ Օ՛Կիֆֆիի դերակատարմամբ)[25], «Գավեյնն ու կանաչ ասպետը» ֆիլմի 1991 թվականի հեռուստատարբերակն ավելի ճշգրիտ էր ու լավ ընդունելության արժանացած[26], 1995 թվականին նկարահանված «Առաջին ասպետը», 1997 թվականին նկարահանված «Արքայազն Վելիանտը», 1998 թվականին նկարահանված «Մերլինը», 2001 թվականին նկարահանված «Էվալոնի մշուշները», 2008 թվականին նկարահանված «Արթուր արքան»։

Գավեյնին նվիրվել են մի շարք բեմադրություններ ու օպերաներ, որոնց մեջ ամենանշանավորը 1991 թվականին բեմադրված «Գավեյն» օպերան է[27]։ Կերպարը հանդիպում է նաև վիդեոխաղերում, ինչպիսին է Chronicles of the Sword խաղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Oxford Companion to German Literature / H. B. Garland, M. Garland — 2005. — ISBN 978-0-19-172741-2doi:10.1093/ACREF/9780198158967.001.0001
  2. Bromwich, p. 369.
  3. 3,0 3,1 3,2 Bromwich, p. 367.
  4. Barber, Chris; Pykitt, David (1997). Journey to Avalon: The Final Discovery of King Arthur (անգլերեն). Weiser Books. ISBN 978-1609251468.
  5. The Giants of Wales and Their Dwellings by Sion Dafydd Rhys (Peniarth MS 118 f.829–837, ca. 1600].
  6. Whiting, p. 218.
  7. Day, Mildred Leake (1994), «The Rise of Gawain, Nephew of Arthur», in Wilhelm, James J. (ed.), The Romance of Arthur, New York: Garland, էջեր 365–66
  8. Hall, p. 3.
  9. Weston, p. 45
  10. Lupack, p. 314
  11. Weston, p. 52
  12. Harper, p. 2.
  13. «Maid Avoraine | Robbins Library Digital Projects». d.lib.rochester.edu. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  14. Taylor & Brewer, pp. 107–08.
  15. George P. Landow (2004 թ․ նոյեմբերի 30). «Faithless Gawain». victorianweb.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. Whiting, pp. 193–94
  17. Blanch & Wasserman, pp. 186–87.
  18. Dentzien, pp. 219–21.
  19. Mediavilla, pp. 65–67.
  20. Mediavilla, pp. 64–65.
  21. Kakutani, Michiko (2015 թ․ փետրվարի 23). «Review: In 'The Buried Giant,' Ishiguro Revisits Memory and Denial». The New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  22. Blanch & Wasserman, p. 185.
  23. Blanch & Wasserman, pp. 187–88.
  24. Williams, p. 386.
  25. Blanch & Wasserman, pp. 190–91
  26. Blanch & Wasserman, pp. 191–93.
  27. Windeatt, pp. 373–83.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավեյն» հոդվածին։